Այն մասին, որ վնասված նյարդային բջիջները (նեյրոնները) հնարավոր է ոչ միայն վերականգնել, այլ նաև խթանել նոր նեյրոնների առաջացմանը, «Голос Армении» թերթին տված հարցազրույցում հաղորդեց ԵՊԲՀ կենսաքիմիայի ամբիոնի վարիչ պրոֆեսոր Միխայիլ Աղաջանովը:
Ինչպես հաղորդում է «Երկրամաս» ինֆորմացիոն կենտրոնը, իր հարցազրույցում պրոֆեսոր Աղաջանովը պատմել է Ալցհեյմերի հիվանդության մասին իրենց ամբիոնում կատարված հետազոտության մասին:  
 
Մենք հետազոտում ենք հիմնական բնութագրիչ ցուցանիշները տվյալ պաթոլոգիայի համար, և հետո, օգտագործելով հայ գիտնականների կողմից ստեղծված մի քանի նոր պրեպարատներ, փորձում ենք հետազոտել դրանց հնարավոր պաշտպանողական ազդեցությունը նեյրոնների վրա: Խոսքը գնում է Արմեն Գալոյանի և Լևոն Մկրտչյանի կողմից ստեղծված պրեպարատների մասին: Այս պրեպարատները բացարձակապես տարբեր են իրենց կառուցվածքով, դրանք տարբեր կերպ են կարգավորում ներքին բջջային մեխանիզմները և ունակ են վերականգնել վնասված նեյրոնները, արդյունավետ են  շաքարային դիաբետի բուժման այլ պաթոլոգիաների ժամանակ, -նշել է  Մ. Աղաջանովը:
 
- Տևական ժամանակ ընդունված էր, որ նյարդային բջիջները չեն վերականգնվում, և սա էր ձևավորում համապատասխան մոտեցումները նեյրոդեգեներատիվ հիվանդությունների նկատմամբ. դրանք համարվում էին անբուժելի: Ժամանակակից հետազոտությունների արդյունքները  չեն արդարացնում այս հայեցակետերը: Որոշակի պայմաններում նեյրոնները վերականգնվում են, ինչպես ես արդեն նշեցի, հաստատում են և մեր հետազոտությոն արդյունքները: Բայց մինչ այն, որ նեյրոդեգեներատիվ հիվանդությունների բուժումը կկիրառվի կլինիկական պրակտիկայում, կանցնի որոշակի ժամանակ: Գլխավորը, որ նեյրոնների վերականգնման ֆենոմենը ապացուցվել է փորձով: Մկրտչյանի ստեղծած պրեպարատը լինելով հակաուռուցքային վակցինա նաև հանդիսանում է հզոր իմունոմոդուլյատոր: 

Ուժեղացնելով օրգանիզմի իմունային պատասխանը, այն միավորում է որոշակի մեխանիզմներ, որոնք վերականգնում են վնասված նյարդային բջիջները և ակտիվացնում են ցողունային բջիջները նոր նեյրոնների սինթեզի համար, -պատմեց պրոֆեսորը:

 
Միխայիլ Աղաջանովի խոսքերով՝ հաշվի առնելով պրեպարատի ազդեցության լայն շրջանակը, կարելի է սպասել նրա բարերար ազդեցությանը նաև աուտիզմի դեպքում:
 
- Վերջին 1,5 տարվա ընթացքում մեր ամբիոնը զբաղվում է նաև այս խնդրով: Սակայն այս հետազոտությունները դեռևս սկզբնական փուլում են, և վաղ է խոսել այն մասին, թե որքան արդյունավետ կլինեն այս պրեպարատները աուտիզմի դեպքում, անհրաժեշտ է մեծ հետազոտական աշխատանք իրականացնել, -ասաց պրոֆեսորը:
 
Հայ գիտնականների հետազոտության արդյունքներին արդեն ծանոթ են նաև արտերկրում: «Եվ՛ ես, և՛ մեր ամբիոնի այլ աշխատակիցները, միշտ մասնակցում ենք միջազգային գիտական կոնֆերանսների, որտեղ հանդես ենք գալիս զեկույցներով, հրապարակում ենք հոդվածներ հեղինակավոր գիտական հանդեսներում: Եվ պետք է նշեմ, որ մեր հետազոտության արդյունքները մեծ հետաքրքրություն են առաջացնում արտերկրի մեր գործընկերների մոտ»- նշեց Մ. Աղաջանովը:
 

Թարգմանված նյութի աղբյուրը՝ Doctors.am
Սկզբնաղբյուր՝ Yerkramas.org
13 Հոկտեմբերի, 2015