Սրտաբանության գիտահետազոտական ինստիտուտում արդեն 25 տարի է ինչ էլեկտրո-կարդիո-խթանիչներեն ներերակային եղանակով  տեղադրում։ Այսօր հենց այս առթիվ ինստիտուտում հավաքվել էին անվանի բժիշկներ, այդ թվում՝ հայտնի սրտաբաններ, ովքեր երկար տարիներ իրականացնում են սրտի բազմաթիվ բարդ վիրահատություններ և տեսական լուրջ  հետազոտություններ։

Ինստիտուտի տնօրեն, Երևան քաղաքի գլխավոր սրտաբան Պարունակ Զելվեյանը, մեր հետ զրույցում խոսելով միջոցառումից, շեշտեց, որ հաստատությունը եղել է Հայաստանում սրտաբանական ծառայության հիմնադիր կառույցը։ Դոկտոր, պրոֆեսորը նշեց, որ ինստիտուտը թե՛ նախկինում և թե՛ հիմա գիտահետազոտական ինստիտուտ է, որի գործառույթները ոչ միայն բժշկական ծառայության մատուցումն է, այլ նաևգիտահետազոտական աշխատանքների իրականացումն է։

«Ֆինանսական դժվարություններից և երկար տարիներ նշանակալի ներդրումների բացակայության պատճառով` ինստիտուտը որոշակի ձևով կլինիկական դաշտում զիջել է իր դիրքերը, սակայն մասնագիտական դաշտում շարունակում է մեծ համբավ ունենալ, իսկ գիտահետազոտական դաշտում միշտ եղել է առաջատար»,- փաստում է գլխավոր սրտաբանը։
 

Մինչ այժմ էլ ինստիտուտի աշխատակիցների գերակշիռ մասը մասնակցում են գիտական թեմաների մշակմանը, այդ թվում նաև միջազգային, որոնց արդյունքները ներկայացվում են բազմաթիվ միջազգային գիտաժողովներին և տպագրվում հեղինակավոր ամսագրերում։
Ավարտելով խոսքը՝ Պ. Զելվեյանը շնորհակալություն հայտնեց ինստիտուտի աշխատակիցներին և շեշտեց, որ այսօրվա միջոցառումը կրկին փաստում է կառույցի մեծ ամբիցիաներ ունենալը։ Նա վստահություն հայտնեց, որ մոտակա տարիներին «Լևոն Հովհաննիսյանի անվան Սրտաբանության գիտահետազոտական ինստիտուտը» իր բարի համբավը կբազմապատկի։

Սրտաբանության գիտահետազոտական ինստիտուտը ստեղծվել է 1961թ.-ին՝ դառնալով ԽՍՀՄ տարածքում առաջին երեքից մեկը։ Ստեղծման օրից հաստատության մասնագետները կատարել են սրտաբանության կարևորագույն թերապևտիկական, վիրաբուժական, տեսական հետազոտություններ։ Գիտագործնական ծավալուն աշխատանքներից զատ ինստիտուտը մեծ գործ է կատարում մասնագետներ պատրաստելու, որակավորելու բնագավառում։

Կառույցի պատմությանը անդրադաձավ նաև Ինտերվեցիոն սրտաբանության և կլինիկական էլեկտրաֆիզիոլոգիայի բաժանմունքի ղեկավար Աշոտ Նիկոլայի Հովհաննիսյանը, ով  նշեց, որ դեռ խորհրդային տարիներին ինստիտուը կիրառում էր այդ ժամանակ արդի բոլոր մեթոդները։

Նա նաև հիշեցրեց, որ ինստիտուտ են այցելել  բազմաթիվ համաշխարհային դեմքեր՝ իր խոսքում առանձնացնելով արգենտինացի վիրաբույժ Ռենե Ֆավալորոն, ով աշխարհում առաջինն է կատարել է սրտի շունտավորում: Արգենտինացի սրտաբանը 1967թ.-ի մայիսին Քլիվլենդի կլինիկայում, սրտի իշեմիկ հիվանդության վիրաբուժական բուժման-շունտավորման վիրահատության նկատմամբ հասել է ֆիզիոլոգիական մոտեցման։ Նա նոր տեխնիկա օգտագործեց սաֆենային երակը որպես աուտոտրանսպլանտատ՝ փոխարինելով աջ կորոնար զարկերակի ստենոզված հատվածը։ Ավելի ուշ նա օգտագործեց սաֆենային երակը որպես շունտային խողովակ, որն էլ դարձավ շունտավորման տեխնիկա, որը առավել հայտնի է բժշկության մեջ։

