Երեկվանից ակտիվորեն շրջանառվում են լուրեր այն մասին, որ  Հայաստանում, մասնավորապես մարզերում ու գյուղական համայքներում կերակրի աղի փոխարեն վաճառվում է տեխնիկական աղ: Տեղեկատվությունը փոխանցել Panorama.am կայքը:

Doctors.am-ը քննության է առնում առողջապահական այն հարցերը, որոնք առաջացել են լուրի շրջանառությունից հետո: Ի՞նչ է տեխնիկական աղը և ինչպե՞ս կարող է անդրադառնալ մարդու օրգանիզմի վրա:

Տեխնիկական աղը (NaCl) աղահամ, ջրում հեշտորեն լուծվող նյութ է: Այն առաջանում է ծովալճակներում, իսկ Հայաստանում տարածված է Ավանի աղահանքում: Տեխնիկական աղը պիտանի է միայն  սառցակալած ճանապարհները հալեցնելու, սառնարաններում սնունդն ավելի երկար պահելու, պլաստմասսա պատրաստելու համար:

Տեխնիկական և սովորական կերակրի աղն արտաքինից տարբերելն անհնար է: Դրանք ստացվում են նույն հիմքից՝ նատրիումի քլորիդից. լավ մշակվածը կերակրի աղն է, իսկ քիչ մշակվածը՝ տեխնիկական աղը: Այս երկրորդը պարունակում է ծանր մետաղական տարրեր, որոնք էլ վտանգավոր են  առողջության համար:


Մեկ օրվա ընթացքում  մարդուն անհրաժեշտ է 100-150 մգ յոդ:

Ի տարբերություն կերակրի աղի՝ այն յոդացված չէ և չի կարող յոդացվել, ինչը ևս մեծ  սպառնալիք է առողջության համար: Յոդի պակասը խախտում է վահանաձև գեղձի աշխատանքը, ազդում  հղիների առողջության  և պտղի զարգացման վրա: Մեծահասկաների մոտ առաջանում է խպիպ(զոբ), իսկ վահանաձև գեղձի աշխատանքի խախտման դեպքում նկատվում է սակավարյունություն, հիշողության և լսողության  խանգարում։

Հայաստանում յոդացված աղ օգտագործելը, կարելի է ասել, պարտադիր է, որովհետև լեռնային շրջաններում  միայն յոդացված աղի միջոցով է օրգանիզմում լրացվում յոդի պակասը:

Տեխնիկական աղը վտանգավոր է հատկապես  երիկամների և լյարդի համար:Առողջությանը վնաս հասցնելու  հստակ չափաբաժին չկա:  Քանի որ աղն օգտագործվում է անընդհատ և ամեն օր, նույնիսկ մեկշաբաթյա օգտագործումը կարող է հետևանքներ թողնել:
«Չնայած որ առաջացած վտանգները միանգամից ի հայտ չեն գալիս, բայց կարող են արտահայտվել ճնշման տատանմամբ, այտուցներով, քորով»,- ասում է սննդաբան Վարդանուշ Պետրոսյանը:

Կերակրի աղի փոխարեն տեխնիկական աղ օգտագործելու դեպքում առողջական խնդիրներից խուսափելու համար պետք է դիմել բժշկի և անցնել համապատասխան հետազոտթյուններ՝ հետագա խնդիրները կանխելու համար: Իսկ առհասարակ խորհուրդ է տրվում աղը գնելուց առաջ ստուգել մակնշումները և համոզվել, որ այն յոդացված է։
 


Աղբյուրը՝ Doctors.am