Առաջին ժամերին ծնողները սովորաբար ժամանակ չունեն երեխային ուշադիր նայելու. չէ որ ամեն ինչ` ծնունդից սկսած մինչև կերակրելը, շատ հուզիչ է, իսկ ուրախությունը` անսահման: Հիմա` երեխային կերակրելիս, փոթոթելիս ու լողացնելիս, նրա հետ հաղորդակցվելիս, ծնողները բավական ժամանակ ունեն երեխային ուսումնասիրելու համար: Սկզբում փորձում են հոր կամ մոր հետ նմանություն գտնել: Ծնողներից շատերը սկսում են շատ ուշադիր ուսումնասիրել իրենց փոքրիկին: Հնարավոր է, որ նա չունի Ձեր սպասած տեսքը. գլուխը մի քիչ ծուռտիկ է, մարմնի համեմատ` խոշոր, մաշկն էլ նման չէավելի մեծ հասակի փոքրիկների մաշկին, բայց մի քանի օր անց կսկսվեն զգալի փոփոխությունները:

Մարմնի մասերի համամասնությունը

Սկզբում մարմինն ավելի երկար է, քան վերջույթները, ձեռքերը ոտքերից երկար են, ներբաններն անհամեմատ մեծ են թվում: Բացի այդ նորածնի փորիկը կարող է առաջ ցցված, նույնիսկ ուռած լինել: Քանի որ փոքրիկը գրեթե զուրկ է ճարպից, նա թվում է շատ փխրուն, նիհար: Բայց մարմնի մասերի համամասնությունը ժամանակի ընթացքում կփոխվի, կկարգավորվի:

Գլուխը

Գլուխը նորածնի մարմնի ամենամեծ մասն է, փոքր-ինչ ձվաձև է, որպեսզի հեշտ անցնի ծննդաբերության ընթացքում: Հազվադեպ է լինում, որ նորածնի գլուխն ունենա կանոնավոր տեսք: Երբեմն գլուխն այտուցված է լինում, մի քանի տեղերում սեղմված կամ երկարությամբ ձգված: Այդ ձևափոխությունը երկունքի ցավերի ժամանակ արգանդի մկանների սեղմման կամ ծննդաբերության ընթացքում վակումային սեղմիչներ գործածաելու հետևանք է: Գլխի այդ ձևափոխությունը չի ազդում գլխուղեղի գործունեության վրա, քանի որ այդ ժամանակ մաշկի միայն վնասվածք կամ այտուց է առաջանում: Երեխայի կյանքի առաջին շաբաթներին այդ ձևափոխությունները սկսում են նկատելիորեն պակասել:

Գաղտունը

Գանգի ոսկորները սերտաճած չեն, որպեսզի շարժական լինեն, երկունքի ցավերի և ծննդաբերության ժամանակ ենթարկվենմկանների սեղմմանը: Բացի այդ, երեխայի կյանքի առաջին տարում գանգուղեղի ծավալը պիտի կրկնապատկվի, իսկ գանգատուփը պիտի համապատասխանաբար մեծանա: Ոսկորների մոտեցման նեղ շերտերում առաջանում են երկու փափուկ << բաց >> հատվածներ (գաղտուն), որոնք պաշտպանվում են միահյուսող հյուսվածքներով: Այդ հատվածների նկատմամբ պետք է ուշադիր, զգույշ լինել, ոչ մի դեպքում չի կարելի դրանք սեղմել: Փոքրիկ գաղտունը կփակվի 5-8 ամիս անց, իսկ մեծը` 18-24 ամիս անց:

Մազերը

Հղիության շրջանում պտուղը ոտքից գլուխ պատված է փափուկ աղվամազով: Այդ մազային փափուկ ծածկույթը (lanuqo) փոքրիկներից շատերը կորցնում են դեռևս նախածննդյան շրջանում, մյուսներն էլ ծնվում են ամբողջովին այդ ծածկույթով պատված: Ծննդից մի քանի օր անց այդ մազերը թափվում են, երբեմն գլխի մազերն էլ են թափվում: Իհարկե, գլխի մազածածկույթը հետագայում կվերականգնվի, չնայած մազերի գույնը, կառուցվածքը (ուղիղ կամ գանգուր) կյանքի առաջին տարիներին և հետագայում կարող է հաճախակի փոխվել:

