Կրծքագեղձի քաղցկեղը աշխարհում ամենատարածվածներից է, սակայն պարբերաբար հետազոտվելն օգնում է հնարավորինս վաղ հայտնաբերել այն, հետևաբար հաջողությամբ բուժել։ Այսօր Հայաստանում կրծքագեղձի հետազոտությունն ավելի ճշգրիտ և անցավ է շնորհիվ մամոգրաֆիկ նորագույն սարքավորման, որի մասին խոսել ենք Էրեբունի ԲԿ-ի մամմոլոգիայի և կրծքագեղձի վիրաբուժության ծառայության ղեկավար, կրծքագեղձի օնկոպլաստիկ վիրաբույժ Ներսես Բերբերյանի հետ՝ անդրադառնալով նաև կրծքագեղձի առողջության, ինքնազննման և քաղցկեղի վաղ հայտնաբերման կարևորությանը։

Բժի՛շկ Բերբերյան, որքանո՞վ է տարածված կրծքագեղձի քաղցկեղը և ի՞նչ դեր ունի վաղ հայտնաբերումը։

Կրծքագեղձի քաղցկեղը արդեն անցյալ տարվանից թիվ մեկ քաղցկեղային հիվանդությունն է երկու սեռերի մոտ էլ ամբողջ աշխարհում, բայց լավ նորությունն այն է, որ այս հիվանդությունը շատ լավ է ենթարկվում բուժման, ինչը էապես կախված է վաղ հայտնաբերումից։ Զարգացած երկրներում, որտեղ պետական մակարդակով ներդրված է մամոգրաֆիա սկրինինգային ծրագրերը, կրծքագեղձի քաղցկեղը հնարավոր է լինում հայտնաբերել առաջին փուլում կամ նախաքաղցկեղային վիճակում, ինչը թույլ է տալիս բուժելիության ցուցանիշները հասցնել գրեթե հարյուր տոկոսի։ Զարգացող երկրներում, այդ թվում նաև մեր երկրում, պատկերն այսպիսին չէ։ Դրա հիմնական պատճառն այն է, որ հիվանդությունը հաճախ վաղ փուլում չի հայտնաբերվում։ Հենց դրա համար ես խորհուրդ եմ տալիս ժամանակին հետազոտվել։

Սեռահասուն տարիքից սկսած, ցանկալի է վեց ամիսը մեկ սոնոգրաֆիա անցնել, իսկ 40 տարեկանից հետո տարին մեկ կամ երկու անգամ՝ մամոգրաֆիա։ Ընդ որում, այս հետազոտությունները շատ մեծ ֆինանսական ծախսեր չեն պահանջում, փոխարենը մեծապես օգնում են կանխել հնարավոր լուրջ խնդիրների զարգացումը։ Բացի այս որքան շուտ է հայտնաբերվում խնդիրը, այդքան ավելի քիչ է լինում ֆինանսական ծանրաբեռնվածությունը բուժման ընթացքում։

Ովքե՞ր են կրծքագեղձի քաղցկեղ ունենալու ռիսկի խմբում։

Ռիսկի խմբում են հիմնականում այն կանայք, որոնք ունեն հորմոնալ խնդիրներ, անցել են հղիության հետ կապված հորմոնալ ինդուկցիոն թերապիաներ, որոնց մոտ դաշտանը սկսվել է բավականին շուտ՝ 12-13 ից ավելի վաղ, ինչ որ չափով ռիսկի խմբում են նաև այն կանայք, որոնք առաջին ամբողջական հղիությունը ունեցել են ուշ տարիքում՝ 30-ից հետո։

Բացի այս շատ կարևոր դեր է խաղում ժառանգականությունը։ Կան նաև նպաստող գործոններ՝ ճարպակալումը, դաշտանադադարի ուշ լինելը՝ ոչ թե մոտ 50 տարեկանում, այլ շատ ավելի մեծ տարիքում։

Ի՞նչ ախտանշաններից կարելի է ենթադրել, որ կրծքագեղձի առողջության հետ կապված խնդիր կա և ի՞նչ ինքնազննման տարբերակներով կարելի է իմանալ դրա մասին։

Մենք համարում ենք քաղցկեղը վաղ հայտնաբերված, երբ դեռևս չկան ախտանշաններ։ Երբ արդեն գանագատներ կան, ապա ամենայն հավանականությամբ խոսքը առաջնային փուլի կամ նախաքաղցկեղային վիճակի մասին չէ։

Ցանկացած կին պետք է տիրապետի ինքնազննման պրոցեսին և պատկերացում ունենա իր կրծքագեղձերի մասին։ Եթե կինը դեռևս դաշտանային տարիքում է, ապա դաշտանը ավարտվելուց հինգ-վեց օր հետո պետք է հատուկ վարժությունների միջոցով ինքնազննում անցկացնի՝ շոշափելով կրծքագեղձերը և ստուգելով հնարավոր փոփոխությունները։