Աշոտ Հովհաննիսյանը շեշտեց, որ ինստիտուտի ակտիվ գործունեությանը չի խանգարել անգամ 1988 թ երկրաշարժը։ Ստեղծված ծանր իրավիճակում անգամ բժիշկները գրանցում էին մասնագիտական վերելք, իսկ արդեն 1990-ականներից նրանք սկսեցին վերապատրաստվել այլ երկրներում։

Ինքը՝ բժիշկ Հովհաննիսյանը, առաջինն է, ով 1996թ.-ին  ԱՄՆ-ում վերապատրաստվելուց հետո Սրտաբանության ինստիտում կիրառել է նոր տեսակի կարդիոսիմուլյատոր երակների միջոցով (չնայած դեռ 1978թ-ից սկսած ինստիտուտում  կատարվել է նման վիրահատություն, սակայն բաց եղանակով)։

    

Կարդիոստիմուլյատորը իրենից ներկայացնում է սարք, որի մեջ գտնվում է անհրաժեշտ էլեկտրոնիկան, և մարտկոցը, որը ծառայում է 10 տարի և ավել։ Վիրահատության ժամանակ հաղորդալարերը անցկացվում են արյունատար անոթների միջով ընհուպ մինչև սիրտ՝ ավելի կոնկրետ նախասիրտ և փորոք։ Անհրաժեշտության դեպքում, կարդոստիմուլյատորը ուղարկում է էլեկտրական իմպուլսներ՝ որոնք գրգռում են միոկարդը, կարդիոսիմուլյատորը փոխարինում է սինուսային հանգույցին և սրտի հաղորդականության ֆունկցիային։ Այսպիսով, ծրագրավորված սարքի տեղադրումը, թույլ է տալիս վերադարձնել՝ առիթմիայով տառապող հիվանդին, նորմալ սրտամկանի կծկումների ռիթմը։

Ինստիտուտում կիրառվող սարքերը գնալով կատարելագործվել են, դառնալով երկխոռոչանի. 2000-ականներից արդեն կյանքի համար վտանգավոր առիթմիաների դեպքում կիրառվում են կարդիովեկտեր դեֆիբրիլիատորներ, որը լիարժեքորեն վերականգնում է սրտի աշխատանքը և այդպիսով փրկում է մարդու կյանքը։

2011թ հուլիսի 7-ին Սրտաբանության ազգային ինստիտուոտւմ առաջին անգամ տեղադրվել է ռեսինխրոնիզացնող սարքը, որն ավելի արդյունավետ է և օգնում է բուժել սրտային անբավարարությունը։

Ավելի քան 10 տարի է ինչ ինտիտուտում կատարվում է ռադիոհաճախային աբլիացիան. դա տարբեր տեսակ վերփորոքային պարոքսիզմալ տախիկարդիաների բուժման եղանակ է, որի ընթացքում կատետորների միջոցով անցնում են սրտի ներս, գտնում առիթմիայի պատճառը, կատարում  դիագնոստիկա և վերջում այրում, վերացնելով առիթմիայի պատճառը/օջախը։ Սա այն մեթոդներից է, որը հնարավորություն է տալիս շատ կարճ ժամանակահատվածում վերադառնալ բնականոն կյանքի։

Անդրանդանալով վերջինիս՝ Աշոտ Հովհաննիսյանը նշում է, որ ռադիոհաճախային աբլիացիան կատարվել է ի շնորհիվ իրենց դանիացի և գերմանացի կոլեգաների, ովքեր նվիրաբերել են  թանկարժեք սարքավորումներ։ Բժիշկը, կարևորելով նրանց աշխատանքը, ասաց, որ առանց նրանց հետ համատեղ աշխատանքի անհնար կլիներ իրականացնել վիրահատություններ և ինստիտուտում տարիներ շարունակ մարդկանց նոր կյանք նվիրել։

Ամբողջ աշխարհում, այդ թվում` Հայաստանում սրտանոթային հիվանդությունները շարունակում են մնալ հիվանդության, մահացության և հաշմանդամության հիմնական պատճառը ամբողջ աշխարում, այդ թվում՝ Հայաստանում։ Ուստի Սրտաբանության ինստիտուտի արդիականացման կարևորությունը շարունակում է մնալ հիմնական հարցերից մեկը։ Տարիներ շարունակ այս գործին են լծված բազմաթիվ առաջամարտիկներ։

Աշոտ Հովհաննիսյանը հանդիպումը ավարտեց շնորհակալություն հայտնելով հենց այն մարդկանց, ովքեր ջանք չեն խնայել իրենց մասնագիտական գիտելիքն ու փորձը ներդնել այս ոլորտում։