Ատամների պրոթեզավորման հնարավոր խնդիրների և պրոթեզների ճիշտ խնամքի կանոններն է ներկայացնում Wigmore Clinic-ի ստոմատոլոգ-օրթոպեդ Գուրգեն Պողոսյանը:

Երբ ատամ ունենալու միակ հնարավորությունը լինում է պրոթեզը, սրտնեղել պետք չէ, միայն թե հիշեք՝ ինչ խնդիրներ կարող են առաջացնել պրոթեզները և փորձեք խուսափել դրանցից:

Առաջին խնդիրը պրոթեզների շարժունակությունն է, որի պատճառով ոսկրային ատրոֆիաներն ավելի արագ են տեղի ունենում:

Երկրորդ խնդիրը թույլ ֆիքսացիան կամ ֆիքսացիայի բացակայությունն է: 

Ճիշտ պատրաստման արդյունքում պրոթեզը կարող է առավելագույն էֆեկտիվություն ապահովել, բայց եթե պրոթեզավորման դաշտում կան ֆիքսման հետ կապված բացեր, այդ բացը կոմպենսացվում են այտերի և լեզվի մկանների ֆիքսացիայով:

Երրորդ խնդիրը ծնոտների կենտրոնական փոխհարաբերության սխալ որոշումն է, որն էլ գալիս է հին պրոթեզավորման եղանակից կամ ոչ գրագետ կատարված աշխատանքի արդյունքում:

Սխալ պրոթեզավորումը կարող է ազդել արտաքին տեսքի վրա և կնճիռների առաջացման պատճառ դառնալ:

Հաճախ պացիենտները պրոթեզավորումից հետո կորցնում են դիմագծերի մեծ մասը: Ինչո՞ւ, որովհետև ֆրոնտալ հատվածի ատամները պատասխանատու են շրթունքների դիրքի համար, իսկ սխալ պրոթեզավորման արդյունքում կարող են կորցնել շրթունքների դիրքը, հետևապես՝ կփոխվի նաև արտաքին տեսքը:

Տիրապետելով ճիշտ եղանականերին և հաշվի առնելով նշված գործոնները, կարելի է ստանալ պրոթեզներ, որոնք մաքսիմալ էսթետիկ կլինեն և ֆունկցիոնալ առումով ճիշտ կաշխատեն՝ բարելավելով պացիենտների կյանքն ու չվնասելով արտաքին տեսքը:

Ինչպես խնամել պրոթեզները

Պրոթեզների խնամքը բերանի խոռոչի մաքրության և, հետևաբար, պրոթեզի հարմարավետության ամենակարևոր նախապայմանն է:

Պրոթեզների խնաքմի համար հաճախ օգտագործում են հատուկ հաբեր, որոնք նախատեսված են պրոթեզների մաքրման համար: Պրոթեզները հարկավոր է տեղադրել հաբերի ակտիվ փուլում, երբ հաբերն արտադրում են թթվածին: Այս միջոցն օգնում է պրոթեզների ախտահանմանն ու անցքերից սննդի մնացորդների դուրս գալուն: 

Հաբերն օգտագործվում են ըստ բժշկի ցուցումի. օրը մեկ անգամը բավական է: Եթե չեք օգտագործում մաքրող հաբերը, ապա պրոթեզները կարելի է ցայել կամ փափուկ խոզանակով ջրի տակ լվանալ՝ առանց որևէ նյութի օգտագործման:

Շատ կարևոր է նաև պրոթեզների լվացումը սնունդ ընդունելուց հետո: Ինչո՞ւ, որովհետև կան պրոթեզներ, որոնց արանքում կարող է հավաքվել սնունդ ու տհաճ հոտի կամ համի պատճառ դառնալ: Այս ամենից խուսափելու համար հարկավոր է լվանալ պրոթեզները սնունդ ընդունելուց հետո:
 


Աղբյուրը՝ Doctors.am