Քիթ-կոկորդ ականջաբանություն. տարածված հիվանդություններ և  բուժական մեթոդներ. մասնագիտական գործունեությունից մանրամասներ է ներկայացնում ԼՕՌ բժիշկ, Բ.Գ.Թ, Արթմեդ ԲԿ-ի «Ականջի քթի և կոկորդի հիվանդությունների ծառայության» ղեկավար Արայիկ Ղարիբյանը:

Բժիշկ Ղարիբյան, քիթ-կոկորդ-ականջաբանության ո՞ր ուղղություններով եք զբաղվում ինքներդ:

Ես ինքս իրականացնում եմ հիվանդների ինչպես ամբուլատոր, այնպես էլ վիրահատական սպասարկում: Կոնսերվատիվ բուժման ենթակա հիվանդություններից կարող եմ առանձնացնել ականջաբորբերը (օտիտ)՝ թարախային, կատառալ, ադհեզիվ, հայմորիտներ, ֆրոնտիտներ, ռինիտներ, լարինգիտ, մեկ խոսքով՝ բուժական ամբողջ ծավալը ներկայացված է մեր բաժանմունքում:

Վիրահատական բուժման մեթոդներից մեզ մոտ կիրառվում է տոնզիլէկտոմիա, ադենոտոմիա, սեպտոպլաստիկա՝ քթի միջնապատի ուղղում, ռինոպլաստիկա (քթի պլաստիկ վիրահատություն), կատարվում է էնդոսկոպիկ և ռադիկալ հայմորիտոմիա, պոլիպոտոմիա…

Մենք չենք իրականացնում միայն միջին և ներքին ականջի վիրահատություններ, ուռուցքային հիվանդությունների բուժում, քանի որ կենտրոնում գործում է հատուկ այդ մասնագիտացումն ունեցող ծառայություն:

Ըստ Ձեզ, ԼՕՌ վիրաբուժությունն այսօր զարգացած է մեր երկրում, և բոլոր հիվանդները կարող են բուժվել հենց մեր երկրում:

Հանրապետությունում այսօր ունենք շատ լավ մասնագետներ, բոլորս էլ այսօր ինտերակտիվ շփման մեջ ենք թե՛ միմյանց, թե՛ միջազգային բժշկական հանրության հետ, և ոլորտն այսօր Հայաստանում այն մակարդակն ունի, որ մեր բոլոր պացիենտներին կարող ենք սպասարկել հենց այստեղ: Ուրախությամբ պետք է ասեմ, որ ոչնչով հետ չենք մնում զարգացած երկրների մեր կոլեգաներից:

Շատ հաճախ նաև, որոշակի տեխնիկական բացը լրացվում է մասնագիտական բարձր որակի միջոցով:

Այո, իհարկե, լիովին համամիտ եմ: Մեր բժիշկները նաև ավելի մարդկային են մոտենում յուրաքանչյուր պացիենտի, բացակայում է այն խիստ մեխանիզացված մոտեցումը, որն առկա է ամբողջ աշխարհում:

Ի՞նչ առանձնահատկություններ ունի ԼՕՌ բժշկի մասնագիտացումը: Չէ՞ որ գործ եք ունենում մարդու օրգանիզմի թերևս ամենակարևոր գործառույթի՝ շնչառության հետ:

Մեր մասնագիտությունը թերապիայի և վիրաբուժության լավագույն համակցություններից մեկն է: Տարիներ ի վեր թերապևտներն ասում են՝«որտեղ վերջանում է թերապևտիկ բուժումը , այնտեղ միայն սկսվում է վիրաբուժությունը», իսկ վիրաբույժները համառողրեն պնդում են , որ առաջնայինը վիրահատական բուժումն է: Սա թերևս կարևորագույն առանձնահատկություններից է:

Ո՞ր հիվանդություններն այսօր մեծ տարածում ունեն: Ձեր աշխատանքային բազմամյա փորձի ընթացքում նկատու՞մ եք արդյոք հիվանդացությունների աճ կամ նվազում:

Տարիների ընթացքում հիվանդացությունների փոփոխություն եմ նկարտում: Գիտեք՞, եթե նախկինում մարդիկ ավելի համախ դիմում էին տոնզիլեկտոմիայի համար, ապա այսօր  շատ են քթային շնչառության հետ կապված խնդիրները: Ժամանակին մարդկանց վերաբերմունքն այսպիսին էր.՝ «դե հայի քիթը միշտ էլ ծուռ է», այսօր սակայն մարդիկ մտածում են, որ եթե կարելի է ունենալ լավ և առողջ շնչառություն, ինչու՞ չունենալ: Շատ եմ ունենում այցելուներ այս խնդրով, նկատում եմ, որ մարդկանց գիտակցական մակարդակն անհամեմատ բարձր է:

Ի՞նչ խնդիրների կարող են հանգեցնել շնչառության, հատկապես քթային շնչառության խանգարումները:

Կարևոր եմ համարում բոլորին ասել, որ բերանով շնչառությունը երբեք, որևէ դեպքում չի կարող փոխարինել քթային շնչառությանը: Քիթը, վերցնելով արտաքին օդը, խոնավեցնում, տաքացնում, միկրոբներից զրկում է այն, և ապա միայն ուղարկում օրգանիզմ: Իսկ բերանով շնչելու դեպքում կեղտոտ, ինֆեկցված օդը միանգամից անցնում է շնչափող և թոքեր:

