ա) Բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողները պարտավոր են ապահովել անհատի` բժշկական օգնություն ստանալու խնդրանքի, նրա առողջական վիճակի և ախտորոշման ու բուժման ընթացքում հայտնի դարձած տեղեկությունների գաղտնիությունը, բացառությամբ Հայաստանի օրենսդրությամբ նախատեսված դեպքերի:

Այս պարտականությունը սերտորեն կապված է պացիենտների անձնական կյանքի և անձեռնմխելիության թիվ 6 իրավունքի հետ:

բ) ՀՀ Սահմանադրությամբ և օրենքներով ամրագրված պարտականությունները

ՀՀ Սահմանադրություն

ՀՀ Սահմանադրության 23-րդ հոդվածը երաշխավորում է, որ յուրաքանչյուր ոք իրավունք ունի, որպեսզի հարգվի իր անձնական կյանքը:

ՀՀ օրենքը «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին»

«Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» ՀՀ օրենքի 19 հոդվածում նաև նշված է, որ մարդու առողջական վիճակի մասին տեղեկություններ հայտնելու դեպքում բժշկական օգնություն և սպասարկում իրականացողները պատասխանատվություն են կրում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

ՀՀ օրենքները «Ոստիկանության մասին» և «Դատախազության մասին»

Հայաստանի Հանրապետության օրենսդրությունը միաժամանակ սահմանում է բացառություններ ընդհանուր կանոնից: Մասնավորապես, «Ոստիկանության մասին» և «Դատախազության մասին» ՀՀ օրենքները իրավապահ մարմիններին իրավունք է վերապահում, որպես հանցագործությունների դեմ պայքարի մաս, դիմել ընկերություններին և(կամ) կազմակերպություններին` անհրաժեշտ տեղեկություններ ստանալու համար: Նման դեպքերում բուժաշխատողները բուժաստատության ղեկավարի միջոցով պարտավոր են տրամադրել պահանջվող տեղեկությունները:

ՀՀ օրենքը «Մարդու վերատադրողական առողջության և վերարտադրողական իրավունքների մասին»

Նույն կերպ, «Մարդու վերատադրողական առողջության և վերարտադրողական իրավունքների մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածում (Վերարտադրողականության օժանդակ տեխնոլոգիաների կիրառման հետ կապված տեղեկությունների գաղտնիության պահպանումը) նշվում է.

«1. Վերարտադրողականության օժանդակ տեխնոլոգիաների` արհեստական սերմնավորման կամ բեղմնավորման և փոխնակ մայրության կիրառման հետ կապված տեղեկությունները համարվում են բժշկական գաղտնիք և հրապարակման ենթակա չեն:

2. Սույն հոդվածի առաջին մասով նախատեսված տեղեկությունները տրամադրվում են միայն դատարանի (դատավորի), դատախազության, նախաքննության, հետաքննության մարմինների հարուցած քրեական կամ քաղաքացիական գործերի կապակցությամբ, ինչպես նաևև այլ իրավասու մարմինների պահանջով` օրենքով նախատեսված դեպքերում ևև կարգով»:

ՀՀ օրենքը «Մարդու օրգանների և (կամ) հյուսվածքների փոխպատվաստման մասին»

«Մարդու օրգանների և (կամ) հյուսվածքների փոխպատվաստման մասին» ՀՀ օրենքի 13-րդ հոդվածում (Պատասխանատվությունը դոնորի և ռեցիպիենտի տվյալների հրապարակելու համար) ամրագրված է, որ դոնորին և ռեցիպիենտին վերաբերող տեղեկությունները բժշկական գաղտնիք են: 
Բժիշկներին, բժշկական հաստատության այլ աշխատակիցներին արգելվում է դոնորի ևև (կամ) ռեցիպիենտի կամքին հակառակ վերջիններիս մասին տվյալներ հրապարակելը: Այդ տվյալները հրապարակող (տարածող) անձինք ենթակա են պատասխանատվության` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

Այնուհանդերձ, հետաքննական մարմինների պահանջով դատարանին, դատախազությանը, քննչական մարմնին դոնորի ևև ռեցիպիենտի մասին տվյալներ, տեղեկանքներ ևև փաստաթղթեր են տրվում միայն նրանց վարույթում գտնվող քրեական կամ քաղաքացիական գործերի կապակցությամբ:

գ) Համապատասխան ենթաօրենսդրական ակտեր

Լիցենզավորման նոր պետական պահանջներին (հաստատվել են 2009թ. նոյեմբերին ընդունված ՀՀ կառավարության որոշմամբ) համապատասխան, բոլոր ատամնաբուժական կենտրոններում պետք է տեղակայվեն հատուկ փակվող պահեստարաններ` պացիենտների անձնական գործերը պահելու համար:

դ) Էթիկայի կանոնագրքի համապատախան դրույթներ

Թեև Հայաստանի Հանրապետությունը չի ընդունել Էթիկայի Կանոնագիրք, Համաշխարհային բժշկական ընկերակցության (ՀԲԸ) կողմից ընդունված` էթիկային վերաբերող փաստաթղթերը պարունակում են բժիշկներին ուղղված ուղեցույցներ (տե՛ս վերը` պարտականություն թիվ 1). Պացիենտների իրավունքների մասին ՀԲԸ հռչակագիրը սահմանում է, որ պացիենտներին վերաբերող ամբողջ տարորոշելի տեղեկատվությունը ենթակա է պաշտպանության: Տեղեկատվության պաշտպանությունը պետք է համարժեք լինի դրա պահպանման եղանակին: Մարդկային նյութերը, որոնցից կարող է բխել տարորոշելի տեղեկատվությունը, նույնպես ենթակա են պաշտպանության:

ՀԲԸ Բժշկական էթիկայի ուղեցույցը (53-54 էջեր) սահմանում է, որ բուժաշխատողները պետք է տեղյակ լինեն պացիենտին վերաբերող տեղեկատվության բացահայտման համար իրենց աշխատանքի վայրում առկա իրավական պահանջներին: Այնուհանդերձ, իրավական պահանջները կարող են հակասել մարդու իրավունքների հարգման սկզբունքին, որն ընկած է բժշկական էթիկայի հիմքում: Ուստի բուժաշխատողները պետք է քննադատաբար վերաբերեն գաղտնիությունը խախտելուն վերաբերող ցանկացած իրավական պահանջի և մինչև այդ պահանջները կատարելն անձամբ հավաստիանան, որ դրանք արդարացված են: Եթե բուժաշխատողները համոզվում են, որ պետք է հետևել իրավական պահանջներին և բացահայտել բժշկական տեղեկատվությունը, ապա ցանկալի է, որ նախքան այն բացահայտելը նրանք իրենց պացիենտների հետ քննարկեն բացահայտման անհրաժեշտության հարցը և ստանան պացիենտների հավանությունը:

Գաղտնիության խախտման` իրավական նորմերով ներկայացվող պահանջներից զատ բուժաշխատողները կարող են ունենալ էթիկական պարտականություն գաղտնի տեղեկատվությունը հայտնելու այն անձանց, որոնք կարող են ենթակա լինել պացիենտից վնաս կրելու ռիսկի: Սա կարող է տեղի ունենալ երկու դեպքում. երբ պացիենտը բուժաշխատողին հայտնում է, որ ինքը պատրաստվում է վնասել այլ անձի, և երբ բուժաշխատողը համոզվում է, որ ՄԻԱՎ վարակակիր պացիենտը պատրաստվում է չպաշտպանվող սեռական հարաբերություն ունենալ ամուսնու կամ այլ անձանց հետ: Իրավական նորմերով չպահանջվող գաղտնիության խախտման պայմանները հետևյալներն են. երբ ենթադրելի է, որ սպասվող վնասը (1) անմիջական է, լուրջ (և անշրջելի), ինչպես նաև անխուսափելի է, եթե տեղի չունենա չլիազորված բացահայտում, և (2) ավելի մեծ է, քան այն վնասը, որը հավանաբար կպատճառվի բացահայտման հետևանքով: Համապատասխան վնասների համաչափությունը որոշելիս բուժաշխատողը պետք է գնահատի և համեմատի վնասների ծանրությունը և դրանց առաջացման հավանականությունը: Կասկածելի դեպքերում խելամիտ կլինի, որ բուժաշխատողը ստանա փորձագետի խորհուրդ: Բուժաշխատողը պետք է տեղեկացնի պացիենտին համապատասխան տեղեկատվությունը երրոդ անձի առջև բացահայտելու իր մտադրության մասին:

ե) Գործնական օրինակներ

1. Համապատասխանության օրինակ(ներ)

Մի զույգ դիմել է բժշկական կենտրոն ընդհանուր բժշկական քննության ենթարկվելու համար, քանի որ նրանցից մեկն արտասահմանից աշխատանքի հրավեր էր ստացել: Քննող բժիշկը նրանց խնդրում է գալ տարբեր ժամերի: Այնուհետև կնոջ հետ առանձին հանդիպման ժամանակ բժիշկը նրան խորհուրդ է տալիս արտասահման չմեկնել, քանի որ նա ունի որոշ առողջական խնդիրներ: Բժիշկը կնոջ ներկայությամբ ամուսնու համար բացահայտում է այդ տեղեկատվությունը միայն այն բանից հետո, երբ կինը պահանջում է այն բացահայտել (հիպոթետիկ գործ):

2. Խախտման օրինակ(ներ)

Չնայած ամուսնու հատուկ խնդրանքին, որ իր առողջության վերաբերյալ տեղեկատվությունն իր բժիշկը չհայտնի իր կնոջը` բժիշկը հայտնում է այդ տեղեկատվությունը` դրանով խախտելով գաղտնապահության` ամուսնու իրավունքը (հիպոթետիկ գործ):

3. Իրական դեպքեր (գրանցված և չգրանցված)

Քանի որ իրավունքի այս ոլորտը դեռ գտնվում է զարգացման փուլում, այս բաժնի համար իրական դեպքերի օրինակներ չկան: Ընթերցողները սույն ուղեցույցի հետագա խմբագրության նկատակով կարող են առաջարկել իրական դեպքերի օրինակներ` դրանք ուղարկելով հետևյալ հասցեով. info[at]healthrights.am:

զ) Գործնական նշումներ (գործնական խորհուրդներ իրավաբանների համար)

• Պացիենտների վերաբերյալ տեղեկատվության գաղտնիության հարցերով խորհրդատվություն մատուցելիս իրավաբանները պետք է առանց վարանելու վկայակոչեն ՀՀ օրենքները, ներառյալ ՀՀ քրեական օրենսգիրքը, եթե անգամ ոչ մի հիմքային օրենսդրական կառուցակարգ հնարավոր չէ գտնել: Զուգահեռաբար, առողջապահական ծառայությունների մատուցողները պարտավոր են անհրաժեշտ միջոցներ ձեռնարկել պացիենտներին վերաբերող տեղեկատվությունը, օրենքին համապատասխան, գաղտնի պահելու համար:

Աղբյուրը` healthrights.am կայք