Հայաստանում աչքի հիվանդությունների առաջին ամբիոնը ստեղծվել է 1928թ․ ակնաբան-վիրաբույժ, ՀԽՍՀ վաստակավոր բժիշկ, դոցենտ Հայկ Կանայանի կողմից՝ Երևանի պետական բժշկական ինստիտուտում (այժմ՝ համալսարան)։ Ամբիոնի վարիչներ են եղել անվանի ակնաբույժներ Բաբկեն Մելիք-Մուսյանը, Ե․ Մեսրոպյանը և Սերգեյ Մալայանը: Վերջինս գիտությունը, կրթությունը և պրակտիկան մեկ տեղում կազմակերպելու գաղափարի կողմնակից էր, և  մեծ ներդրում ունի  ամբիոնի ստեղծման, ինչպես նաև Հայաստանում ակնաբուժության զարգացման գործում։ Սերգեյ Մալայանի արժանի իրավահաջորդը նրա որդին է՝ Ալեքսանդր Մալայանը, ով 1991 թ.-ից առ այսօր ղեկավարում է ամբիոնը:  Նրան   հաջողվեց  ոչ միայն կայացնել  Ս․ Վ․ Մալայանի անվան ակնաբուժության կենտրոնը՝  որպես ժամանակակից պահանջներին համապատասխանող բուժկենտրոն, այլ նաև այն դարձնել ակնաբույժների պատրաստման լավագույն դարբնոց:ԵՊԲՀ ակնաբուժության ամբիոնի կլինիկական հիմնական բազան Ս․ Վ․ Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնն է, որտեղ ուսանել է և մասնագիտական հմտություններ ձեռք բերել  ՀՀ ներկայիս լավագույն ակնաբույժների մեծամասնությունը։  

Ամբիոնի կողմից ակնաբուժության ուսուցումն իրականացվում է ԵՊԲՀ ընդհանուր բժշկության, ռազմաբժշկական և ստոմատոլոգիական ֆակուլտետների 4-րդ կուրսի ուսանողների համար՝ 10-օրյա ցիկլային պարապմունքների տեսքով (60 ժամ): Այդ պարապմունքների ընթացքում ուսանողները ծանոթանում են ակնաբուժության սկզբունքներին և հիմնական մոտեցումներին: Հետդիպլոմային ուսուցումը ակնաբուժության ուղղությամբ շարունակել ցանկացող ուսանողների համար գործում է կլինիկական օրդինատուրայի և ասպիրանտուրայի ուսուցման ծրագիր՝ երկուսն էլ  3 տարի տևողությամբ։

Ամբիոնի կողմից ԵՊԲՀ ուսանողների համար իրականացվող ուսուցման ծրագրով նախատեսված թեմատիկ նյութը մատուցվում է դասախոսությունների, գործնական և ցիկլային պարապմունքների տեսքով: Կլինիկական օրդինատորներին  դասավանդում են Ս․ Վ․ Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնի լավագույն մասնագետները՝ պրոֆեսորներ, դոցենտներ, բաժանմունքների ղեկավարներ։ Կլինիկական օրդինատորներն ուսումնասիրում են տեսողական օրգանի անատոմիան, ֆիզիոլոգիան, ռեֆրակցիան, աչքի հիվանդությունների ախտորոշման և բուժման եղանակները: Դասախոսների գերնպատակը մեկն է՝ նոր սերնդին փոխանցել իրենց գիտելիքները,  փորձը, հմտությունները, ծանոթացնել ժամանակակից զարգացումներին, նորարարություններին, պատրաստել կրթված և գործնականում հմուտ  մասնագետներ։ 

Գործնական պարապմունքներն իրականացվում են դասախոսությունների և կլինիկական դեպքերի քննարկումների միջոցով: Կլինիկական օրդինատորները հնարավորություն են ստանում գործնական դասընթանցեր անցնել բոլոր բաժանմունքներում, մասնակցել վիրահատություններին՝ որպես բժշկի օգնական, և ուսումնառության երկրորդ տարում  կողմնորոշվել, թե նեղ մասնագիտական որ ուղղությամբ  են նախընտրում շարունակել իրենց մասնագիտացումը։  

Հատկանշական է, որ Ս․ Վ․ Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնն ունի  ՀՀ-ում եզակի անասնաբուժական լաբորատորիա, որտեղ կան միկրոսկոպներ, մուլյաժներ (կաղապարներ), որոնց օգնությամբ օրդինատորները  ձեռք են բերում վիրաբուժական հմտություններ, գիտակցում՝ արդյոք կարող են զբաղվել վիրաբուժությամբ։ 

Ամբիոնում կատարվում են հետևյալ գիտահետազոտական աշխատանքները.

  • ակնային վնասվածքների առանձնահատկությունների հետազոտություն և դրանց բարդությունների բուժում,
  • շաքարախտային ռետինոպաթիայի վիրահատական բուժում,
  • ուվեիտների էթիո-պաթոգենետիկ առանձնահատկությունների և տարածվածության հետազոտություն,
  • գլաուկոմայի վիրահատական բուժում,
  • ցանցենու անոթային ախտահարումների էթիո-պաթոգենետիկ բուժում,
  • դեղին բծի դիստրոֆիայի բուժումն ինտրավիտրեալ ներարկումներով,
  • անհասության ռետինոպաթիայի վաղ ախտորոշում և լազերային բուժում։

Ամբիոնում հետդիպլոմային կրթությունը շարունակել ցանկացողների թիվը տարեց տարի ավելանում է: Ս. Վ. Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնի նորագույն ախտորոշման և լազերային բուժման բաժանմունքի վարիչ, բ.գ.թ., ակնաբույժ Ելենա Մալայանի հավաստմամբ՝  տարեկան մոտ տասնհինգ օրդինատոր է  ընդունվում  ամբիոն, ինչը խոսում է այն մասին, որ ակնաբուժսւթյունը պահանջված մասնագիտություն է և  մեծ հաջողությունների է հասել Հայաստանում.

«Ես մոտ հինգ տարի է, ինչ  դասախոսում եմ ամբիոնում, և պետք է նշեմ, որ մեր կենտրոնում խրախուսվում է գիտության և կրթության անքակտելի կապի ամրապնդումը, մասնագետների ներգրավումը դրանում, ինչը երաշխավորում է ակնաբուժության սրընթաց զարգացումը մեր երկրում»։ 

Ամբիոնի կրթական ծրագրում կարևորվում է ոչ միայն լավ մասնագետներ պատրաստելը, այլ նաև կոչումով բժշկին հատուկ մարդկային որակներ կերտելը, որոնք անհրաժեշտ են գործընկերների և հիվանդի հետ փոխհարաբերություններում։

«Բժշկությունը և հատկապես՝ ակնաբուժությունը, պրակտիկ աշխատանքից զատ՝ նաև փիլիսոփայություն է, որը պետք է իր մեջ կրի յուրաքանչյուր բժիշկ և կանխի բժշկից զուտ մեխանիկական աշխատանք կատարողի վերածվելու վտանգը։ Իրականում բժշկի հաջողության խորքում թաքնված է հիվանդի հետ շփման, նրան բուժմանը նախապատրաստելու և  այդ գործընթացն  իրականացնելու նուրբ  վարպետությունը, որին պետք է տիրապի  իրեն հարգող յուրաքանչյուր բժիշկ»,- նշեց ԵՊԲՀ աչքի հիվանդությունների ամբիոնի վարիչ, Ս․ Վ․ Մալայանի անվան ակնաբուժության կենտրոնի ղեկավար, դոցենտ, ՀՀ Ան գլխավոր ակնաբույժ Ալեքսանդր Մալայանը։