Թեմա - Ինքնագնահատական և արտաքին տեսք, պահանջված և նորաձև վիրահատություններ…
- Գոյություն ունի ՞ արդյոք նորաձևություն պլաստիկ վիրաբուժության ոլորտում: Ըստ Ձեզ` ինչպե ՞ս են փոխվում գեղեցկության մասին ընկալումները ժամանակի ընթացքում:
- Այսօր նորաձև է այն, ինչն ամսագրերի շապիկին է: Մարդիկ բոլոր ոլորտներում հակված են կրկնօրինակել այն ամենը, ինչ անում են համաշխարհային աստղերը` դիմահարդարում, վարսահարդարում, հագուստ…Ժամանակի ընթացքում, երբ մարդիկ եկել են այն գիտակցության, որ կարելի է անել որևէ բան ավելի գեղեցիկ երևալու համար, նրանք դա արել են: Նորաձևությունն ,իհարկե, շատ է փոխվում: Գեղեցիկի ընկալումները ևս փոխվում են:
- Ի՞նչը կհամարեք նորաձև մեր երկրում: Ամենատարածված պլաստիկ վիրահատությունը դեռևս քթի պլաստիկա ՞ն է, թե՞ կան որոշակի փոփոխություններ:
- Մեր երկրում, կարելի է ասել, որ պահանջները չեն փոխվում: Քանի որ հայ ազգն ունի գլխավոր էսթետիկ խնդիր` քթի չափը, ձևը, արդեն տարիներ շարունակ, և վստահ եմ, որ դեռ երկար տարիներ էլ սա կլինի արդի և հիմնական պլաստիկ վիրահատությունը մեր երկրում: Արդի լինելը պայմանավորված է նաև այն հանգամանքով, որ քթի պլաստիկ վիրահատությունը ցուցված է նաև երիտասարդ տարիքում. այս կերպ, մարդը, շտկելով թերությունը, կարողանում է ներկայանալ նորովի և մարդիկ իրեն ճանաչեն հենց այդպիսին: Շատ դեպքերում նաև երիտասարդ աղջիկները ոչնչացնում են լուսանկարները, որոնք իրենց հիշեցնում են նախկինում ունեցած մեծ կամ անհամաչափ քթի մասին: Նախորդ տարվա 500 վիրահատությունից 470-ը եղել է քթի պլաստիկ վիրահատություն և 30 այլ վիրահատություններ` ականջներ, կոպեր, դունչ…
- Ամեն դեպքում, կա՞ տարիքային սահմանափակում: Դեռահասության շրջանում կարելի՞ է դիմել այսպիսի վիրահատության:
- Աղջիկների դեպքում վիրահատությունը կարող է ցուցվել 16, իսկ տղաների դեպքում 18 տարեկանը լրանալուց հետո միայն, երբ ավարտվի սեռահասունացման շրջանը:
- Աշխատում եք նաև Մոսկվայում: Պահանջների, նորաձևության տարբերություն նկատու՞մ եք:
- Այո: Եթե այսօր անում եմ նաև այլ վիրահատություններ, դրանք հիմնականում Մոսկվայում աշխատելու շնորհիվ են: Իհարկե, խոսքն այնտեղի հայերի մասին չէ, քանի որ հայերի պահանջներն այստեղ և Մոսկվայում նույնն են: Շատ պահանջված է կրծքի պլաստիկ վիրահատությունը` մեծացում, միջին տարիքի կանայք (50–ին մոտ) արդեն սկսում են շտկել տարիքային փոփոխությունները: Մեր երկրում առօրյա, կենցաղային հոգսերը կնոջը խանգարում են զբաղվել իրենով` արտաքինով, առողջությամբ: Արտասահմանում անհամեմատ ավելի հակված են պահել սեքսուալությունը , ունենալ երիտասարդ տեսք… Ես, լինելով պլաստիկ վիրաբույժ, կարող եմ ասել, որ կողմ չեմ, երբ մարդն ուզում է ամբողջովին փոխել իր արտաքինը, ունենալ այլ տեսք: Պահանջարկն ուղիղ կապված է նաև տեղի, երկրի առանձնահատկությունների հետ: Օրինակ ԱՄՆ-ում, պլաստիկ վիրահատությունների մեջ առաջին տեղում լիպոսակցիաներն են:
- Բժշկությունը սխալ է դիտարկել արպես մաթեմատիտական ճշգրտություն: Ինչպե՞ս բժիշկը կարող է երաշխավորել ստացվելիք արդյունքը: Հնարավո՞ր է արդյոք բացառել բարդությունների առաջացման հավանականությունը:
- Խնդիրները բացառել չի կարելի: Եթե հնարավոր լիներ առանց խնդիրների պլաստիկ վիրահատություն իրականացնել, Մայքլ Ջեքսոնը չէր ունենա այդ խնդիրը: Աշխարհի ամենահարուստ մարդկանցից մեկին վիրահատում են աշխարհի լավագույն պլաստիկ վիրաբույժները և արդյունքը` ավելի վատ, քան նախորդը: Սրանք կոչվում են հնարավոր բարդություններ: Իհարկե, հմուտ բժշկի դեպքում, այս բարդությունների առաջ գալու հավանականությունը փոքր է, բայց՝ ոչ բացառված: Տեխնիկայի, օգտագործվող նյութերի բարձր որակի, բժշկի երկար տարիների փորձի առկայության պարագայում անգամ բարդությունների առաջ գալը չի բացառվում:
- Պատահե՞լ է, որ խորհրդատվության ընթացքում այցելուն հրաժարվի վիրահատվելու մտքից:
- Այո, եղել են նման դեպքեր: Իմ աշխատանքի սկզբունքն է լինել հնարավորինս անկեղծ: Ես հստակ պատասխանում եմ բոլոր այն հարցերին, որ առաջացել են այցելուի մոտ: Իհարկե, անչափ կարևոր է խորհրդատվության ընթացքում քննարկել վիրահատության բացասական կողմերը: Շատերի կարծիքով, կոսմետիկ բնույթը թեթևացնում է վիրահատությունը: Չեմ վիրահատում, մինչև վստահ չլինեմ, որ մարդն իսկապես ուզում է վիրահատվել, և ոչ թե որևէ մեկի ազդեցության տակ է, կամ, պարզապես հոգեբանական օգնության կարիք ունի: Եղել է դեպք, երբ դերասանուհին ցանկացել է վիրահատվել դերին համապատասխան լինելու համար: Պետք չէ մոռանալ, որ այս փոփոխությունն ամբողջ կյանքի համար է:
- Ինչպե՞ս եք իրականացնում խորհրդատվությունը: Ի՞նչ գործոններ պետք է հաշվի առնի բժիշկն այս դեպքում: Արդյոք հնարավո՞ր է լուծել ինքնագնահատականի, թերարժեքության խնդիրները, բարդույթները պլաստիկ վիրահատության օգնությամբ:
- Խորհրդատվության ժամանակ վիրահատությունը մերժելու դեպքում բժիշկը չի խախտում Հիպոկրատի երդում, սա, իհարկե, կյանքի ցուցում չունի: Բժիշկը կարող է ուղղորդել: Շատ դեպքերում զգում եմ, որ մարդն ունի առավել հոգեբանական խնդիր, իսկ արտաքին փոփոխությունը հոգեբանական խնդիրը չի լուծի: Մարդն այս դեպքում տեսնում է գոյություն չունեցող թերություն: Եթե աղջիկը դիմում է բժշկին` ձեռքին լուսանկար և խնդրում է իր քիթը նմանեցնել լուսանկարի աղջկա քթին, հարց է` նա իսկապես այդպիսի քիթ է ուզում, թե՞ ուզում է այդպիսի մարդ դառնալ: Պետք է նվազագույնի հասցնել այն վիրահատությունների թիվը, որոնց դեպքում խնդիրը կարելի էր լուծել ոչ վիրահատական եղանակով: Մարդու վերաբերմունքն արտաքինի այս կամ այն թերությանը կախված է նաև այդ պահին իր ունեցած սոցիալական դիրքից: Փոխվում է վերաբերմունքն իր անձի նկատմամբ: Մի հետաքրքիր օրնակ բերեմ. պարզվել է, որ մարդու կյանքն ավելի շատ է փոխվում ոչ թե քթի, այլ, օրինակ, կրծքի վիրահատությունից հետո: Միտքն այն է, որ եթե մարդը փոխում է ինչ-որ բան, որ տեսանելի է թեկուզ միայն իր համար, ավելի ինքնավստահ և գոհ է լինում, քան այն դեպքում, երբ փոփոխությունը տեսնում են բոլորը: Մեր վիրահատությունները անձի թերարժեքության խնդիր լուծող վիրահատություններ են: Մարդկանց հետ շփման մեջ սրանք միայն առաջին տպավորության համար են կարևորվում, հետագայում անտեսվում են արտաքին բոլոր թերությունները, երբ մարդ ունի լավ ներաշխարհ:
- Կար ժամանակ, երբ արտերկրից մեծ հոսք էր նկատվում Հայաստան հատկապես պլաստիկ վիրահատություն ստանալու նպատակով: Ի՞նչն է նպաստում սրան: Բժշկական տուրիզմը պայմանավորված է միայն համեմատաբար մատչելի գներո՞վ, թե՞…
- Այո, իսկապես: Մեզ մոտ բժշկական մի քանի ոլորտներում, այդ թվում նաև պլաստիկ վիրահատության մեջ բժշկական տուրզմի երևույթն առկա է: Երկու գործոնն էլ կան: Մեզ մոտ կատարվում են ոչ պակաս որակյալ վիրահատություններ և ավելի մատչելի գնով: Հիվանդների մոտ 70 տոկոսը գալիս է արտերկրից: Իսկ գների ցածր լինելը պետք է կապել ոչ թե որակապես զիջելու, այլ պարզապես տեղական շուկային հարմարեցված լինելու հետ: Մեր բժիշկները բավական լավն են` գրագետ են, մարդկային: Արտասահմանում շատ եմ հանդիպել , երբ բժշկին բացարձակ չի հետաքրքրում, թե ով է իր մոտ վիրահատվող անձը, ստորագրվում է պայմանագիր և այդպիսով կարգավորվում են բոլոր հարցերը: Օրինակ Մոսկվայում, շատ են լինում դեպքեր, երբ ռուս աղջիկը ցանկանում է վիրահատվել հենց հայ բժշկի մոտ: Մեր աշխատանքի լավագույն գնահատականն, իհարկե, մարդուն գոհացնելն է: Գեղեցկությունը հարաբերական է, կարևոր է, որ մարդը հավանի իր նոր արտաքինը: Այցելուի խնդիրը դառնում է նաև բժշկինը: Սա իսկապես շատ գնահատելի է:
- Կարելի է ասել, որ ժամանակի ընթացքում գեղեցկությունը դառնում է ստանդարտ, միանման: Եվ պլաստիկ վիրահատությունը լումա ունի այս գործում: Մարդը, նմանվելով բոլորին, չի ՞ կորցնում արդյոք ինքնատիպությունը:
- Կա նման երևույթ, սակայն, հակառակը ևս կա: Գեղեցիկի ընկալումները շատ են փոխվել: Երբ ինձ մոտ գալիս է հիվանդը, ես չեմ կարող միանգամից գլխի ընկնել, թե նա հենց որ խնդրով է դիմել: Մարդիկ կան, որ տիկնիկային արտաքին ունենալ են ուզում, մարդիկ էլ կան, որ պարզապես որոշ շտկումների համար են դիմում և չեն ցանկանում այդպիսով կորցնել ինքնատիպությունը: Հիմա բավական շատ են ադեկվատ պատճառներով վիրահատվել ցանկացողները, և դա շատ լավ է:
- Որո՞նք են հիթերը: Ու՞մ լուսանկարներով են Ձեզ հաճախ դիմում:
- Քիթը` Մեգան Ֆոքս, Ջոլի…Մոսկվայում հաճախ ցանկանում են նաև նմանվել այնպիսի մարդկանց, ովքեր իրականում գեղեցիկ քիթ չունեն:
- Երբևէ ստիպված եղե՞լ եք շտկել այլ բժիշկների կատարած վիրահատությունների արդյունքը: Դիմե ՞լ են նման հարցով:
- 2013-ին 50 նման վիրահատություն ենք ունեցել: Նման վիրահատություններ, կարծում եմ, որ բոլոր բժիշկներն էլ ունենում են:
- Շնորհակալություն հետաքրքիր հարցազրույցի համար:
Հեղինակ` Ամալյա Գրիգորյան
Հոդվածի հեղինակային իրավունքը պատկանում է Doctors.am կայքին:
Մարտ,2014թ.