Աչքերը

Բոլոր նորածինները սկզբում կապտագորշ աչքեր ունեն: Դրա պատճառը ծիածանաթաղանթում գունանյութերի բացակայությունն է: Դրանք կսկսեն ձևավորվել երեխայի ծննդից մի քանի շաբաթ անց, փոքրիկի աչքերը կգունավորվեն: Մեկ-երկու տարվա ընթացքում երեխայի աչքերը կստանան իրենց բնական գույնը: Նորածիններից շատերի աչքերն այտուցված են լինում: Դա ծննդաբերության ժամանակ աչքերը պինդ փակելու հետևանքն է: Սովորաբար այտուցը մի քանի օրից անհետանում է: Երբեմն փոքրիկները շլում են աչքերը: Սկզբում դա նորմալ է, փոքրիկը դեռ պիտի սովորի նայել: Նա դեռևս չի կարող զույգ աչքերով միաժամանակ նայել, դրան էլ կվարժվի մեկ- երկու ամսվա ընթացքում: Եթե երեք ամսականում երեխան դեռ շլում է աչքերը, պետք է դիմել բժշկի:
Ուշադիր ծնողները կնկատեն, որ սկզբնական շրջանում երեխան անարցունք է լալիս: Մոտավորապես 4-5 շաբաթ անց կնայտնվեն առաջին արցունքները: Նորածիններից շատերի արցունքաբեր ծորանները խցանված են կամ սեղմված, արցունքները դուրս հոսել չեն կարողանում, աչքերի անկյուններում ձևավորվում են սպիտակ արտաթորություններ: հաճախ ծորանի նեղացումը կյանքի առաջին ամիսներին անցնում է ինքնիրեն, բայց մինչ այդ հարկավոր է օրվա ընթացքում մի քանի անգամ թղթե անձեռոցիկով զգուշորեն մաքրել այդ արտաթորությունները:

Քիթը

Ծննդաբերության ժամանակ տուժում է նաև նորածիններից շատերի ցցված քթիկը, որը կողքի է թեքվում կամ ճզմվում: Որոշ ժամանակ անց քթիկն ուղղվում է: Միևնույն է, քիթն իր ավարտուն տեսքը կընդունի միայն սեռական հասունացման շրջանում:

Կուրծքը

Նորածինների կուրծքը, անկախ սեռից, կարող է փքված լինել, իսկ պտուկներից հաճախ կաթնային հեղուկ է հոսում: Փքվածության պատճառը փոքրիկի արյան մեջ մայրական հորմոնների առկայությունն է: Մի քանի օր անց այդ հորմոնները կանհետանան, փքվածությունը կանցնի և կաթնային հեղուկի հոսքը կդադարի ինքնիրեն:

Պորտը

Ծննդաբերությունից հետո պորտալարը կտրում են նորածնի փորիկից 10 սմ հեռավորության վրա և ամրացնում սեղմիչով: Պորտալարի մնացորդը չորանում է և 14 օրվա ընթացքում պոկվում: Պետք է ուշադիր խնամել պորտի վերքը մինչև լրիվ առողջանալը: Պորտային ճողվածք է առաջանում, երբ փորի մկաններում մեծ անցք կա (պորտային ճողվածք): Այդ դեպքում նույնիսկ աղիքը կարող է դուրս գալ: Փոքրիկներից շատերը ծնվում են պորտային ճողվածքով, բայց դա կյանքի առաջին ամիսներին ինքնիրեն անհետանում է: Երբ երեխան գոռում է, ճողվածքը ցցվում է, բայց չի մեծանում:

Սեռական օրգանները

Բոլոր նորածինների արտաքին սեռական օրգանները մարմնի համեմատ շատ մեծ են: Երեխայի աճի ընթացքում այդ հարաբերությունը փոխվում է: Արտաքին սեռական օրգանները կարող են հիվանդագին կարմիր տեսք ունենալ: Դրա պատճառը փոքրիկի արյան շրջանառության մեջ մայրական հորմոնների առկայությունն է: Աղջնակների սեռական օրգաններում կարող են արնագույն կամ սպիտակ արտաթորություններ հայտնվել: Մի քանի օր անց մայրական հորմոնները կքայքայվեն, և այդ երևույթները կդադարեն:

Մաշկը

Նորածնի մաշկը սկզբում ծածկված է լինում հետծննդյան լորձունքի մնացորդներով: Մաշկը վարդագույնից մինչև մուգ երկնագույն է լինում, քանի որ արյունատար անոթներն աստիճանաբար վերակառուցվում են` մոր օրգանիզմից դուրս աշխատելու համար: Մարմնի մի քանի մասերում մաշկը կարող է թեփոտ լինել, քանի որ մաշկի վերին շերտը երեխայի կյանքի առաջին օրերին չորանում է: Փոթերը և կնճիռները մի քանի օրից անհետանում են: Մաշկի վրա կարող են խալեր լինել, նաև վարդագույն բծեր` ճակատի կենտրոնում, կոպերի, ծնոտի և վզի վրա: Դրա պատճառը արյունատար անոթների լայնացումն է, որը մի քանի ամիս անց կանցնի: Շատ հաճախ երեխայի քթիկի վրա հայտնվում են փոքրիկ սպիտակ բծեր` պզուկներ և թարախային բշտիկներ: Դրա պատճառը մանր ճարպագեղձերի խցանումն է: Որոշ ժամանակ անց այդ գեղձերը կսկսեն նորմալ գործել: Մաշկը կարմիր բծերով ծածկող ցանը սովորաբար անվնաս է և արագ անհետանում է:
Երեխայի կյանքի երկրորդ-երրորդ օրը մաշկը կարող է դեղնել: Դա, այսպես կոչված, << նորածինների դեղնախտն >> է (ֆիզիոլոգիական դեղնախտ), որը տարբերվում է սովորական դեղնախտից: Մաշկի դեղին գույնի պատճառն արյան ավելորդ կարմիր գնդիկների քայքայումն է: Բիլիռուբինը երեխայի մաշկին դեղին գույն է տալիս: Մի քանի օր անց մաշկի դեղին գույնն անհետանում է, երեխայի լյարդը նորմալ է գործում: Եթե լյարդը երկար ժամանակ չի կարողանում քայքայել բիլիռուբինը, ուրեմն հարկավոր է դիմել բժշկի:

Ոտքերը և ներբանները

Մոր արգանդում տեղի պակասի պատճառով` գրեթե բոլոր երեխաները ծնվում են << Օ >>-ի տեսքով ոտքերով, հաճախ ներբանները ներս են ծալված: Բայց պետք չէ անհանգստանալ: Երբ երեխան քայլել է սովորում, նրա ոտքերը հաճախ խաչաձև են լինում և միայն սեռական հասունացման շրջանում են ուղղվում: Առողջ փոքրիկի ներբաններն ունենում են չփռված մատներ և նեղ կրունկ: Ներբաններն ունենում են ոչ թե կլոր, այլ տափակ ձև, ճարպային հաստ շերտ:

Կղկղելը

Երեխայի առաջին կղկղանքը կպչուն է լինում, մուգ, հաճախ սև գույնի, հոտ չի ունենում: Աղիքից դուրս է գալիս այսպես կոչված առաջնային կղկղանքը (մեկոնիում), որը բաղկացած է կուլ տված հյուսվածքների, լորձի, ճարպային նյութերի մանր կտորներից: Հետագայում կղկղանքի գույնը և կազմությունը կախված կլինեն երեխայի սննդից` բնական կամ արհեստական:

 

Նյութի էլեկտրոնային սկզբնաղբյուր` Doctors.am