Մեգակոլոնի դեպք` բարդացած խթաղու նեկրոզով և պերիտոնիտով

Մեգակոլոնը խթաղու լայնացմամբ բնութագրվող հիվանդությունների խումբ է: Տարբերում են բնածին և ձեռքբերովի մեգակոլոն: Բնածին մեգակոլոնի դեպքերի 80-85%-ը բաժին է ընկնում Հիրշպրունգի հիվանդությանը, 15-20%-ը` իդիոպաթիկ մեգակոլոնին, որի դեպքում չի հաջողվում ճշգրտորեն որոշել ֆունկ­ցիոնալ անանցանելիություն առաջացրած հատվածը:

 

 

Չնայած իդիոպաթիկ մեգակոլոնի կլինիկայի ավելի մեղմ ընթացքին, այս դեպքում ևս հնարավոր են բար­դություններ, ինչպիսիք են աղու պատի նեկրոզը և դիաստատիկ պատռվածքները:

 

Վերջին 5 տարիների ընթացքում մեր հսկողության տակ է հիվանդ, որը վիրահատվել է մեգակոլոնի կա­պակցությամբ:

 

Հիվանդ Կ.Ա., արական սեռի, ծնված 14.04.1982թ, Արմենիա ՀԲԿ 1-ին վիրաբուժական բաժանմունք է ընդունվել 14.08.2003թ-ին տարածուն պերիտոնիտի և աղիքային սուր անանցանելիության կլինիկական պատ­կերով: Գանգատվում էր որովայնի փքվա­ծությունից, ուժեղ մշտական ցավերից, սրտխառնոցից, դժվարաշնչությունից: Նշում էր վերոհիշյալ կլինիկայի 12 ժամվա անամնեզ: Կյանքի անամնեզում 4 տարե­կան հասակից դիտվել է որովայնի փքվածություն, որը պակասել է հոգնաներից հետո: Օբյեկտիվ` առկա էր որովայնի խիստ փքվածություն, պատի լարվա­ծություն, շոշափելիս` ցավ, որովայնամզի գրգռման ախտանիշները դրական էին ամբողջ որովայնում: Բախումը որոշում էր տուփային հնչյուն:

 

Տեսանելի լորձաթաղանթները ցիանոտիկ էին: Ռենտգենա­բա­նա­կան հետազոտությամբ հայտնաբերվել են խթաղու խիստ լայնացում և պնևմատոզ: Կարճատև նախա­պատրաստությունից հետո կատարվել է որովայ­նա­հատում, որովայնի խոռոչի մեծ մասը զբաղեցնում էր խիստ լայնացած և լցված խթաղին, որի տարբեր հատվածներում կային նեկրոզի օջախներ, առկա էր շճաֆիբրինային պերիտոնիտ:

 

Կատարվել է սուբտոտալ կոլէկտոմիա` թողնելով սիգմայաձև աղու մոտ 10սմ երկարությամբ հատված, ձևավորվել է ծայրային իլեոստոմա: Հետվիրահա­տա­կան շրջանում իլեոստոման գործել է կանոնավոր, հիվանդը դուրս է գրվել բավարար վիճակում:

 

27.01.2004թ-ին հիվանդը վիրահատվել է, կա­տարվել է իլեոսիգմոստոմիա:

 

Հիվանդը գտնվել է հսկողության տակ, պարբերա­բար ստուգվել է աղիներով պասսաժը: Եթե հետվիրա­հա­տական շրջանի 1-ին տարվա ընթացքում դիտվել է օրը մինչև 5-6 անգամ հեղուկ կղանք, ապա 4-րդ տարում դիտվել է ձևավորված կղանքով դեֆեկացիա` օրը 1-2 անգամ: Լաբորատոր ցուցանիշները նորմայի սահմաններում են:

 

 

 

Հեղինակ :  Ս.Ա. Ստեփանյան, Վ.Թ. Ափոյան, Խ.Տ. Էյրամջյան, Տ.Ռ. Խաչատրյան, Հ.Խ. Բատիկյան, Ի.Յու. Գևորգյան, Լ.Վ. Զանադվորով, Կ.Ա. Դավթյան, ԵրՊԲՀ Վիրաբուժության թիվ 2 ամբիոն, Արմենիա ՀԲԿ, վիրաբուժական կլինիկա
Աղբյուր :  Գիտա - գործնական Բժշկական Հանդես <<Մեդիցինսկիյ Վեստնիկ Էրեբունի>> - 3. 2008 (35) 24-25
   
   
Ներկայացնող`  Doctors.am