Քթային վատ շնչառության արդյունքում առաջանում է թթվածնային քաղց, ինչն էլ հանգեցնում հաճախակի գլխացավերի, գլխապտույտների, հոգնածության և թուլության զգացողության, աշխատունակության անկման, հիշողության վատթարացման կամ կորստի: Թթվածնային քաղցը հանգեցնում է ուղեղային պաթոլոգիկ երևույթների առաջացման; Հնարավոր են նաև սրտային բարդություններ՝ հաճախասրտություն, արյան՝ թթվածնով հագեցվածության նվազում, ինչն էլ իր հերթին հանգեցնում է օրգանների վատ սնուցման: Ոչ պակաս կարևոր հետևանք է նաև վատ քունը: Երբ առավոտյան արթնանում եք հոգնած, կարծես թե քնած չլինեք, սա առաջին հերթին քթային վատ շնչառության արդյունք է:

Եվ այս խնդիրը, փաստորեն, բացասաբար է ազդում ոչ միայն կյանքի որակի վրա, այլ նաև առողջությանը լուրջ վնաս է հասցնում: Ո՞ր դեպքերում է պետք անհապաղ դիմել ԼՕՌ մասնագետի:

Ես հիշում եմ, որ տարիներ առաջ մարդիկ ամաչում էին նույնիսկ դիմել քթի միջնապատի ուղղման վիրահատության: Այսօր, քաղաքակիրթ աշխարհում, յուրաքանչյուր ոք պետք է գիտակցի, որ քթային վատ շնչառությունն արդեն իսկ առիթ է դիմել մասնագետի, անցնել խորհրդատվություն և ստանալ համապատասխան բուժում:

Բժիշկ Ղարիբյան, իրականացնում եք նաև սեպտոպլաստիկա՝ քթի միջնապատի ուղղում: Հաճախ լսում ենք, որ պացիենտները մինչև վիրահատությունը հարցնում են՝ թե այս վիրահատությունից հետո փոխվելու՞ է արդյոք թքի արտաքին տեսքը: Ի՞նչ կասեք Դուք:

Սա իսկապես շատ արդիական հարց է: Մեր հիվանդները իհարկե շատ են ցանկանում, որ սեպտոպլաստիկայից հետո փոխվի նաև քթի արտաքին տեսքը, գեղեցկանա, թերությունները շտկվեն… Հաճախ մի քիչ էլ վրդովված հարցնում են՝  «լավ, մի քիչ էլ չի ուղղվի՞»: Պետք է ասեմ, որ այս վիրահատությամբ ուղղվում է միայն միջնապատը:

Սակայն գիտենք, որ դուք համակցում եք նաև միջնապատի ուղղումը և պլաստիկան: Այնպես որ, պացիենտի ցանկությունը կարելի է բավարարել:

Այո, ճիշտ եք նկատել: Նույնիսկ այս ոլորտում մեծ համբավ վայելող բժիշկ պրոֆեսոր Գ. Պիսկունովն ասել է, որ քթի պլաստիկ վիրահատություն պետք է իրականացնի ԼՕՌ բժիշկը. նա առավել մեծ ուշադրություն է դարձնում շնչառական ֆունկցիային, և հետո միայն  արտաքին տեսքին:

Զբաղվում եք նաև մանկակա՞ն պաթոլոգիաներով: Որո՞նք են տարածում ունեցող խնդիրները և ի՞նչ լուծում եք առաջարկում Դուք:

Այո, իհարկե: Երեխաների մոտ հաճախ հանդիպող խնդիրներ են միջին օտիտները (ականջացավը):

Մանկական պրակտիկայում շատ հաճախ հանդիպող խնդիր է նաև ադենոիդը (ժողովրդական լեզվով ասած՝ քթի միսը): Սա Պիրոգովյան օղակի 7 լիմֆատիկ հանգույցներից մեկն է:

Հաճախ գործ ենք ունենում քմային նշիկների բորբոքման հետ (անգինաներ):Ես նախընտրում եմ անմիջապես չդիմել վիրահատական բուժման և խնդիրը լուծել կոնսերվատիվ եղանակով: Նույնը վերաբերում է նաև տոնզիլիտներին: Իմ խոր համոզմամբ և եվրոպական նորագույն ուղեցույցներով՝   3-5 տարեկան երեխաների դեպքում տարվա ընթացքում 7 անգինան միայն կարելի է համարել քրոնիկ տոնզիլիտ և դիմել վիրահատական բուժման: Մյուս դեպքերում կոնսերվատիվ եղանակը լիովին բավարար է հիվանդի առողջացման համար:

Շնորհակալ ենք, բժիշկ Ղարիբյան՝ հետաքրքիր և ինֆորմատիվ զրույցի համար: Իսկ ընթերցողը ԼՕՌ հիվանդություններին վերաբերող թեմաներին առավել մանրամասն կարող է ծանոթանալ մեր հետագա հոդվածներում և Ձեզ հետ հարցազրույցներում:

Ես ևս շնորհակալ եմ: Ուրախությամբ պիտի տեղեկացնեմ, որ այժմ գործում է նաև իմ ֆեյսբուքյան մասնագիտական էջը, որտեղ կլինեմ ինտերակտիվ իմ ընթերցողի հետ և սիրով կպատասխանեմ բոլոր հարցերին ու նամակներին:


Հեղինակ՝ Ամալյա Գրիգորյան
Աղբյուրը՝ Doctors.am
21 Հոկտեմբերի, 2015