Էսթետիկ եւ պլաստիկ վիրաբուժության միջազգային կազմակերպության (ISAPS) տվյալներով՝ 2015 թվականին աշխարհում 9,6 միլիոն պլաստիկ վիրահատություն է արվել, որից ամենաշատը բաժին է ընկել կրծքի մեծացմանը:

Պլաստիկ վիրաբույժ Հայկ Ենոքյանը Doctors.am-ի հետ զրույցում նշում է, որ Հայաստանում եւս զարգանում են կրծքագեղձի պլաստիկ վիրահատությունները, թեեւ դրանք էականորեն զիջում են առաջնորդի դիրքերը:

Doctors.am-ը վիրաբույժին մի քանի հարց է ուղղել՝ կրծքի պլաստիկ վիրահատության եւ լիպոսակցիայի վերաբերյալ:

Կրծքի պլաստիկ վիրահատության ի՞նչ տեսակներ կան եւ ի՞նչ եղանակով են իրականացվում:

Նախ, ավելորդ եմ համարում նշել, որ կուրծքը կանացիության խորհրդանիշ է, բայց պետք է շեշտել, որ պարտադիր չէ, որ մարդը լինի հիվանդ, որպեսզի դիմի պլաստիկ վիրահատությունների, որովհետեւ հաճախ դրանք նաեւ առողջական խնդիր են լուծում: Կրծքի վիրահատությունն արվում է կյանքի որակը բաձրացնելու համար, քանի որ եթե կնոջ կուրծքը համաչափ եւ գեղեցիկ չէ, դա հոգեբանորեն ճնշում է նրան, առաջացնում բարդույթներ:

Առանձնացնում ենք կրծքագեղձի պլաստիկ վիրահատության հետեւյալ տեսակները՝

1.Կրծքագեղձի չափի մեծացում

Նման վիրահատությունն արվում է պացիենտի ցանկությամբ, երբ կուրծքը չի մեծացել եւ չի ձեւավորվել: Սա ընդամենը 30 րոպե տեւողությամբ գործընթաց է, որն արվում է եվրոպական կամ ամերիկյան արտադրության իմպլատների միջոցով, որոնք բարձր որակի են եւ շատ արդյունավետ, կարող են պահպանվել մինչեւ կյանքի վերջ:

Գոյություն ունի նաեւ առանց իմպլանտի կրծքի չափերի մեծացում, որը կոչվում է լիպոֆիլինգ: Աա արվում է հետեւյալ կերպ՝ որովայնի կամ կոնքի շրջանից ավելորդ ճարպը հեռացնում ենք եւ մշակելուց հետո ներարկում կրծքագեղձի հյուսվածքի շրջակա հատված՝ ստանալով մեծ կուրծք:

Սակայն պետք է նշեմ, որ ես անձամբ իմպլանտի կողմնակից եմ, քանի որ այն շատ ապահով է, եւ հնարավոր է ավելի կանխատեսելի ծավալ ստանալ: Իսկ լիպոֆիլինգի դեպքում շատ մեծ ծավալներ խորհուրդ չի տրվում անել: Բացի այդ, ճարպը հետագայում կարող է ներծծվել, եւ արդյունքում կրկնակի վիրահատության կարիք է առաջանում:

2. Կրծքագեղձի չափի փոքրացում

Մեծ կուրծքը փոքրացնելը զուտ պացիենտի ճաշակի հարց չէ: Այն նաեւ առողջական լուրջ խնդիր է, քանի որ մեծ կուրծքը ողնաշարի համար ավելորդ ծանրություն է: Անգամ գոյություն ունի այդպիսի հիվանդություն՝ գիգանտոմաստիա, որը ֆիզիկապես եւ, ինչու ոչ, հոգեպես մեծ տանջանք է կնոջ համար:

Սովորաբար կրծքագեղձերի փոքրացումն ավելի երկար է տեւում եւ ավելի աշխատատար է՝ մոտ չորս ժամ:

Ի դեպ, տղամարդկանց կրծքի փորքացում եւս կատարվում է, երբ ախտորոշվում է գինեկոմաստիա: Սա մեր ազգաբնակչության մեջ հաճախակի հանդիպող երեւույթ  , որն առաջանում է  ճարպակալման կամ հորմոնալ խանգարումների հետեւանքով:

3. Ասիմետրիայի ուղղում

Ասիմետրիան բավական հաճախ է հանդիպում, քանի որ պրակտիկապես բոլորի մոտ կա աստիմետրիա: Բացարձակ սիմետրիկ կուրծք եւ, ընդհանրապես, ցանկացած զույգ օրգան չի լինում, բայց կա ինչ-որ չափ, որից ավելին համարվում է պաթոլոգիա, օրինակ՝ եթե անզեն աչքով երեւում է, այսինքն՝ տարբերությունն ակնհայտ մեծ է, մեկ կուրծքը զարգացել է, մյուսը՝ ոչ:

Այստեղ կարեւոր է հասկանալ՝ հնարավո՞ր են այլ առողջական խնդիրներ, օրինակ՝ ուռուցքային հիվանդություններ: Ուստի կծքագեղձի ասիմետրիա ունեցող պացիենտն առաջին հերթին հետազոտություն է անցնում:

Կարեւոր է հիշել, որ դիմելով կրծքի պլաստիկ վիրահատության, կանայք ապահովագրվում են հնարավոր ուռուցքային հիվանդությունը չիմանալուց:

4. Կախված կրծքի շտկում

Երբեմն կարիք է լինում ոչ թե կրծքագեղձի չափը փոխելու, այլ ձեւը, որովհետեւ տարիքի հետ եւ հատկապես հղիությունից հետո՝ կրծքով կերակրման արդյունքում, կնոջ կուրծքը կախվում է: Սա հնարավոր է լինում շտկել նաեւ առանց իմպլանտի տեղադրման: Այս վիրահատությունը կոչվում է մաստոպեկսիա: Վիրահատության ընթացքում կուրծքը բարձրացվում է եւ ֆիքսվում իր ճիշտ դիրքում:

Ինչպե՞ս է ընտրվում կրծքի չափը:

Հաշվի են առնվում մի շարք գործոններ՝ պացիենտի հասակը, կրծքավանդակի շրջագիծը, մաշկի որակը, սկզբնական հյուսվածքի քանակը: Ընդհանրապես, չափսը ձեւավորվում է հետեւյալ կերպ՝ իմպլանտ՝ գումարած սեփական հյուսվածք, որովհետեւ, որպես կանոն, բացարձակ առանց կուրծք կանայք շատ հազվադեպ են հանդիպում:

Լիպոսակցիա

Ի՞նչ է լիպոսակցիան եւ ո՞ր դեպքերում է խորհուրդ տրվում կիրառել:

Նախ, ուզում եմ նշել, որ լիպոսակցիան քաշի նվազեցման եղանակ չէ, այլ կոնտուրների վերականգնման: Այս պրոցեդուրայի միջոցով օրգանիզմից դուրս է բերվում ավելորդ ճարպը, որը հաճախ հնարավոր չէ վերացնել այլ եղանակներով՝ ֆիզիկական ակտիվությամբ եւ առողջ սննդակարգի հետեւելով: Օրինակ՝ դա թիակների արանքում, պարանոցի հետին մակերեսում, ազդրերի կողմնային հատվածներում կուտակված ճարպն է: Ճարպը հեռացվում է նաեւ պարանոցի, դեմքի հատվածից:

Կա կարծիք, որ լիպոսակցիան ժամանակավոր է՝ ճարպն արագ վերադառնում է: Ճի՞շտ է:

Լիպոսակցիայից հետո ճարպային բջիջները քանակապես չեն ավելանում, բայց եթե միջամտությունից հետո պացիենտը հատուկ ռեժիմի չհետեւի, ապա այդ բջիջները կարող են իրենց ծավալով մեծանալ:

Լիպոսակցիան ո՞ր դեպքերում է հակացուցված:

Գերճնշում, շաքարային դիաբետ, սիրտ-անոթային, օնկոլոգիական հիվանդություններ ունեցող պացիենտներին խորհուրդ չի տրվում լիպոսակցիա անել:


Աղբյուրը՝ Doctors.am

Զրուցեց Շուշան Շատիկյանը