Կասկածելի որևէ բան շոշափելու պարագայում պետք է դիմել մասնագետի օգնությանը։ Պետք է դիմել նաև այն դեպքում, երբ պտուկից որևէ արտադրություն կա` հատկապես արյունային, երբ վերքային մակերես կա, երբ նկատվում է սահմանափակ կամ տարածուն կարմրություն կրծքագեղձի մաշկին։

Գիտեմ, որ Էրեբունի ԲԿ-ում այժմ կա նոր մամոգրաֆիկ սարքավորում։ Կնշե՞ք, թե ինչ սարքավորում է և ի՞նչ առավելություններ ունի։

Խոսքը վերջին սերնդի թվային մամոգրաֆիկ սարքավորման մասին է, որն ունի ամենաքիչ ճառագայթային ծանրաբեռնվածությունը, ինչպես նաև յուրահատուկ ֆունկցիաներ, որոնք չկան մեր երկրի այլ հիվանդանոցներում։ Խոսքը կոնտրաստային մամոգրաֆիայի մասին է, որը նորույթ է Հայաստանում և նպաստում է կրծքագեղձում բազմաօջախային և մանր օջախային գոյացությունները հայտնաբերելուն։ Սարքավորումն օգնում է առավել ճշգրիտ պատկերացում կազմել վիրահատության ծավալի մասին, ինչպես նաև ավելի ճիշտ գնահատել քիմիոթերապիայի արդյունքը։  Այսինքն մենք հստակ պատկերացում ենք կազմում, թե տվյալ ուռուցքը քիմիայի արդյունքում որքանով փոքրացավ։ Բացի այս սարքավորումն ունի ևս մեկ առավելություն, որը վստահ եմ կհետաքրքրի մեր կանանց։ Նրանք հաճախ խուսափում են մամոգրաֆիայից ցավի պատճառով, սակայն այս սարքավորումն ունի յուրահատուկ ինքնասեղմման ֆունկցիա։ Այսինքն մենք ապահովում ենք կրծքի թեթև սեղմում, կնոջը տալիս ենք փոքրիկ վահանակ, և նա կարողանում է սեղմել այնքան, որքան իրեն հարմար է։

Դուք օնկոպլաստիկ վիրաբույժ եք, կմանրամասնե՞ք, թե սա ինչ է նշանակում և մի փոքր էլ ներկայացրեք Էրեբունի ԲԿ-ի մամոլոգիայի և կրծքագեղձի վիրաբուժության ծառայությունը։

Կրծքագեղձի վիրաբուժությունը նախկինի նման չէ։ Սյսօր մենք անում ենք ամեն բան կուրծքը պահելու համար։ Օնկոպլաստիկ վիրաբույժը նոր տերմին է մամոլոգիայի մեջ։ Նա այն մասնագետն է, որը հավասարպես տիրապետում է և՛ օնկոլոգիային, և՛ պլաստիկ վիրաժությանը՝ անելով հնարավորը, որ ուռուցքը հեռացվի, բայց պահպանվի կրծքագեղձի արտաքին տեսքը։

Բնականաբար այս ամենը կարող ենք անել նոր սկսվող քաղցկեղի դեպքում։ Որքան ուշ փուլերում հայտնաբերված խնդիր եղավ, այնքան ավելի բարդ կլինի այդ ամենը, հետևաբար պրոֆիլակտիկ պարբերաբար հետազոտվելը կրծքագեղձի պահպանման լավագույն գրավականն է։

Այսպիսով նախկինում ընդունված մոտեցումները՝ հեռացնել ամբողջ կրծքագեղձը, այլևս համարյա չենք կիրառում։

Մեր մամոլոգիայի և կրծքագեղձի վիրաբուժության բաժանմունքը հագեցած է ամեն ինչով կրծքագեղձի առողջության պահպանման, ախտորոշման և բուժման համար: Բարձրակարգ մամոգրաֆիան և սոնոգրաֆիան մեկ տեղում են, ինչը շատ հարմար է այցելուի համար, քանի որ նա կարիք չունի մի տեղից մյուսը գնալ տարբեր հետազոտություններ իրականացնելու համար։

Անմիջապես հետազոտության ընթացքում վիրաբույժը ռադիոլոգի հետ միասին քննարկում են յուրաքանչյուր կնոջ մոտ հայտնաբերված փոփոխությունները,

Բիոպսիայի անհրաժեշտության դեպքում դա կատարվում է տեղում, առանց ձգձգման և արհեստական բարդացման։ Աշխատանքի այս մոդելը զարգացած երկրներում ստացել է Breast Unit անվանումը, որը հաջողությամբ ներդրել ենք մեր բաժանմունքում: