Բոլորը կամ գրեթե  բոլորը ցանկանում են իրենց երեխաներին տալ հնարավոր լավագույնը՝ հիանալի տուն, հարմարավետ պայմաններ, լավ կրթություն և ընդունակությունների դրսևորման ու զարգացման ամենալավ հնարավորություններ,ապահովել այն ամենով, ինչը  նրանց կյանքը  երջանիկ կդարձնի։ Կասկած չկա, որ ծնողների այդ ջանքերը միայն գովեստի են արժանի։ Դժբախտությունը միայն այն է, որ դրանք հազվադեպ են ի հայտ գալիս՝ որպես բնական  ցանկություններ։ Ավելի հաճախ, ծնողները ձգտում են  երեխաներին ընձեռել առանձնահատուկ արտոնություններ։ Ընդ որում, նրանք ոչ միայն  ձգտում են երեխաների կյանքն  ավելի երջանիկ ու հետաքրքիր դարձնել, այլ անպայման ցանկանում, որ նրանք համապատասխանեն կյանքի մասին իրենց կանխակալ պատկերացումներին։

Ոչ ոք չի պնդում, թե  այդ պատկերացումներն անպայման սխալ են։ Բայց մեծահասակները սովորաբար հակված են կարծելու, թե դրանք անվիճելի ու անփոխելի են։ Այնուամենայնիվ, այդ  ձգտումները հաճախ արտացոլում են մեծահասկների հուսախաբությունն ու չիրականացած հույսերը, իսկ երեխաները դիտարկվում են որպես՝ այն նպատակների հասնելու նոր հնարավորություններ, որոնք ծնողներն իրենք չեն կարողացել իրականացնել։

Սակայն պետք է պարզել՝ արդյոք կյանքի մասին մեծահասակների պատկերացումները համապատասխանու՞մ են երեխաների ընդունակություններին և բնավորությանը։ Նկարիչը երբեմն ստիպված է լինում փոխել նկարի վրա աշխատելու սկզբնական որոշումը։ Այդպես էլ երեխաների հասունացմանը զուգընթաց չեն կարող չփոփոխվել նաև կյանքի մասին ծնողների հայացքները, քանի որ գործ ունենք այնպիսի մի բարդ ու փոփոխական երևույթի հետ, ինչպիսին մարդն է։

Երեխայի գլխին թափվող  սիրո հսկայական լիցքի պայմաններում մեծերի համար բոլորովին դժվար չէ նրան բացառիկ համարել՝ անկախ նրանից,թե նա իրեն ինչպես է պահում։ Բավական է՝ նա մյուս երեխաներից մի փոքր ավելի շուտ սովորի ճանաչել ու տարբերել գույները, և ծնողները նրան պատրաստ են հանճար համարելու։ Անհրաժեշտ է ընդգծել, որ ծնողներն առհասարակ շտապում են իրենց երեխաների մեջ հայտնաբերել ամենաանհավատալի հատկություններ։ Օրինակ, տիկին Ռ.–ն ցանկանում էր իր 5 տարեկան աղջկան դաշնամուրի վրա նվագել սովորեցնել, քանի որ նրա մեջ երաժշտական օժտվածաթյան անվիճելի  նշաններ էր հայտնաբերել։  Իսկ երբ երեխան առանձնահատուկ ընդունակություններ չդրսևորեց, մայրը հիշեց, որ տաղանդը 98%-ով քրտնաջան աշխատանք է, և միայն 2%  է ոգեշնչումը։ Այդ պատճառով նա շարունակեց իրենը պնդել և ստիպեց, որ «երիտասարդ տաղանդն» ավելի ու ավելի լարված պարապի։ Խոսք չկա, շաբաթական վեց օր դաշնամուրի առջև նստած՝ աղջիկը փայլուն հաջողությունների հասավ, բայց 14 տարեկանում հանկարծ հրաժարվեց գործիքից, որովհետև երաժշտությունից այլևս բոլորովին հաճույք չէր ստանում։ Դրան ավելացան նաև այլ դժվարություններ՝ մոր ինքնիշխան և ոստիկանական հսկողության պատճառով։

Իսկ տիկին Մ.–ն, ելնելով իր դասակարգային հավակնություններից, աղջկան ոչ թե քաղաքային ընդհանուր դպրոց ուղարկեց, այլ թանկ վարձավճարով մասնավոր դպրոց, որպեսզի նա կարողանա հաղորդակցվել հարուստ ընտանիքների երեխաների հետ։ Թեև մայրը համոզված էր, որ աղջկան առանձնահատուկ արտոնություններ է տվել, սակայն երեխան այդ դպրոցում իրեն երբեք լավ չզգաց, քանի որ ընկերուհիներին տեսնում էր միայն պարապմունքների ընթացքում։ Բացի դրանից, նա պահանջկոտ ու կամակոր դարձավ.նրան այլևս չէին  գոհացնում իր հագուստը, տան կահ-կարասին, նույնիսկ մոր վարքագիծը, ով նրան ստիպել էր այդ դպրոցը հաճախել։

Այլ դեպքերում երեխաներին  տրամադրվող բարիքները պարզապես արտացոլում են նրանց հանդեպ չափազանցված հոգատարությունր։ Օրինակ, տիկին Բ.-ն ինքն է տղային մեքենայով դպրոց տանում և չի թողնում, որ նա ավտոբուսով գնա։ Նա վախենում է, որ հասարակական երթևեկության փոխադրամիջոցներում երեխաներր չափից ավելի գրգռվում, աղմկում ու քրտնում են, և իր երեխան կարող է մրսել: Եթե այդ կինը նույնիսկ անկեղծորեն հավատում է, որ իր երեխային հատուկ արտոնություն է շնորհում, ապա նա դրանով հասնում է միայն մի բանի.առանց որևէ պատճառի իր երեխային զրկում է տարեկիցների հաճելի խմբից և նրանց հետ զվարճալի բարեկամություն հաստատելու հնարավորությունից։

Ցավոք, այն բարիքներն ու հարմարությունները, որ ծնողները տալիս են  երեխաներին, ավելի հաճախ միայն հենց  իրենց փառասիրական ձգտումներն են արտացոլում։ Բացի այդ, ոչ ոք չի կարող պնդել, որ երեխաներն իրենց լավ են զգում ընձեռված արտոնություններից, և մոր պես  գոհ են  նման վիճակից։ Որոշ ծնողներ երբեմն բավականին մեծ զոհողությունների են դիմում՝ միայն հանուն  նրա, որ իրենց երեխաներն ինչ-որ հատուկ արտոնություններ ստանան։ Իսկ երբ ընտանիքում տարաձայնություններ են ծագում, նրանք տառապյալների կեցվածք են ընդունում և երեխաների հոգում մեղքի այնպիսի ուժեղ զգացում առաջացնում, որ իրենց կատարած բոլոր զոհողություններն, ի վերջո, ավելի շատ վնաս են բերում, քան օգուտ։
 

Նյութի էլեկտրոնային սկզբնաղբյուր` Doctors.am

Նյութը՝ Ալան Ֆրոմի ''Այբուբեն ծնողների համար'' գրքից