Ռեֆլեքսոթերապիան կարող է արդյունավետ բուժման միջոց լինել մի շարք հիվանդությունների դեպքում՝ բարելավելով կյանքի որակը: Doctors.am-ը ռեֆլեքսոթերապիայի տարածված մեթոդների մասին զրուցեց «Կոսմետոլոգիայի և պլաստիկ վիրաբուժության կենտրոն» ԲԿ-ի ռեֆլեքսոթերապևտ Օնիկ Սարգսյանի հետ:

-Բժիշկ Սարգսյան, ռեֆլեքսոթերապիան, որպես բուժական մեթոդ, ինչպիսի՞ կիրառություն ունի:

-Երբ արեւելյան բժշկության մեթոդներն՝ ասեղնաբուժությունը, բուսաբուժությունը, զուգակցվում են գիտական բժշկության հետ, կարող են ապահովել բարձր արդյունավետություն:
Ասեղնաբուժության հայրենիքը համարվում է Չինաստանը: Այս մեթոդը Հայաստանում ուսուցանվում է արդեն 30 տարի, իսկ մեր կողմից կիրառվում՝ 20 տարի: Ռեֆլեքսոթերապիայի  նպատակն է բուժել հիվանդին, ոչ թե հիվանդությունը՝ օրգանիզմը դիտելով մեկ ամբողջականության մեջ: Նպատակ ունենք տարածել ու հաստատել ինտեգրոթերապիա գաղափարը («Է.Մ. Թռչունը երկու թևերով ավելի լավ է ճախրում»): Դա նշանակում է ակադեմիական և արևելյան բժշկության համակցում ու զուգակցում, ինչը հաճախ է օգտագործվում բժշկության մեջ: Ռեֆլեքսոթերապիան իր մեթոդներով կարող է լուծել  ախտաբանական տարբեր վիճակներ:

-Ինչպե՞ս է ընտրվում բուժման ձևը:

-Գիտական բժշկությունն ունի հետազոտման տարբեր մեթոդներ, ինչը հնարավորություն է տալիս ախտորոշել հիվանդությունները: Արևելյան բժշկությունն առաջարկում է բիոռեզոնանսային, զարկերակային ախտորոշման մեթոդը, երբ ստուգող մատը դնում ենք զարկերակին, դառնում ենք հաղորդակից բիոռեզոնանսին, որի հիմքում օրգանիզմի նորմալ և ախտաբանական երևույթներն են: Ախտորոշումն իրականացվում է բիոէներգետիկ ակտիվ կետերի միջոցով՝ գտնում ենք արտաքին կապը ներքին օրգանների հետ, այդ թվում՝ նյարդաէնդոկրին համակարգի կապը ռեֆլեկտոր խնդիրների հետ: Այն հնարավորություն է տալիս ստանալ օրգանիզմի ամբողջական պատկերը, պարզելու օրգանիզմի նախատրամադրվածությունն այս կամ այն հիվանդության հանդեպ, ինչպես նաև առողջ օրգանիզմում առկա թույլ օղակները: Արդյունքների ճշգրտությունը կախված է նաև բժշկի մասնագիտացումից՝ որքանով է ճիշտ պատկերացնում փախադարձ կապերը, հարուցիչների դերն օրգանիզմի տարբեր գործընթացներում:

Ախտորոշման ընթացքում պարզ է դառնում առաջնային մեթոդը՝ հիվանդությունը բուժել ակադեմիական բժշկության, թե ռեֆլեքսոթերապիայի միջոցով՝ ասեղնաբուժությամբ, բուսաբուժությամբ և այլն:
Երբեմն, ախտորոշումը հաստատելու կամ հերքելու համար, դիմում ենք ակադեմիական ախտորոշմանը:

-Ո՞ր հիվանդությունների դեպքերում կարելի է կիրառել ռեֆլեքսոթերապիա: Ինչպիսի՞ մեթոդներ գոյություն ունեն:

-Ամենատարածված մեթոդներից է ասեղ-այրում թերապիան, որը թույլ է տալիս ասեղի կամ ջերմության միջոցով բուժել մի շարք հիվանդություններ: Առավել տարածված ախտաբանական երևությունները, որոնց հետ մենք աշխատում ենք՝ անպտղություն, նյութափոխանակության խանգարումներ, ալերգիաներ, ստամոքսի, թոքային, մաշկային, նյարդային համակարգի հիվանդություններ են, այդ թվում՝ մանկական ուղեղային կաթված և այլն:
Ասեղով կամ ջերմացնելով ազդում ենք կենսաակտիվ կետերի վրա՝ կարգավորելով էներգետիկ բալանսը: Ասեղնաբուժությունը շատ արդյունավետ է օրգան համակարգերի ֆունկցիաների շեղումների և այլ դեպքերում:
Կախված հիվանդությունից՝ կիրառվում է նաև սերմնաբուժություն (Սու-Ջոկ թերապիա):

-Ռեֆլեքսոթերապիա կիրառելու համար ինչպիսի՞ հակացուցումներ գոյություն ունեն:

-Բացարձակ հակացուցումներ չկան: Ինչ վերաբերում է հարաբերական հակացուցումներին՝ կախված է բուժման նախնական մեթոդի ընտրությունից: Ռեֆլեքսոթերապիան ցուցված է ինչպես կանանց, այնպես էլ տղամարդկանց: Երեխաների պարագայում, այն ընդունաված է կիրառել՝ աղջիկներին 7 տարեկանից, տղաներին՝ 8:

-Ինչպիսի՞ արդյունքների է հնարավոր հասնել ռեֆլեքսոթերապիայի մեթոդների միջոցով:

-Հիվանդության ախտորոշումից հետո ընտրվում է բուժման մեթոդը, որի արդյունավետությունը կախված է ինչպես ռեֆլեքսոթերապևտի մասնագիտական գիտելիքներից, այնպես էլ հիվանդի հավատից: Արդյունքներն ակնհայտ են՝ երբ հիվանդը միանում է բժշկին, հիվանդությունը հեռանում է: 


Հեղինակ՝ Մարգարիտա Մխիթարյան
Աղբյուր՝ Doctors.am
13 փետրվար, 2018