Ամռանը մենք ունենք բոլոր հնարավորությունները մեր ոտքերի գեղեցկությունը հնարավորինս հաճախ ցուցադրելու համար: Նշանակում է, որ պետք է նրանց մասին հոգալ առավել բծախնդրորեն:
 
Քանի որ մեր արտաքին տեսքը դառնում է բոլորի ուշադրության առարկան, ապա ոտքերին՝ ազդրերից մինչ ոտնաթաթը, պետք է ամենօրյա մանրակրկիտ խնամք: Վերջինս ենթադրում է և՛ նորաոճ ոտնահարդարում, և՛ ոճային հարմարավետ կոշիկ, և՛ կանոնավոր դեպիլյացիա, և՛ մաշկի ամենօրյա խոնավեցում, ինչպես նաև՝ մի շարք այլ միջոցներ, որոնք մեզանից յուրաքանչյուրին թույլ կտան գտնվել բարձունքում նույնիսկ ամենաշոգ եղանակին:
Ստուգեք Ձեզ՝ արդյո՞ք ամեն ինչ գիտեք ոտքերի խնամքի մասին տարվա ամենաարևոտ եղանակին: 
 
 
Ամառային պարտադիր միջոց. ոտքերի դեզոդորանտ
 
Ոտքի գեղեցկության և հիգիենայի խնամքը սկսվում է հատուկ դեզոդորանտի կիրառումից: Այն ոչ միայն ազատում է տհաճ հոտից, այլ նաև պայքարում է ոտնաթաթի քրտնարտադրության դեմ՝ օգնելով ոտքերին առավել հեշտ տանել շոգը սառեցնող էֆեկտի շնորհիվ: Ուշադիր կարդացե՛ք փաթեթավորման վրայի տեղեկատվությունը. կան միջոցներ, որոնք նախատեսված են ամենօրյա կիրառման համար, և կան այնպիսիք, որոնք կիրառելի են առավելագույնը շաբաթը երկու անգամ՝ ակտիվ հակաբակտերիալ ազդեցության պատճառով: Դեզոդորանտը պետք է տարածել չոր մաքուր ոտքի մաշկին. գուլպաների, գոլֆերի և կոշիկի ներդիրների վրա քսելը թուլացնում է միջոցի արդյունավետությունը:
 
 
Ամառային պարտադիր միջոց. արևայրուքի դեմ քսուկ
 
Թերևս արդեն կարիք չկա ինչ-որ մեկին համոզել ակտիվ արևից մաշկը պաշտպանելու և առողջ արևայրուքի խնամքի անհրաժեշտության մասին: Մենք միայն կհուշենք, թե SPF-ի ինչ քանակ է պետք կիրառել քաղաքում, և ինչպիսին՝ լողափին և շոգ երկրներում հանգստի ժամանակ: Աշխատանքային օրերին բավական է կիրառել 10-15 SPF առավոտյան քսուկը: Դա տարածում են մաքուր երեսին՝ նախքան դիմահարդարումը: Ամառանոցում և լողափին պետք է կիրառել 20-25 SPF: Իսկ հարավային ծովափին անհրաժեշտ է կիրառել 50 SPF (հանգստի վերջին օրերին կարելի է պաշտպանությունը նվազեցնել՝ հասցնելով մինչև 30 SPF-ի):
Արևապաշտպան միջոցը պետք է քսել դեմքի և մարմնի չոր մաշկի վրա փողոց դուրս գալուց կես ժամ առաջ: Արևապաշտպան միջոցը պետք է թարմացնել 1.5 ժամը մեկ, կամ ծովում կամ լողավազանում լողալուց և լողափին ցնցուղ ընդունելուց հետո:  
 
Ամառային պարտադիր միջոց. Եղունգների լաք
 
Ոտնահարդարումը՝ խնամված կնոջ կամ աղջկա անբաժանելի մասն է: Արդյո՞ք ժամանակը չէ թարմացնել Ձեր եղունգի լաքերի գեղեցիկ հավաքածուն: Ամառ-2014 հավաքածուի ոտնահարդարման նորաձև գույներն են համարվում՝ պաստելային կանաչը, դասական կարմիրը՝ Մերլին Մոնրոյի ոճի մեջ, շոկոլադե շագանակագույնը, մանուշակագույնը, նեոնային նարնջագույնը և մետալիկ ոսկեգույնը: Եթե սիրում եք ֆրենչ անել, կարող եք այն անել ինչպես դասական՝ թափանցիկ-սպիտակ գույնով կամ կաթնագույն-վարդագույնով, այնպես էլ տարբեր գույներով: Իսկ եղունգների վրա տարատեսակ նկարներն արդեն դուրս են եկել նորաձևությունից:   
Կարևո՛ր է. ինչ գույն էլ ընտրեք, մի՛ մոռացեք եղուգների առողջության խնամքի անհրաժեշտության մասին. հիմնական երանգը քսեք բազային թափանցիկ ծածկույթի վրա:
 
Ամառային պարտադիր միջոց. մերսող սարք ոտնաթաթի համար
 
Ի՞նչ արդյունք է տալիս ոտքերի համար մերսող սարքը ճիշտ կիրառելու դեպքում: Հայտնի է, որ մարդու ոտքերին տեղակայված են ավելի քան վաթսուն կենսաբանական ակտիվ կետեր: Վերջիններիս խթանումը հանգեցնում է ոտքերի արյունամատակարարման բարելավմանը, հոգնածության և այտուցվածության նվազեցմանը, հարթաթաթության և ոտնաթաթի և մատների դեֆորմացիաների կանխարգելմանը և օրգանիզմի տոնուսի բարձրացմանը: Ոտքի առողջության և գեղեցկության համար նախատեսված սարքերը շուկա են դուրս գալիս գորգիկների, հատուկ ոտնամանների (հողաթափերի), խոզանակների/գլխիկների, էլեկտրական սարքերի (ներառյալ՝ հիդրոմերսիչ վաննաները) տեսքով: Ժամանակակից մարդու համար դրանք փոխարինում են ոտաբոբիկ խոտի կամ ավազի վրայով քայլքին: Թե ինչպես օգտվել սարքից՝ կհուշեն ցուցումները:
 
 
Ամառային պարտադիր միջոց. էպիլյատոր
Կանացի գեղեցկության էսթետիկան պահանջում է անընդմեջ պայքար մարմնի և ոտքերի մազերի դեմ: Ավելորդ մազերից ազատվելու հայտնի միջոց է համարվում էպիլյատորը: Ժամանակակից սարքերը տարաբնույթ են՝ սարքավորումներն ունենում են կոկիկ դիզայն, մեկ գլխիկ և արագության երկու ռեժիմ. իսկ ժամանակակից սարքերը կարելի է կիրառել հենց լոգանք ընդունելու ժամանակ, ունեն արագության կարգավորման տարբեր ռեժիմներ և մի քանի գլխիկներ, այդ թվում տրիմեր՝ նախատեսված մարմնի նուրբ հատվածների համար, մերսող և սառեցնող գլխիկներ: Այսպիսով՝ էպիլյատորի ընտրությունը կախված է միայն Ձեր բյուջեից. թե՛ էժանագին և թե՛ «ամենախելացի» և թանկարժեք գեղեցկության սարքերն ի վերջո ապահովում են միանման արդյունքներ՝ 3-4 շաբաթ մաշկը մնում է թավշյա հարթ:
 
Թարգմանված նյութի սկզբնաղբյուրն ՝ Doctors.am
Նյութը՝ Health.passion.ru