«Արաբկիր» բժշկական համալիրի, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության, «Քրոնիմեդ» բարեգործական հիմնադրամի և Երևանի քաղաքապետարանի համատեղ  ջանքերով Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում գտնվող  թիվ 92 մանկապարտեզում 2015 թվականից գործում է նախաներառական կրթության մասնաշենք:

Պիլոտային այս ծրագիրն ուղղված է հատուկ կարիքներ ունեցող երեխաների համար նախակրթական պայմանների ստեղծմանն ու բարելավմանը, նրանց անհատական կարիքների հիման վրա այլընտրանքային սոցիալական ծառայությունների տրամադրմանը: Մանկապարտեզն ունի վերականգնողական սարքավորումներ, ֆիզիկական դաստիարակության և ֆիզիոթերապիայի դահլիճ:  

Երևանում գործող վերականգնողական կենտրոնների կողքին N92 մանկապարտեզը եզակի է, որ անվճար կերպով մուլտիդիսցիպլինար մոտեցում և միաժամանակ ցերեկային խնամք է տրամադրում երեխաներին սկսած 3 տարեկանից:

Այս և մասնագիտական ակտուալ հարցերի շուրջ Doctors.am-ը զրուցեց մանկապարտեզի լոգոպեդ Սոնա Սարգսյանի հետ:

-Մեր մանկապարտեզում գործում են ներառական և նախաներառական  խմբեր:

Այստեղ կարող են ընդգրկվել որոշակի խոսքային խանգարումներ, հենաշարժողական համակարգի խնդիրներ ունեցող, մտավոր սահմանափակումներ ունեցող, ինչպես նաև վարքագծի խնդիրներով բալիկներ:

Մեր մանկապարտեզի նախաներառական հատվածը իր գործունեությունը սկսեց 2015 թ.-ից և ի ուրախություն, այս փաստը բավական մեծ անդրադարձ ունեցավ լրատվամիջոցներում, նպաստելով հասարակության իրազեկման բարձրացմանը:

- Ներկայացրեք խնդրեմ, ինչո՞վ է այն տարբերվում սովորական մանկապարտեզներից, ի՞նչ հավելյալ թերապիաներ այստեղ կարող է երեխան ստանալ:

- Մանկապարտեզի նախաներառական հատվածում մեր երեխաները ստանում են համալիր մոտեցում և համեմատած մյուս մանկապարտեզների, որտեղ գործում են առավելագույնը 1-2 մասնագետ  (մեծամասամբ լոգոպեդ և հոգեբան), մեզ մոտ կա բազմամասնագիտական թիմ. ներգրավված է լոգոպեդ, հոգեբան, ֆիզիոթերապիստ, էրգոթերապիստ, հատուկ մանկավարժ/…

Մեր կարևորագույն նպատակներից է, որ երեխան, մանկապարտեզն ավարտելիս հնարավորինս պատրաստ լինի դպրոց հաճախելուն:

- Երեխան մանկապարտեզ պետք է գա արդեն իսկ հստակ ախտորոշմամբ,  թե՞ կենտրոնի մասնագետները որոշակիորեն կարող են նաև ուղղորդել:

-Հիմնականում դիմում են ախտորոշմամբ, իսկ եթե ոչ, մենք ենք ուղղորդում գնահատման կենտրոն և համայնքի պոլիկլինիկայի մանկաբույժի մոտ, աշխորոշելու համար: Մանկապարտեզում երեխաների հետ տարվող աշխատանքը կազմակերպվում է  հենց ախտորոշման հիման վրա , ինչպես նաև հաշվի է առնվում մասնագետների դիտարկումները:

- Երևանում գործում են վերականգնողական կենտրոններ, որտեղ անցկացված ժամերի և պարապմունքների համար ծնողը վճարում է: Մանկապարտեզը, ինչպես հասկացանք, այս ամենը տրամադրում է անվճար:

- Այո, իհարկե: Մանկապարտեզը առավել նպատակահարմար է այն առումով, որ եթե վերականգնողական կենտրոններում երեխաները կարող են անցկացնել  կուրս, որը կտևի ընդամենը 1-2 ամիս՝ մեզ մոտ երեխան անցկացնում է տարիներ, որից հետո, իհարկե, աշխատանքի արդյունավետությունը լինում է անհամեմատ ավելի բարձր և ակնհայտ:

Պետք է ասել նաև, որ վերականգնողական կենտրոններում երեխան ստանում է միայն թերապիաներ, իսկ այստեղ, բացի թերապիաները, մենք երեխային տրամադրում ենք նաև իր տարիքին և ունակություններին համապատասխան կրթական որոշակի ծրագիր:

Ի տարբերություն վերականգնողական կենտրոնների `մանկապարտեզում երեխաները սնվում են, խաղում, քնում, անցկացնում պարապմունքներ, մասնակցում միջոցառումների, որոնք էլ ապահովում են երեխաների  ներառումը և շփումը հասակակիցների հետ:

- Մանկապարտեզում ինչպե՞ն են առանձնացվում խմբերը, որպեսզի հենց երեխայի համար դիսկոմֆորտ չլինի:

Խմբերը  ձևավորվում են ըստ տարիքի: Ներառական խմբերից յուրաքանչյուրում ընդգրկված է զարգացման խնդիրներ ունեցող  երեք երեխա:

 

- Ինչպե՞ս է կատարվում աշխատանքի կազմակերպումը:

-Աշխատանքի կազմակերպման, պլանավորման ընթացքում հաշվի է առնվում տարբեր մասնագետների աշխատանքի համակցումը և, որ ոչ պակաս կարևոր է՝  խմբի դաստիարակի և ծնողի ներգրավումն աշխատանքին:

Կախված երեխայի զարգացման մակարդակից, բացի ստանդարտ թերապիաները, կազմակերպվում են նաև  ֆիզկուլտուրայի, երգ-երաժշտության, ծեփի պարապմունքներ: Օրինակ` աուտիստիկ սպեկտրի խնդիրներով երեխաների համար շատ արդյունավետ է երաժշտաթերապիան:

Խիստ կարևոր է նաև ծնողների հետ զրույցը և երեխայի հետ տարվող աշխատանքի  մշակված պլանի քննարկումը, անամնեստիկ տվյալների հավաքագրումը ` ինչպես են նկատել բալիկի խնդիրը, երբ և ինչ մասնագետի են դիմել և այլն…

Պլանը կազմելիս մենք հաշվի ենք առնում նաև երեխայի նախասիրությունները:

- Կարծում եմ, բացի մանկապարտեզում անցկացված ժամերը, շատ կարևոր է, որ տանը ևս երեխայի հետ աշխատանք տարվի ծնողի կողմից:

-Այո, միանշանակ այդպես է: Մեր աշխատանքի արդյունավետության խիստ կարևոր մասնիկ է նաև ծնողի ներգրավվածությունը, երբեմն-երբեմն նրա ներկայությունը պարապմունքներին: Ծնողին պետք է իրեն հասկանալի, մատչելի կերպով բացատրել երեխայի խնդիրը, պահանջները, որպեսզի նա ունենա իրատեսական պատկերացում խնդրի մասին և կարողանա նպաստել երեխայի զարգացմանը:

Ըստ Ձեր դիտարկման, որո՞նք են այսօր ամենամեծ տարածում ունեցող խոսքային խնդիրները երեխաների շրջանում:

-Նախադպրոցական տարիքում ամենատարածված խոսքային խանգարումը դիսլալիան (թլվատություն) է:

Անպայմանորեն կուզեի բարձրաձայնել նաև նորագույն տեխնոլոգիաների բացասական ազդեցության մասին երեխաների խոսքի զարգացման վրա: Թվում է, թե դրանք միայն դրականորեն կարող են անդրադառնալ, սակայն սա միայն առաջին հայացքից: Իսկ իրականում, երբ երեխայի մոտ դեռ ձևավորված չէ իր մայրենի լեզուն՝ որպես նշանային համակարգ, տարբեր գաջեթներից լսելով օտար լեզվով և ոչ ճիշտ բովանդակությամբ նյութեր, երեխան դա ընկալում է ավելի արագ, քան մայրենին: Այս պարագայում երեխայի մոտ առաջանում է խառնաշփոթ, և որպես հետևանք՝ խոսքի հապաղում:

Իմ խոսքն է ծնողներին` լինել հնարավորինս հետևողական և ուշադիր, խնդիրը վաղ նկատելը և մասնագետին դիմելը կարող են ճակատագրական լինել և կանխորոշել երեխայի ապագան:

Տեսանյութեր՝

https://www.youtube.com/watch?v=a2YRFpeFoUg
https://www.youtube.com/watch?v=63ZfLsks-8s


Աղբյուրը՝ Doctors.am