Օգոստոսի 1-ին «Ալֆաստոմ» կլինիկան Հայաստանի Օրթոդոնտների Ասոցիացիայի հետ համատեղ Երևանում կազմակերպում է ստոմատոլոգիական միջազգային սեմինար՝ «Օկլյուզիայի խանգարումների ախտորոշումը, կանխարգելումը և բուժման սկզբունքները թերապևտիկ, օրթոպեդիկ ստոմատոլոգիայում և օրթոդոնտիայում» թեմայով: Մանրամասներին Doctors.am-ին ծանոթացրեց սեմինարի նախաձեռնող և գլխավոր համակարգող, «Ալֆաստոմ» կլինիկայի գլխավոր բժիշկ, ՀՀ ԱՆ գլխավոր մանկական ստոմատոլոգ, բ.գ.դ. Հրանտ Տեր-Պողոսյանը:
Մանրամասնե՛ք, խնդրեմ, ի՞նչ սեմինար է սպասվում Օգոստոսի 1-ին: Որո՞նք են քննարկման առանցքային թեմաները: Ի՞նչ սկզբունքով են ընտրվել հրավիրված մասնագետները:
Օգոստոսի 1-ին կայանալիք սեմինարի առանցքային թեման է ատամնահպման խնդիրների քննարկումը: Նախկինում էլ են եղել համաժողովներ՝ գեղեցիկ ատամներ պատրաստելու, վիրահատական միջամտության մեթոդների վերաբերյալ, սակայն նման մասշտաբով դեռևս չի քննարկվել «Խոսելիս և ծամելիս ատամնահպման գործառույթի» թեման: Նման խնդրի հետ առնչվում է յուրաքանչյուր ստոմատոլոգ՝անկախ իր նեղ մասնագիտացումից: Ատամների հպման խնդիրները կարող են հանգեցնել մի շարք այլ խնդիրների առաջացման ևս՝ ատամների ժամանակից շուտ կոտրում, արհեստական պսակների ապացեմենտավորում, ձայներ՝ բերանը բացել-փակելիս, մկանային ցավեր՝ ընդհուպ կրկնվող գլխացավեր: Այս նպատակով սեմինարին մասնակցություն ունենալու համար հրավիրել ենք միջազգային մակարդակի մասնագետների, ովքեր կմանրամասնեն՝ ինչպես կարգավորել ատամնային հպման խնդիրները, որպեսզի դրանք աշխատեն «ժամացույցային պտուտակների» ճշգրտությամբ՝ պացիենտին պարգևելով հարմարավետության զգացողություն, և , իհարկե, չվնասելով առողջությանը:
Սեմինարի մյուս կարևորագույն շեշտադրումն այն է, որ խոսվելու է քնի խանգարումների և մարդու առողջության վրա դրանց ազդեցության մասին: Երևան է ժամանելու այս ոլորտում միջազգային փորձագետ՝ Սահագ Մահսերեդջյանը:
Քնի խանգարումները՝ պայմանավորված ծնոտի ոչ ճիշտ դիրքով և լեզվի դիրքի խանգարումներով, արդի խնդիր են ստոմատոլոգիայում:
Կարելի՞ է ենթադրել, որ, ընդհանուր առմամբ, սեմինարը նպատակ ունի հայ բժիշկներին ծանոթացնել համաշխարհային ստոմատոլոգիայի զարգացումներին, նորագույն մեթոդներին:
Իհարկե: Նմանատիպ սեմինարներն արտերկրում բավական թանկ արժեն: Իմնպատակն է նաև, որ հայ բժիշկները հե՛նց մեր երկրում կարողանան մասնակցություն ունենալ միջազգային մակարդակի գիտաժողովի, ձեռք բերել նոր գիտելիքներ և փորձի ամրապնդում:
Ովքե՞ր կարող են ներկա գտնվել սեմինարին՝ միա՞յն ստոմատոլոգ-օրթոդոնտները, թե՞այլ հարակից մասնագետներ ևս:
Սեմինարին կարող են մասնակցել ստոմատոլոգիական կլինիկաներ, անհատ բժիշկներ՝ստոմատոլոգիական բոլոր մասնագիտացումներով: Հատկանշական է նաև, որ սեմինարին նախատեսում ենք մի շարք հարակից մասնագիտություններով բժիշկների մասնակցություն ևս՝ թոքաբաններ, նյարդաբաններ, կարող են մասնակցություն ունենալ նաև ԼՕՌ մասնագետներ:
Ինչպե՞ս եք նախատեսում սեմինարի ընթացքը՝ զեկույցների ներկայացում,կլինիկական դեպքերի քննարկում… Մանրամասնե՛ք, խնդրեմ:
Բանախոսները երկուսն են: Նախ ելույթ կունենա Կոնստանտին Ռոնկինը, ով զուգահեռ աշխատում է Բոստոնում և Մոսկվայում. նա կներկայացնի ատամնահպման խնդիրների վաղ և արագ (Express) ախտորոշման եղանակները:
Ծնոտաբանությունը հայ ստոմատոլոգների համար դեռևս մութ հարց է , հուսանք, որ սեմինարի ընթացքում թերի հարցերը կբարզաբանվեն և կմեկնաբանվեն մասնագետի կողմից: Նախատեսում ենք, իհարկե, նաև կլինիկական դեպքերի քննարկում,սարքավորումների ներկայացում աշխատանքային գործընթացում և այլն:
