Այսօր՝ մարտի 4-ին նշվում է Ճարպակալման դեմ պայքարի միջազգային օրը: Մինչ այս այդ օրը տարիներ շարունակ նշվել է հոկտեմբերի 11-ին: Իհարկե, ամսաթվի փոփոխությունից խնդիրը չի փոխվում, ճարպակալումն ամբողջ աշխարհում շարունակում է մնալ լուրջ խնդիր և դրա կանխարգելմանը և հաղթահարմանն ուղղված քայլերը միշտ արդիական են: Օրվա շրջանակներում խոսել ենք Հայաստանում բարիատրիկ (ճարպակալման) վիրաբուժության հիմնադիր, ընդհանուր, լապարոսկոպիկ վիրաբույժ  Արամ Սեդրակյանի հետ: 

Ինչպե՞ս կբնութագրեք ճարպակալում երևույթը

Ճարպակալումը ժառանգականորեն պայմանավորված քրոնիկ հիվանդություն է, որի հիմքում ընկած է ավելորդ ճարպի կուտակումը բոլոր օրգան համակարգերում, որը բերում է աղեստամոքսային, էնդոկրին, միզասեռական եւ հենաշարժիչ համակարգերի հիվանդությունների առաջացման:
Ճարպակալմանը նպաստող գործոններն են՝

  • պասիվ կենսակերպ
  • հորմոնալ խանգարումներ
  • նյութափոխանակության խանգարումներ
  • անառողջ սննդի չարաշահում
  • գենետիկ նախատրամադրվածություն:

Ինչպե՞ս հասկանալ՝ արդյոք մարդու մոտ առկա է ճարպակալում թե՞ ոչ

Առողջապահության համաշխարհային կազմակերպության (WHO) կողմից միջազգային չափանիշ է դարձել բանաձևը, որով որոշվում է մարմնի զանգվածի ինդեքսը (BMI): Այն որոշելու համար քաշը բաժանում ենք հասակի քառակուսու վրա:

Օրինակ, եթե Ձեր քաշը 85 կգ է, հասակը՝ 165 սմ, ապա մարմնի զանգվածի ինդեքսը հաշվարկվում է հետեւյալ կերպ՝ 85: (1,65 × 1,65) = 31,2:
Ստացված թիվն էլ հենց կհուշի Ձեզ՝ արդյոք ունեք ճարպակալում, թե ոչ:


Եվ այսպես, եթե հաշվարկի արդյունքում BMI ցուցանիշը կազմել է՝

  • 25-30 - ունեք ավելորդ քաշ
  • 30-35 - 1-ին կարգի ճարպակալում
  • 35-40 - 2-րդ կարգի ճարպակալում
  • 40-45 - 3-րդ կարգի ճարպակալում
  • 45 եւ բարձր - մորբիդ ճարպակալում

Ինչո՞վ է վտանգավոր ճարպակալումը

Ճարպակալումը և դրա հետեւանքով առաջացած բարդություններն աշխարհում մահացության դեպքերի 5-րդ տեղն են զբաղեցնում՝ սիրտ-անոթային և օնկոլոգիական հիվանդություններից հետո:

Ճարպակալումն առաջացնում է՝

  • սիրտ-անոթային հիվանդություններ
  • թոքերի գերծանրաբեռնված աշխատանք
  • ոսկրամկանային համակարգի ծանրաբեռնվածություն
  • էնդոկրին համակարգի խաթարում
  • միզասեռական համակարգի խանգարումներ
  • վերարտադրողական համակարգի խնդիրներ
  • անպտղություն

Ճարպակալուման հետևանքով հնարավո՞ր  է անպտղություն առաջանալ

Ճարպակալումով պացիենտների մոտ անպտղությունը տարածված է, քանի որ ճարպակալումով տղամարդկանց մոտ բարձր են կանանց հորմոնները՝ էստրոգենները, իսկ կանանց մոտ՝ տեստոստերոնը:
Ճարպակալումով կանանց մոտ՝

  • խախտված է դաշտանային ցիկլը
  • առկա է մազակալում

Տղամարդկանց մոտ՝

  • վատ սպերմատոգենեզ

Ի՞նչ է ճարպակալման վիրահատությունը

Ճարպակալման կամ բարիատրիկ վիրահատությունը ստամոքսի երկայնակի մասնահատումն է, որն ուղղված է ստամոքսի ծավալի փոքրացմանն ու այդ կերպ մարմնի քաշի նվազեցմանը:
Վիրահատությունը կատարվում է լապարոսկոպիկ եղանակով:
Վիրահատության ժամանակ հեռացվում է ստամոքսի մեծ կորության հատվածը: Արդյունքում՝ մարդն ունենում է բանանի չափ ստամոքս՝ 200 միլիլիտր ծավալով:

Կարեւոր. ստամոքսի մեծ կորության հետ միասին հեռացվում է նաեւ քաղցի հորմոն արտադրող բջիջների խումբ, որը հետվիրահատական շրջանում նպաստում է՝

  • սննդի նկատմամբ այլ վերաբերմունքի ձեւավորմանը
  • քաղցի զգացողության նվազմանը
  • նախասիրությունների (օրինակ՝ սեր քաղցրի նկատմամբ) փոփոխությանը:

Որոշ մարդիկ խուսափում են ստամոքսի մասնահատումից: Նման դեպքերում կատարվում է այլ վիրահատություն, որի ժամանակ ստամոքսի մեծ կորության հատվածը ոչ թե հեռացվում, այլ ծալվում է դեպի ներս: Վիրահատությունը նույնպես կատարվում է լապարոսկոպիկ եղանակով: Այս եղանակը նույնպես անվտանգ է: Վիրահատությունից 2-3 օր անց արդեն պացիենտը դուրս է գրվում հիվանդանոցից եւ անցնում իր բնականոն կենսակերպին:

Իսկ առանց վիրահատության ինչպե՞ս կարելի է պայքարել ճարպակալման դեմ

Ճարպակալում ունեցող շատ մարդիկ խուսափում են վիրահատությունից, սակայն ելք կա, այն է՝ ստամոքսի բալոնավորումը: Պրոցեդուրան իրականացվում է էնդոսկոպիկ եղանակով:
Ստամոքսում ժամանակավոր բալոն է տեղադրվում, որը տարածք է գրավում՝  առաջացնելով հագեցվածության զգացողություն:

Ի՞նչ հետազոտություններ է պետք անցնել նախքան ճարպակալման վիրահատությունը

Ճարպակալման վիրահատություն կարելի է կատարել սկսած 16 տարեկանից:
Վիրահատությունից առաջ կատարվում է՝

  • պացիենտի հորմոնալ ֆոնի հետազոտություն
  • գաստրոսկոպիա
  • թրքական թամբի ռենտգեն
  • թոքերի ռենտգեն
  • սիրտ-անոթային համակարգի հետազոտություն
  • արյան ընդհանուր քննություն
  • ուլտրաձայնային հետազոտություն

    Աղբյուրը՝ Doctors.am