Այսօր մանկաբույժների օրն է

Նոյեմբերի 20-ն ամբողջ աշխարհում նշվում է որպես մանկաբույժների օր։ Մանկաբուժությունը բժշկության յուրահատուկ ուղղություններից է․ չէ՞ որ այս մասնագետներն ուղեկցում են փոքրիկներին կյանքի առաջին իսկ օրերից, օգնում նրանց աճել, զարգանալ և հաղթահարել տարբեր հիվանդություններ։

Մանկաբույժների աշխատանքը ենթադրում է լինել ավելի համբերատար, կարեկից և նրբանկատ, քանի որ փոքրիկները միշտ չէ, որ կարողանում են բացատրել, թե ինչն է իրենց անհանգստացնում։

Այս մասնագետների գործն ունի ևս մեկ կարևոր բաղադրիչ․ նրանք նաև սովորեցնում են ծնողներին ճիշտ խնամել իրենց երեխաներին և աջակցել նրանց ամենադժվար իրավիճակներում:

 

Մի փոքր պատմական ակնարկ

«Պեդիատրիա» բառը նշանակում է «երեխաներ բժշկող»։

Այն առաջացել է երկու  հունարեն բառերից՝ (pais = երեխա) և (iatros = բժիշկ կամ բուժող):

Մանկաբուժությունը, որպես բժշկության առանձին ոլորտ, անմիջապես չի ձևավորվել։ Մինչեւ 18-րդ դարը երեխաներին հաճախ բուժում էին նույն կերպ, ինչ մեծահասակներին, ինչը ոչ միշտ էր արդյունավետ։ Միայն ավելի ուշ բժիշկները սկսեցին հասկանալ, որ երեխայի օրգանիզմը հատուկ մոտեցում է պահանջում։ 

Մանկաբուժության հայրը համարվում է Աբրահամ Յակոբին, որը 19-րդ դարի կեսերին դրեց ժամանակակից մանկական բժշկության հիմքերը։

 

Մանկաբուժությունը տարեցտարի գրանցում է նոր հաջողություններ, հայտնվում են ախտորոշման և բուժման ավելի արդյունավետ տարբերակներ: Բայց չնայած այս ամենին՝ մարդկային ջերմությունն ու կարեկցանքը մնում են մանկաբույժի հիմնական «գործիքները»:

 

Որպես վերջաբան՝ ներկայացնում ենք նաև մի քանի խորհուրդներ մանկաբույժներից․

 

  • Մի՛ մոռացեք կանոնավոր ստուգումների մասին, նույնիսկ եթե ձեր երեխան առողջ է թվում: Կանխարգելիչ այցերը  լուրջ հիվանդություններից խուսափելու լավագույն միջոցն են։
  • Փորձե՛ք վստահելի հարաբերություններ հաստատել մանկաբույժի հետ, որպեսզի երեխան իրեն հարմարավետ զգա այցի ժամանակ:
  • Հիշե՛ք՝ երեխաների առողջության պահպանման համար կարևորագույն նշանակություն ունեն ոչ միայն գրագետ բուժումը, այլ նաև  ձեր սերը, խնամքը և ուշադրությունը։

Ի դեպ, եթե փնտրում եք մանկաբույժների  կամ օգտակար ինֆորմացիա ձեր փոքրիկների առողջության վերաբերյալ, ապա կարող եք անել դա մեր կայքի շնորհիվ