Պոդիատրիան բժշկության նոր ուղղություն է, որը սկսել է զարգանալ 70-ական թթ.-ին: Այն ուսումնասրիում է ոտնաթաթի և քայլքի շարժման կենսամեխանիկան, մանրամասն վերլուծում է ոտնաթաթի ֆունկցիոնալ առանձնահատկությունները, բացատրում է քայլքի տարբեր ձևերը, ուսումնասիրում է ոտնաթաթի դիրքը կոշիկներում, ոտնաթաթի դեֆորմացիաների զարգացման մինչկլինական ողջ շարքը:
Ոտնաթաթը կազմում է հենաշարժիչ համակարգի կարևորագույն հատվածը: Նրա հիմնական ֆունկցիաներն են.
-մարմնի հարմարվելը քայլող մակերեսին` ապահովելով հավասարակշռությունը
-մարմինի տեղաշարժը առաջ, հետ և կողք
-քայլքի ժամանակ առաջացող հարվածների և ծանրաբեռնվածության մեծ մասի մարումը, այսինքն ամորտիզացիայի ապահովումը:
Ժամանակակից տեխնոլոգիաները հնարավորություն տվեցին պարզել քայլքի կենսամեխանիկայի խախտման պատճառները, ճշգրիտ վերլուծել ոտնաթաթի ստատիկ և դինամիկ շարժումները, որոշել մարմնի կշռի բաշխումը ոտնաթաթում: Ոտնաթաթի հիվանդությունների հիմնական պատճառը պրոնացիայի խախտումն է, որն ի հայտ է գալիս, երբ քալքի ժամանակ թաթի թեքվածությունը դեպի ներս աստիճանաբար ավելանում է: Ոտնաթաթի կենսամեխանիկայի խախտումն առաջացնում է մարմնի քաշի սխալ վերաբաշխում, ինչը հանգեցնում է հիվանդությունների զարգացմանը (հարթաթաթություն, ոսկրային դեֆորմացիաներ, մաշկային կոշտուկների առաջացում, կրնկի ոսկրային գերաճ, կոճ և այլն): Ոտնաթաթի նորմալ ֆունկցիոնալությունը ապահովելու համար կարևոր նշանակություն ունեն կոշիկները, որոնց առավել հարմարավետությունը պայմանվորվում է համապատասխան ներդիրների (օրթեզների) ընտրությամբ: Այդ իսկ պատճառով պոդիատրիան համարվում է նաև գիտություն կոշիկի մասին:
Պոդիատրիայի գլխավոր նպատակներից է քալլքի ցիկլի ճիշտ վերլուծությունը և համապատասխան օրթեզների պատրաստումը: Ժամանակակից պոդիատրիկ լաբորատորիաներում օրթեզները պատրաստվում են համակարգչային ծրագրի կողմից վերլուծված քայլքի ցիկլի թվային ցուցանիշների հիման վրա: Նման օրթեզները ավելի գերադասելի են, քան ստատիկ չափումների հիման վրա պատրաստված օրթեզները: Անհատական օրթեզը ոտնաթաթի կենսամեխանիկայի ուղղման և նրա ֆունկցիաների օպտիմալացման համար միակ միջոցն է:
Անհատական օրթեզները ոչ միայն կանխարգելում են հենա-շարժիչ համակարգի հիվանդությունների զարգացումը, այլ նաև օգնում են լուծել առկա խնդիրները: Օրթեզներն անհրաժեշտ է կրել, եթե կա.
-հարթաթաթության տարբեր աստիճաններ և տեսակներ,
-կրնկի ոսկրային գերաճ, պոդագրա,
-ստորին վերջույթների հոդաբորբեր ու դեֆորմացիաներ ,
-երակների վարիկոզ լայնացում,
-ողնաշարային տարբեր դեֆորմացիաներ, հարկադրական ձևավորված քայլք,
-դիաբետիկ թաթ ,
-ստորին վերջույթների երկարությունների միջև առկա տարբերության դեպքում
-ստատիկ ծանրաբեռնված աշխատանք, հղիություն , գիրություն և այլն:
Պոդիատոր`Հասմիկ Աղուզումցյան