Doctors.am-ի հյուրասրահը հյուրընկալել է  կլինիկական հոգեբան`  պարոն Միհրդատ Մադաթյանը           


Թեմա -   Հաջողության հասնելը "բախտի" խնդիր է, թե արվեստ


Պարոն Մադաթյան, հաճախ մարդիկ իրենց կյանքի այս կամ այն փուլի որևէ իրադարձություն կապում են ճակատագրի հետ՝ բացառելով  իրենց դերն այդտեղ:
Ի՞նչ եք կարծում, ճի՞շտ է արդյոք նետելը ֆատալիստական հայացք սեփական կյանքի ընթացքի վրա:


Բախտ կամ ճակատագիր ասածը, իր խոսքի այն իմաստով, ինչպես ընկալում է լայն հասարակությունը՝ այսինքն որպես պոզիտիվ ընկալված իրադարձություն, ինչը առաջանում է պատահական, անկանխատեսելի կամ հաշվի չառնված հանգամանքների բերման արդյունքում (այսպես է մեկնաբանվում հանրագիտարաններում), ինձ համար մի անհասկանալի հասկացություն է: Իմ խորը համոզմունքը կայանում է նրանում, որ մարդը ինքն է կերտում իր հաջողությունը: Ի միջի այլոց՝ անհաջողությունները նույնպես:

Որպես հոգեբան ի՞նչ եք կարծում, ո՞րն է մարդու հաջողակ լինելու գրավականը:

Մարդու հաջողակ լինելու գրավականը ,առաջին հերթին, իր պոզիտիվ մտածելակերպն է, սեփական անձի նկատմամբ հավատը, ճիշտ նպատակներ դնելը և այդ նպատակների օգտավետ ձևակերպումը, խնդրի պայմանները օբյեկտիվ և հստակ հասկանալը և ըստ այդ պայմանների լուծման ընթացքի ակտիվ ձևակերպումը: Վերջին հաշվով կամայական մարդ կարող է հասնել կամայական՝ մարդու համար հասանելի բանի, ուղղակի երբեմն ցանկությունն է քիչ լինում, երբեմն այդ ցանկությունը լինում է իր կոնտեքստի մեջ չորոշված, իսկ երբեմն էլ խանգարում է նորին մեծություն ԱԼԱՐԿՈՏՈւԹՅՈւՆԸ:

Այսինքն, Դուք պնդում եք, որ ցանկացած մարդ կարող է հասնել հաջողությա՞ն:

Իհարկե, ուղղակի սովորաբար մենք լուրջ չենք վերաբերվում մեր ցանկություններին, դրանք ճիշտ չենք ձևակերպում, երբեմն նույնիսկ ,արտահայտելով մեր ցանկությունները, չենք էլ կարողանում պատկերացնել այդ ցանկություններն իրենց արդեն իրականացած վիճակի մեջ: Պետք է կարողանալ ճիշտ գերակայություններ դնել կյանքում և այլն:

Հնարավո՞ր է արդյոք դրան հասնել ինքնուրույն, առանց կողմնակի (հոգեբանի) միջամտության:

Գիտեք ինչպես, կողմնակի միջամտությունը այստեղ պարտադիր պայման չէ: Երևի թե չեք կարծում, որ այսօրվա բոլոր հաջողակ մարդիկ հոգեբանի օգնությամբ են հասել իրենց որոշակի երազանքների իրականացմանը: Ես ճանաչում եմ միջնակարգ կրթություն ունեցող շատ հաջողակ մարդկանց, որոնց իմացական հնարավորությունները թերևս շատ զիջում են ցանկացած քիչ թե շատ կրթված մարդու իմացական հնարավորություններին: Սակայն եթե մարդը զգում է իր մեջ նման խնդիր, կամ համարում է իրեն անհաջողակ, անկարող և սկսում է իր անհաջողությունը արդարացնել այնպիսի անիմաստ արտահայտություններով, ինչպիսիք են՝ ճակատագիրը և այլն, ապա այս դեպքում ,իհարկե, առանց հոգեբանի միջամտության գործը գլուխ չի գա:


Գոյություն ունի արդյոք հաջողության նկատմամբ վախ, ինչը կարող է ծնունդ տալ որոշակի պասիվ կամ խուսափողական վարքագծի:

Հաճախ մեզ խանգարում է անհաջողությունների նկատմամբ ունեցած վախը: Եվ վերջապես այստեղ էականը վախը չէ, այլ կյանքի նկատմամբ ունեցած մոտեցումը, կյանքի և աշխարհի ընկալման սահմանափակությունը, անցյալի իրադարձությունների հուզական հիշողությունները, "աղետալի" սպասումները և ակնկալիքները, ինչը և ստիպում է մարդուն մնալ անհաջողակ:

Արժե՞ արդյոք երեխաներին վաղ մանկությունից սովորեցնել հաջողության հասնելու տեխնիկան , թե մարդը սկսում է տիրապետել ավելի հասուն տարիքում՝ որոշակի կենսափորձ ձեռք բերելուց հետո:

"Սովորեցնել" բառն այս կոնտեքստի մեջ ինձ այնքան էլ դուր չի գալիս, ես կասեի գոնե "ուսուցանել": Երեխաներին պետք է մեծացնել՝ հաշվի առնելով, որ ծնված օրվանից նրանց ասված կամայական բառ և վերաբերմունք, ծնողի ցույց տված օրինակ կամ նրանց նկատմամբ շրջապատի արտահայտած հույզ լուրջ ազդեցություն են ունենալու նրա հետագա ճակատագրի վրա: Երբ մանուկ տարիքում դստերը սիրելուց ասում ենք "մոխրոտիկս" և նման այլ բաներ, մենք ծրագրավորում ենք այդ երեխային: Երբ հաճախ ասում ենք՝ "քեզ մոտ չի ստացվի և այլ նման նեգատիվ բաներ, դրանով մենք նախապես նրան ծրագրավորում ենք անհաջողակության: Մարդը իր դաստիարակությունը ստանում է իր ծննդյան օրվանից սկսած՝ առ իր մահվան օրը, այնպես որ, ինչքան շուտ, այնքան լավ:

ՆԼԾ-ն համարվում է հաջողության հասնելու հիմնական բանալիներից մեկը: Ձեր թրեյնինգների ժամանակ ինչի՞ց եք սկսելու առաջին դասերը:

ՆԼԾ-ն հոգեբանության էյդետիկ ուղղություն է, որը ստեղծվել է բազմաթիվ, ես կասեի նույնիսկ, հոգեբանության բոլոր ուղղություններից ծաղկաքաղի միջոցով: Այո, այսօր ՆԼԾ տեխնոլոգիաները իրոք հաջողության հասնելու ամենապարզեցված գրավականն են դարձել ամբողջ աշխարհում: Իրականում, ՆԼԾ-ն ավելի շատ տալիս է նոր մոտեցում այն հին բաներին, որոնց հետ մենք ծանոթ ենք, և հաճախ դառնում է ապրելակերպ կամ աշխարհընկալում: Այսօր ՆԼԾ-ն լայնորեն կիրառվում է քաղաքական տեխնոլոգիաների, մարքեթինգի, մենեջմենթի, լրատվության և շատ այլ բնագավառներում:

Կարո՞ղ ենք ակնկալել, որ մեր ընթերցողներին կտրամադրվեն ՆԼԾ-ի մասին թեկուզ հակիրճ դասախոսություններ:

Դասախոսություններ խոսք չեմ տալիս, սակայն ՆԼԾ-ի մասին ընդհանուր պատկերացում ունենալու համար մեկ հակիրճ հոդված անպայման կտրամադրեմ: Կփորձեմ հոդվածը ձևակերպել այնպես, որ մաքսիմալ հասկանալի և հասանելի լեզվով ամբողջական պատկերացում ստեղծի ընթերցողի մոտ ՆԼԾ-ի մասին:


Շնորհակալություն հետաքրքիր հարցազրույցի համար:  



ԿԱՊ ՀԱՍՏԱՏԱԵԼ ԲԺՇԿԻ ՀԵՏ


Կարդալ այլ հարցազրույցներ
բժիշկների հետ