«Երեխաների հետ աշխատանքն ունի իր առանձնահատկություններն ու նրբությունները, եւ մանկական ատամնաբույժն, առաջին հերթին, պետք է լավ հոգեբան լինի», - ասում է «Ստոմ Լայն» ստոմատոլոգիական կլինիկայի մանկական ատամնաբույժ Նարա Անդրեասյանը:

Doctors.am-ը զրուցել է Ն. Անդրեասյանի հետ մանկական ատամնաբուժության առանձնահատկությունների եւ երեխաների բերանի խոռոչի հիգիենայի մասին:

Բժշկուհի Անդրեասյան, ինչո՞ւմ է կայանում մանկական ատամնաբույժի աշխատանքի առանձնահատկությունը:

Երեխաների հետ աշխատանքը շատ է տարբերվում մեծահասակների հետ աշխատանքից, քանի որ ավելի շատ նրբություններ ունի: Մանկական ատամնաբույժը նախեւառաջ պետք է լավ հոգեբան լինի, որպեսզի կարողանա կոնտակտ ստեղծել երեխայի հետ, ինչը շատ կարեւոր է: Այդ է պատճառը, որ մենք ծնողներին խորհուրդ ենք տալիս, որ երեխայի առաջին այցը ատամնաբույժի մոտ պայմանավորված չլինի առկա խնդրով, այլ փոքրիկը նախ տեսնի բժշկին, ծանոթանա այն հաստատությանը, որտեղ գալու է հետագայում: Երեխայի համար ամեն անգամ նոր տեղ գնալը սթրես է: Խորհուրդ ենք տալիս վեց ամսականից սկսած գոնե 6 ամիսը մեկ այցելել ատամնաբույժին, եւ երբ միջամտության կարիք լինի, երեխան արդեն ծանոթ կլինի միջավայրին, կճանաչի բժշկին եւ բուժքրոջը, աթոռը, սենյակը…

Իհարկե, լինում է, երբ երեխան գալիս է ցավերով, այդ դեպքում, ուզենք, թե չուզենք, հենց առաջին այցից պետք է գործողություն անենք բերանի խոռոչում, բայց դա էլ ձգտում ենք այնպես անել, որ մաքսիմալ անցավ լինի: Երեխաները շատ նուրբ են եւ շատ կարեւոր է, որ բժշկի եւ երեխայի միջեւ փոխըմբռնում լինի: Երբ երեխան վստահում է բժշկին, անգամ այդ չնչին ցավին կամ տհաճությանը հանգիստ է վերաբերվում:

Իսկ երբ արդեն պետք է պրոցեդուրա արվի, ինչպե՞ս եք երեխային տրամադրում պրոցեսին:

Հիմնականում դա արվում է խաղի ձեւով՝ երեխային ներգրավելով որպես օգնական: Ծանոթացնում ենք նրան բոլոր գործիքների հետ, կարող ենք խնդրել, որ երեխան օգնի մեզ՝ ինչ-որ գործիք կամ հայելի պահի: Այդ դեպքում արդեն իրեն էլ է հետաքրքիր դառնում, քանի որ ինքն էլ է ներգրավվում այդ պրոցեսի մեջ:

Ի՞նչ եք կարծում, փոքրիկներին բժշկով վախեցնելու «ավանդույթը» դեռ կա՞ մեզանում:

Կամաց-կամաց այդ մտածելակերպը դուրս է գալիս, քանի որ այսօր երիտասարդ մայրիկներն ավելի կարդացած են: Իսկ այն ծնողներին, որոնք սովորություն ունեն երեխաներին բժիշկներով վախեցնելու, խորհուրդ կտայի նման բան չանել, այլ, հակառակը, ասել, որ բժիշկը օգնող մարդն է, ոչ թե ցավեցնող:

Անդրադառնանք երեխայի բերանի խոռոչի հիգիենային: Ե՞րբ է խորհուրդ տրվում լվանալ փոքրիկի ատամները:

Ցանկալի չէ մինչեւ վեց ամսականը ինչ-որ նյութերով մշակել բերանի խոռոչը, հատկապես, եթե երեխան կրծքով է կերակրվում: Մայրական կաթն իր մեջ ունի հատուկ ֆերմետներ եւ նյութեր, որոնք պահպանում են բերանի խոռոչում լորձաթաղանթի իմունիտետը: Սակայն ցանկալի է, որպեսզի մայրը ուշադիր լինի ցանկացած փոփոխության նկատմամբ՝ լինի դա ինչ-որ բշտիկ, ցանավորում, թե կարմրություն, եւ դիմի ատամնաբույժի:

Շատ մեծ խնդիր է շշային կարիեսը, քանի որ մեզանում տարածված է գիշերային կերակրումը: Իհարկե, մինչեւ 1 տարեկանը դա նորմալ է, բայց դրանից հետո, երբ արդեն կան ատամներ, ցանկալի է, որպեսզի գիշերային կերակրում չլինի: Պետք է խուսափել նաեւ քաղցր հյութերից, թեյից, քանի որ այդ ամենը մնում է ատամների վրա՝ առաջացնելով կաթնաթթու, որն էլ քայքայում է էմալը:

Երբ ծկթում է առաջին ատամը, պետք է մեխանիկական մաքրում կատարել հատուկ սիլիկոնե գլխիկներով կամ նուրբ խոզանակներով, ցանկալի է՝ օրը երկու անգամ: Քանի դեռ երեխան չի սովորել թքել, իսկ դա գրականության մեջ նշված է 3-3,5 տարեկանը, ատամի մածուկ ցանկալի չէ օգտագործել: Դրանից հետո արդեն անցնում ենք խոզանակով եւ ատամի մածուկով մաքրմանը՝ հետեւելով, որ երեխան մածուկը կուլ չտա, քանի որ, ամեն դեպքում, այն քիմիական նյութեր է պարունակում: Վերցնենք նույն ֆտորը, որը շատ կարեւոր էլեմենտ է ատամների եւ ոսկրերի համար, սակայն մեծ քանակներով այն տոքսիկ է: 

Ծնողն անպայման պիտի նայի, որ մածուկի տուփի վրա գրված լինի երեխայի տարիքային խումբը, քանի որ դրանից կախած՝ նյութերի կոնցետրացիան տարբեր է լինում:

Ի՞նչ խորհուրդ կտաք ներկա եւ ապագա ծնողներին:

Ես կուզեմ, որ ծնողներն ավելի շատ ուշադրություն դարձնեն պրոֆիլկակտիկ միջոցառումներին: Շատերը կարծում են, որ եթե ատամը առողջ է, ոչ մի բան պետք չէ անել, բայց եթե ուզում ենք, որ դրանք միշտ առողջ լինեն, պետք է պրոֆիլակտիկ միջոցառումներ ձեռնարկվեն:


Աղբյուրը՝ Doctors.am
Զրուցեց Շուշան Շատիկյանը