Երբեմն երեխան անհարգալից կամ կոպիտ պատասխաններ է տալիս մեծահասակներին, վիճելի է համարում մեծահասակի հեղինակությունը և ուզում է, որ վերջին խոսքն իրենը լինի։

Խնդրին նպաստող հանգամանքները

Երեխաներն իրենց վարքը կառուցում են՝ հինականում հիմնվելով շրջապատի դիտարկման վրա։ Եթե ձեր երեխան տեսնում է, թե ինչպես են ուրիշ երեխաներ կոպտում իրենց ծնողներին, նա էլ, ամենայն հավանականությամբ, կփորձի այդպես վարվել։ Բացի դրանից, եթե երեխան տեսնի, թե ինչպես եք դուք կոպիտ խոսում ուրիշների հետ կամ անքաղաքավարի վարվում, նա կընդօրինակի նաև ձեր վարքագիծը։ Երեխաները սովորում են այն ամենը, ինչ ապրում են, և եթե դուք հարգալից խոսեք նրա և ուրիշների հետ, երեխան էլ, ամենայն հավանականությամբ, նույնը կանի։

Անհրաժեշտ է գիտակցել, որ երեխայի համար նորմալ է ''անտանելի երկու տարեկան'' հասակում ''լկտիանալը''։ Երբեմն նրանք կարող են նաև ագրեսիվ կերպով առարկել մեծահասակների հեղինակության դեմ արդեն անցումային շրջանում։

Փորձեք կռահել, թե ո՞ր դեպքերում է ավելի հավանական, որ երեխան կհակաճառի ձեզ. երբ հոգնա՞ծ է, հիասթափվա՞ծ կամ գերբեռնվա՞ծ։ Արդյո՞ք երեխան հակաճառում է ուսուցչուհուն։ Հասկանալով օրինաչափությունը՝ ձեզ համար ավելի հեշտ կլինի գտնել խնդրի լուծումը։

Ի՞նչ կարող են անել ծնողները

- Մի՛ նվաստացրեք և քամահրանքով մի՛ խոսեք երեխայի հետ։ Խոսե՛ք նրա հետ այնպես, ինչպես կցանկանայիք, որ նա խոսեր ուրիշների հետ։

- Դիտողություն մի՛ արեք կամ մի՛ ամաչեցրեք երեխային ուրիշների առաջ։ Սպասե՛ք, մինչև կարողանաք նրա հետ առանձին քննարկել խնդիրը։ Երեխաները երբեմն հակված են հակաճառելու՝ ընկերների առջև իրենց արժանապատվությունը պահելու ցանկությունից դրդված։

- Եթե երեխան հակաճառում է ձեզ ընկերների ներկայությամբ, հիշեցրեք նրան, որ չեք ցանկանում անհարմար վիճակի մեջ դնել նրան ուրիշների առաջ և պատասխան քաղաքավարություն եք ակնկալում նրանից։
- Հիշե՛ք, որ երեխան հաճախ հակաճառում է ուշադրություն գրավելու համար։ Եթե նա նման վարք է դրսևորում ուրիշների ներկայությամբ, անմիջապես առանձնացրեք նրան մյուսներից։

- Ասացե՛ք երեխային, որ եթե նա ինչ-ինչ հարցեր ունի ձեզ հետ քննարկելու, որոնք կասկածի տակ են առնում ձեր հեղինակությունը, ապա դա պիտի արվի դեմ առ դեմ, այլ ոչ թե ընտանեկան հավաքի ժամանակ, խանութում կամ սրճարանում։

- Հանգիստ քննարկեք այն հարցերը, որոնցում տարաձայնություններ ունեք երեխայի հետ, սակայն խուսափեք թեժ վիճաբանություններից, քանի որ դրանք ոչ միայն չեն մեղմի, այլև ավելի կսրեն հակասությունը։

- Առարկելու կամ անհամաձայնության դրսևորման պատշաճ ձևեր սովորեցրեք երեխային։ Ասացեք, որ կարևոր է կարողանալ սեփական կարծիքը հստակ ձևակերպել, քաղաքավարի լսել դիմացինի կարծիքը, հանգիստ մեկնաբանություններ անել կամ նոր հարցեր բարձրացնել և ընդունել վերջնական որոշում։ Նման վարքի օրինակ ծառայեք այլ մեծահասակների հետ տարաձայնությունները լուծելիս։

- Հետևողական եղեք մեծահասակներին հակաճառելու ձեր մոտեցումներում և նույն պահանջները ներկայացրեք ամեն օր։ Այլապես ինչի՞ նման կլինի, եթե դուք մի օր հանդուրժեք, որ ձեր երեխան ձեզ կոպիտ պատասխանի, իսկ հաջորդ օրը պատասխանատվության ենթարկեք նրան նույն վարքի համար։

- Երեխայի առաջ անհնար պահանջներ դնելով մի՛ ստեղծեք այնպիսի իրավիճակ, երբ հակաճառելու անհրաժեշտությունն անխուսափելի է։

- Համոզվե՛ք, որ երեխան հասկանում է, թե ինչ եք իրենից ակնկալում, և երբ դա պետք է արվի։ Խուսափեք վիճաբանություններից, հատկապես, երբ համոզված եք, որ նա գիտեր, թե ինչ էիք իրենից սպասում։ Իսկ եթե երեխան դիմադրում է, և ինքն է փորձում ձեզ հակաճառել, ընդհատեք նրան՝ ասելով. ''Դու շատ լավ գիտես, թե ինչ պիտի անես'', և հեռացեք նրա մոտից։

- Երբ ցուցումներ եք տալիս երեխային, նախապես զգուշացրեք, որ չեք պատրաստվում դրանք կրկնել։

- Վաղօրոք հստակ պարզաբանեք, թե ինչ հետևանքներ են սպասվելու հակաճառելու համար, և հետևողականորեն կիրառեք դրանք։

- Եթե լսում եք, որ երեխան հակաճառում է ազգականին, ուսուցչին, դայակին կամ մեկ այլ մեծահասակի, անմիջապես հեռացրեք նրան այդ միջավայրից։ Թույլ տվեք, որ երեխան հասկանա, թե ինչն է սխալ արել։

- Երեխայի՝ հակաճառելու տհաճ սովորույթը հաղթահարելու գործում ներգրավեք ազգականներին, ուսուցիչներին և դայակներին։

- Երեխայի հետ կռվարար տոնով մի՛ խոսեք. դա ավելի կխրախուսի նրան կոպիտ պատասխան տալ։ Օրինակ՝ "Շուտ գնա՛ ու դասերդ սովորիր" ասելու փոխարեն կարող եք ասել. "Ես գիտեմ, որ շատ տնային աշխատանք ունես կատարելու։ Չե՞ս կարծում, որ արդեն դրանով զբաղվելու ժամանակն է"։

- Հանկարծակիի մի բերեք երեխային անսպասելի պահանջներով, որ կարող են զայրույթ և հուսահատություն առաջացնել նրա մոտ՝ ստիպելով հակաճառել։ Աշխատեք, որ երեխան նախապես իմանա, թե ինչ է սպասվում իրեն և երբ։

Պարտականությունների ցուցակ պատրաստեք, երեխային հանձնարարեք նախապես սահմանել դրանց կատարման ժամկետը և հետևողականորեն վերահսկեք դրա իրականացումը՝ այսպիսով խրախուսելով երեխայի մոտ ժամանակի կազմակերպման հմտությունների զարգացումը։


Նյութը ''Ձեռնարկ ծնողների համար'' գրքից

Նյութի էլեկտրոնային սկզբնաղբյուր` Doctors.am