Թթվածնային քաղցը կարող է տարբեր խնդիրների առաջացման պատճառ հանդիսանալ: Արյան՝ թթվածնով հագեցվածության նվազումը, իր հերթին հանգեցնում է օրգանների վատ սնուցման: Քթային վատ շնչառությունն այն տարածված պատճառներից է, ինչի արդյունքում առաջանում են մի շարք հիվանդություններ: Doctors.am-ը «Օտորինոլարինգոլոգիական շաբաթ» հանրային իրազեկման ծրագրի շրջանակում քթային դժվարաշնչության մասին զրուցեց «Արմենիա» ՀԲԿ-ի օտորինոլարինգոլոգ (ԼՕՌ) Արման Հովհաննիսյանի հետ:

-Բժիշկ Հովհաննիսյան, ի՞նչ խնդիրներ կարող են առաջանալ քթային շնչառության խանգարումների դեպքում: Ինչու՞ է պարտադիր քթով շնչելը:

-Քթային ճիշտ շնչառությունը կարևոր է այնքանով, որ քիթը կատարում է մի շարք կարևոր ֆունկցիաներ: Այն խոնավեցնում, տաքացնում, վնասազերծում է  արտաքին միջավայրից ներթափանցած օդը, հետո ուղարկում ստորին շնչուղիներ: Բերանային  շնչառության ժամանակ  օդն առանց տաքանալու, խոնավանալու և վնասազերծվելու միանգամից անցնում է ստորին շնչուղիներ, ինչը բորբոքային և ալերգիկ հիվանդությունների առաջացման պատճառ է հանդիսանում:
Բացի այդ, քթային դժվարաշնչության արդյունքում առաջացած թթվածնային քաղցը պատճառ է հանդիսանում գլխացավերի, գլխապտույտների, հոգնածության ու թուլության զգացողության, աշխատունակության անկման, հիշողության վատթարացման, մանկական տարիքում աճի և զարգացման հապաղման և այլնի համար:

-Ո՞ր խնդիրները կարող են պատճառ հանդիսանալ սխալ շնչելու կամ քթային դժվրաշնչության համար:

-Քթային դժվարաշնչության ամենատարծված պատճառներից է քթի միջնապատի թեքությունը, որը կարող է առաջանալ դիմային կմախքի զարգացման ժամանակ կամ այլ գործոնների ազդեցությամբ՝ վնասվածքներ և այլն: Դժվարաշնչություն կարող է առաջանալ նաև քթային պոլիպների առկայության, քրոնիկ հիպերտրոֆիկ, ալերգիկ ռինիտների դեպքում, մանկական տարիքում ադենոիդային հյուսվածքի գերաճի, հազվադեպ բարորակ և չարորակ նորագոյացությունների առկայության դեպքում:

-Ինչպիսի՞ հետազոտություններ են կատարվում խնդիրն ախտորոշելու համար:

-Խնդիրներն ախտորոշելիս հաշվի ենք առնում հիվանդի գանգատները, ռինոսկոպիայի ու քթի խոռոչի էնդոսկոպիայի տվյալները: Անհարժեշտության դեպքում նշանակվում է ռենտգեն, ԿՏ կան ՄՌՏ հետազոտություն և այլն:

-Դժվարաշնչության դեպքում բուժման ինչպիսի՞ եղանակներ գոյություն ունեն:

-Կախված քթային դժվարաշնչության պատճառ հանդիսացող խնդրից ու դրա բարդության աստիճանից՝ ընտրվում է բուժման եղանակը՝ կոնսերվատիվ բուժում կամ վիրաբուժական միջամտություն: Կոնսերվատիվ բուժման մեջ ներառում ենք դեղորայքային (տեղային և ընդհանուր) ու ֆիզիոթերապևտիկ եղանակները:

-Քթային դժվարաշնչությունը կարո՞ղ է խռմփոցի պատճառ հանդիսանալ:

-Եթե դժվարաշնչությունը երկարատև ընթացք է ունենում, բերանային շնչառության արդյունքում  բերանըմպանում նույնպես առաջանում են փոփոխություններ` լորձաթաղանթի հիպերտրոֆիա, գրգռվածութուն, փափուկ քիմքի կախվածություն՝ մկանների թուլացման պատճառով, ինչի արդյունքում առաջանում է խռմփոց: Առավել հաճախ խռմփոցի պատճառ են հանդիսանում ավելորդ քաշն ու ճարպակալումը, դիմածնոտային ապարատի անկանոնությունները, հիպոթիրեոզն ու մի շարք պաթոլոգիաներ:

-Վերը նշված խնդիրների բացակայության դեպքում՝ կարո՞ղ են դժվարաշնչություն  ախտանշաններ լինել: Ի՞նչ խորհուրդ կտաք այն մարդկանց, ովքեր ունեն քթային դժվարաշնչություն:

-Կան հիվանդներ, որոնք չունեն  շնչառությունը խանգարող որևէ պատճառ, սակայն գանգատվում են վատ շնչառությունից: Դրանք են քթի լայնածավալ վիրահատություններ կրած`օրինակ խեցիները ամբողջությամբ հեռացրած պացիենտները: Դրա պատճառն այն է, որ մեծ քանակությամբ օդի ոչ ճիշտ հոսքն առաջացնում է օդի անբավարարության զգացում: Օտորինոլարինգոլոգների շրջանում այս երևույթը հայտնի է որպես դատարկ քթի ֆենոմեն: Երբեմն դժվարաշնչությունից կարող են գանգատվել նեյրոցիրկուլյատոր դիստոմիա և այլ նյարդաբանական խնդիրներ ունեցող մարդիկ, թեև քթային շնչառությունը խանգարող որևէ օրգանական պատճառ չկա: Քթային դժվարաշնչության դեպքում խորհուրդ եմ տալիս առաջին հերթին դիմել բժշկի, չզբաղվել  ինքնաբուժմամբ` խնդիրները ժամանակին հայտնաբերելու և ճիշտ բուժում ստանալու համար:


Հեղինակ՝ Մարգարիտա Մխիթարյան
Աղբյուր՝ Doctors.am
27 փետրվար, 2018