Ամանորը մեզանում ավանդաբար ասոցացվում է ճոխ սեղանների հետ, որոնք ուտեստների առատությամբ եւ բազմազանությամբ անտարբեր չեն թողնում ոչ ոքի: Սակայն կարեւոր է, որ տոնական՝ ոչ այնքան օգտակար ուտեստների գայթակղությանը դիմանան հատկապես հղի կանայք:

Անգամ եթե Ձեր հղիությունը հրաշալի է ընթանում, միեւնույն է, պետք է սննդակարգից բացառել ամանորյա սեղանի որոշ ուտեստներ, հատկապես եթե դրանք Դուք չեք պատրաստել: Օրինակ՝ բոլորի կողմից այդքան սիրելի «Մայրաքաղաքային» աղցանը կամ «Օլիվյեն» շատ դժվարամարս է եւ ոչ այնքան օգտակար՝ խաշած կարտոֆիլ, պահածոյացված ոլոռ, վարունգ եւ երշիկ՝ առատ համեմված մայոնեզով:

Պետք է խուսափել նաեւ յուղոտ ուտեստներից, երշիկեղենից, ցիտրուսային մրգերից, քանի որ վերջինները հղիության ընթացքում կարող են սննդային ալերգիաներ առաջացնել:
Նախապատվությունը պետք է տալ բնական ծագմամբ օգտակար սննդին, քանի որ դրանք ավելի լավ են յուրացվում օրգանիզմի կողմից, հազվադեպ են ալերգիկ ռեակցիաներ կամ մարսողական խնդիրներ առաջացնում եւ, ամենակարեւորը, պարունակում են նյութեր, որոնք անհրաժեշտ են աճող օրգանիզմի համար:

Օրվա ընթացքում ամենաքիչը չորս անգամ է պետք սնվել եւ փոքր չափաբաժիններով: Պետք է ընտրել թեթեւ ուտեստներ՝ շիլաներ, բանջարեղենային աղցաններ, ոչ քաղցր մրգեր: Նույն «Օլիվյեն» կարելի է պատրաստել առանց մայոնեզի, իսկ երշիկի փոխարեն հավի կամ տավարի միս կտրատել: Ավանդական խոզի բուդը նույնպես ցանկալի չէ եւ կարելի է փոխարինել հնդկահավով:

Ինչ վերաբերվում է աղանդերին, ապա ապագա մայրիկները պետք է իրենց սննդակարգից հանեն տորթերն ու խմորեղենը: Չգիրանալու համար պետք է բացառել հասարակ ածխաջրերի (շաքար) եւ ճարպի համադրությունը, որն առկա է տորթերում, քանի որ ածխաջրերը խթանում են ինսուլինի արտադրությունը, որը նպաստում է օրգանիզմում ճարպերի ակտիվ կուտակմանը: Խմորեղենը կարելի է փոխարինել մրգային ժելե-տորթերով, հատապտղային մուսով, սմուզիներով, կաթնաշոռային պուդինգով եւ այլն: Շոկոլադից եւս պետք է խուսափել, քանի որ այն կալորիական է եւ ալերգածին:

Ամանորին դժվար է դիմակայել նաեւ խմիչքի գայթակղությանը: Էլ ի՞նչ կենաց ու շնորհավորանք՝ առանց ալկոհոլի, սակայն հատկապես հղիներին խորհուրդ չի տրվում ալկոհոլ օգտագործել, եւ սա չի կարելի խախտել անգամ Ամանորի գիշերը:

Պետք չէ չարաշահել գազավորված հյութերը, կոմպոտները, իբրեւ թե բնական հյութերը: Բնական հյութ եք ուզո՞ւմ: Ստիպված եք ինքներդ պատրաստել: Սուրճը եւ թեյը եւս ցանկալի չէ, այդ թվում՝ կանաչ թեյ, քանի որ կոֆեինի եւ տանինի բարձր կոնցենտրացիայի պատճառով դրանք կարող են վատ անդրադառնալ ինչպես մոր, այնպես էլ պտղի վրա, քանի որ գրգռում են կենտրոնական նյարդային համակարգը, արագացնում սրտի զարկերն ու նպաստում անքնության առաջացմանը:


Աղբյուրը՝  Doctors.am