Մյուս հյուրը՝ Սահագ Մահսերեդջյանը, միջազգային փորձագետ է և գիտելիքների մեծպաշար ունի ատամնաշարի հպման խնդիրների բուժման ոլորտում:
Սա նշված մասնագետների հետ համագործակցության առաջի՞ն փորձն է:
Նրանց հետ ես համագործակցում եմ արդեն շուրջ 5 տարի: Առիթ ենք ունենում շփվել միջազգային տարբեր գիտաժողովների ընթացքում, սակայն սա նրանց առաջին այցն է Հայաստան:
Սեմինարին կարող են մասնակցել նաև ուսանողներ: Որքանո՞վ եք կարևորում նաև նրանց ներգրավվածությունն այս սեմինարին:
Սա ինձ համար շատ կարևոր հարց է, քանի որ այս սեմինարն ուսանողներին հնարավորություն կընձեռնի ստանալ գիտելիքներ, որ նրանք կստանային գուցետարիներ անց կամ ընդհանրապես չէին իմանա: Այս հանդիպման միջոցով նրանք կծանոթանան միջազգային նորագույն մոտեցումներին ստոմատոլոգիայի ոլորտում,կկարողանան պատկերացում կազմել, թե ստոմատոլոգիական ո՞ր ուղղություններն ենայսօր արդի աշխարհում, և, միգուցե, կամրապնդվի նաև նրանց սերը սեփական մասնագիտության նկատմամբ:
«Ալֆաստոմ» կլինիկան, լինելով նմանատիպ միջազգային սեմինարներ նախաձեռնող և համակարգող, ի՞նչ հաջողությունների է հասել իր գործունեության տարիների ընթացքում: Որո՞նք են ձեր աշխատանքային կարևորագույն սկզբունքները և ձեռքբերումները:
Մեր կլինիկայի հիմնական ձեռքբերումը մեր պացիենտներն են, նրանց լավ արձագանքներն ու գնահատականը: Տարիներ շարունակ աշխատել ենք նրանց մատուցել ստոմատոլոգիայում կիրառվող ժամանակակից մեթոդներով ախտորոշում և բուժում, ստեղծել հարմարավետ պայմաններ: Իսկ անմիջապես կլինիկայի ներսում համակարգչային տոմոգրաֆի և ռենտգեն սարքավորումների առկայությունը թույլ է տալիս աշխատանքը կազմակերպել առավել սեղմ ժամանակահատվածում և պացիենտի համար ապահովել նաև ֆինանսական մատչելիություն:
Կլինիկայում սկսել ենք կիրառել ատամնաշարի ուղղման նորագույն մեթոդներ,օգտագործել դրանք բուժական և ուսումնական գործընթացում, քանի որ «ԱլֆաՍտոմ»կենտրոնը նաև ուսումնական բազզա է Երևանի պետական բժշկական համալսարանի համար:
Մեծ ձեռքբերում եմ համարում մեր երկրում դեռևս եզակի Դոլֆին ծրագրի ներդրումը,ինչն իրենից ներկայացնում է համակարգչային մեխանիզմ և օգնում է պլանավորել պացիենտի բուժման ողջ ընթացքը: Այս դեպքում պացիենտը կարողանում է հստակ տեսնել սպասվելիք արդյունքը, ներկայացնել իր դիտարկումները, կարծիքը: Այսպիսով, մեր աշխատանքի առանցքում մեր պացիենտներն են, նրանց առողջությունը և գոհունակությունը;
Ո՞րը կլինի Ձեր հրավերի խոսքն ընթերցող-բժիշկներին: Ի՞նչ նոր գիտելիքներ կստանան մասնակիցները՝ սեմինարին ներկա գտնվելով:
Ես ԵՊԲՀ ստոմատոլոգիայի ֆակուլտետում դասավանդում եմ արդեն 20 տարի, և հավատացեք՝ քաջ գիտակցում եմ, թե որո՞նք են այս ոլորտի ուժեղ և թույլ կողմերը: Սեմինարի համար թեմաներն ընտրվել են հենց այս սկզբունքով: Ասեմ նաև, որ մասնակցությունը կօգնի ձեռք բերել ամենօրյա աշխատանքում կիրառելի գիտելիքներ ևս:
Նմանատիպ հանդիպումները, հուսամ, կլինեն շարունակական, կփորձենք մեկս մյուսի գիտելիքները կիսելով՝ զարգացնել ստոմատոլոգիան Հայաստանում, լինել միջազգային զարգացումների կիզակետում: Սիրով հրավիրում եմ բոլոր հետաքրքրված անձանց Օգոստոսի 1-ին մասնակցություն ունենալ սեմինարին, հանդիպել միջազգային մակարդակի բժիշկ-ստոմատոլոգների հետ, քննարկել արդի և ձեզ հուզող հարցեր:
Հաստատել մասնակցությունը սեմինարին