Ապագա մայրիկի սննդակարգը հատուկ ուշադրության կարիք ունի: Հղիության ընթացքում օրգանիզմը շատ կենսական վիտամինների և միներալների կարիք ունի: Հաճախ ստացվում է, որ անգամ մանրակրկիտ մշակված դիետան հնարավորություն չի տալիս լրացնել երեխայի ճիշտ զարգացման և մոր առողջության պահպանման  համար անհրաժեշտ նյութերը:

Ցանկալի է, որ կինը վիտամիններ սկսի ընդունել պլանավորված  հղիությունից 1-3 ամիս առաջ:  Երեխայի առոջղջության համար հարկավոր է, որ օրգանիզմը ստանա անհրաժեշտ քանակությամբ  վիտամիններ և միկրոտարրեր:  Սա իրագործվում է սննդակարգի, որոշ դեպքերում  էլ` վիտամինային կոմպլեքսների միջոցով:

Երեխայի օրգանները սկսում են ձևավորվել դեռ հղիության վաղ փուլում, երբ շատ մայրիկներ անգամ չեն էլ կասկածում, որ հղի են: Այդ իսկ պատճառով էլ կարևոր է «առողջ ապրելակերպը» և  ճիշտ սնունդը: Բացի այն, որ դա օգտակար է երեխայի համար, վիտամինները և միկրոտարրերը ապագա մայրիկի օրգանիզմում մեղմում են տոքսիկոզը,կանխում  սակավարյունության առաջացումը, նվազեցնում

ինֆեկցիոն հիվանդությունների և ատամների հետ կապված խնդիրների հավանականությունը:

Վիտամինները կարգավորում են նյութափոխանակությունը, կատարում են պաշտպանողական գործառույթ, անհրաժեշտ են հյուսվածքների աճի և թարմացման համար:

Սակայն մինչև վիտամիններ ընդունելը հարկավոր է խորհրդակցել մասնագետի հետ, քանի որ ինչպես վիտամինների պակասը, այնպես էլ ավելցուկը կարող է լուրջ վնաս պատճառել զարգացող օրգանիզմին:

Որոշ կանանց պարտադիր է վիտամինային կոմպլեքս ընդունելը: Դրանք հիմնականում այն կանայք են, ովքեր սպասում են երկվորյակների, կամ ինչ-ինչ պատճառներով սննդի հետ բավարար վիտամիններ չեն ստանում: Վերջինի հիմնական պատճառներից է ծանրաբեռնված աշխատանքը և դրա պատճառով անկանոն սննդակարգը, բազմիցս տաքացրած սնունդ ընդունելը: Բացի այդ, բժիշկը կարող է որոշ միկրոտարրե նշանակել, եթե տեղանքում, որտեղ ապրում է ապագա մայրիկը, դրանց պակաս կա /օրինակ, յոդ/:

 

Վիտամին C

Հանրահայտ  վիտամին C կամ ասկորբինաթթուն մասնակցում է արյունաստեղծմանը, նպաստում է վնասված մաշկի վերականգնմանը, ամրացնում է իմունային համակարգը:  Մոր օրգանիզմում վիտամին C-ի պակասը պատճառ է դառնում պաշտպանական ուժերի նվազման, սակավարյունության,  մաշկի տակ և երակների արյունազեղումների, լնդերի արյունահոսության,  երբեմն էլ կարող է վիժման պատճառ դառնալ:

Այս վիտամինի ավելցուկի դեպքում ախտահարվում են երիկամները, ինչ դեպքում էլի բարդանում է հղիության ընթացքը:

Վիտամին C-ի հիմնական աղբյուրներն են ցիտրուսայինները, հոնը, հաղարջը, կանաչ խնձորը, կանաչ սոխը, կարտոֆիլը:

Վիտամին B9 /ֆոլիք թթու/

Վիտամին B9-ը կարևոր է օրգանիզմի համար: Այն անմիջական ազդեցություն ունի պտղի ձևավորման և զարգացման վրա, պաշտպանում է գլխուղեղի և ողնուղեղի հնարավոր արատներից:  Այս նյութի պակասը կարող է հանգեցնել մոր մոտ սակավարյունության, տոքսիկոզի, պլացենտայի շերտազատմանը, հղիության վաղաժամ ընդհատման:

Այս վիտամինը պարունակվում է կանաչ բանջարեղենններում/ կաղամբ, բրոկոլի, մաղադանոս, կանաչ պղպեղ, սպանախ, լոբի/, նարնջում և թուրինջում, լյարդում, թռչնամսում, ձվերում և այլն:

Սակայն անգամ սննդակարգը թվարկված մթերքներով հարստացնելու դեպքում  միշտ չէ, որ կարելի է վստահ լինել, որ օրգանիզմը բավարար քանակությամբ ստանում և ամենակարևորը` յուրացնում է այս վիտամինը:  Բացի այդ, պարզվել է, որ այս վիտամինի սինթետիկ տարբերակն ավելի հեշտ է յուրացվում, քան դրա բնակատ տարբերակը: Այդ պատճառով էլ այս վիտամինը նշանակում են բոլոր հղիներին` անկախ նրանց սննդակարգից:Բ խմբի վիտամիններ

Այս վիտամիններն անփոխարինելի են երեխայի զարգացման և հղիության նորմալ ընթացքի համար:  Սրանք կարգավորում են մոր և պտղի օրգանիզմում նյութափոխանակությունը, բացի այդ, հորմոնալ ֆոնը, մասնակցում են արյունաստեղծման աշխատանքներին, , ապահովում են երեխայի նյարդային համակարգի  ճիշտ զարգացմանը,  նվազեցնում են տոքսիկոզի դրսևորումները, կարգավորում են աղեստամոքսային համակարգի նորմալ գործունեությունը:

B խմբի վիտամիններով հարուստ են հացազգիները, կաթնամթերքը և մսամթերքը, լոբազգիները, ձվերը, թարմ բանջարեղենը, ընկույզները:

Վիտամին A

Վիտամին A-ն անհրաժեշտ է պլացենտայի, մաշկի, լորձաթաղանթի, ոսկորների և ատամների զարգացման համար:  Բացի այդ, այն ազդում է հղի կնոջ մաշկի, մազերի, եղունգների վիճակի վրա:

Այս վիտամինն անհրաժեշտ է կնոջ մոտ  հետծննդաբերական  բարդությունների կանխման համար, քանի որ նպաստում է հեշտոցի լորձաթաղանթի արագ վերականգնմանը:

Այն պարունակվում է կենդանական ծագում ունեցող մթերքներում, այդ պատճառով էլ նախկինում հղի կանանց խորհուրդ էին տալիս շատ ուտել լյարդ, կաթնաշոռ, պանիր, ձու, ձկան յուղ, նշանակվում էին ռետինոլ պարունակող հաբեր:  Սակայն հետազոտությունները ցույց են տվել, որ այս վիտամինի ավելցուկը  մեծացնում է երեխայի մոտ  նյարդային համակարգի, երիկամների, սրտի, վերջույթների և սեռական օրգանների արատների առաջացման վտանգը:

Մասնագետները պարզել են, որ վիտամին A-ն հանդիպում է նաև անվտանգ տարբերակով, ինչպես Բետա-կարոտինն է:  Ուստի ցանկալի է օգտագործել բետա-կարոտինով հարուստ մթերքներ:

Սրանով հարուստ են դեղին-կարմիր և կանաչ բանջարեղենները և մրգերը. ծիրան, մասուր, սև հաղարջ, չիչխան, ձմերուկ, պղպեղ, սպանախ, կաղամբ, մաղադանոս, կանաչ սոխ, սամիթ,  գազար,  եղինջ:

 Վիտամին D

Այս վիտամինը պատասխանատու է մայրիկի և փոքրիկի ոսկորների և ատամների ամրության համար, կարգավորում է օրգանիզմում և կալցիումի և ֆոսֆորի փոխանակությունը:

Սրանով հատկապես հարուստ է ձկնեղենը և այլ ծովամթերքները: Սակայն չարաշահել պետք չէ, առավելևս պետք րէ վիտամին D պարունակող հաբեր ընդունել առանց բժշկի նշանակման:

Այս վիտամինի չափազանց շատ օգտագործումը մոր երակներում առաջացնում է կալցիումական աղերի նստվածք /սա կարող է երիկամների հետ խնդիրներ առաջացնել/:  Վիտամին D-ի ավելցուկը նաև  արագացնում է երեխայի գանգի ոսկրացման պրոցեսը, որը կանդրադառնա նաև ծննդաբերության ընթացքի վրա:

Վիտամին E

Այս վիտամինը մասնակցում է մոր և մանկան օրգանիզմում ընթացող գրեթե բոլոր նյութափոխանակության պրոցեսներում: Այս վիտամինի պակասությունը, հատկապես հղիության վաղ փուլում, կարող է պատճառ դառնալ վիժման և վաղաժամ ծննդաբերության:

Իսկ ավելցուկը կարող է արյունազեղումներ առաջացնել տարբեր օրգաններում:

Վիտամին E շատ է պարունակվում բուսական յուղերում. սոյայի յուղում, ձվի դեղնուցում, լյարդում, ձավարեղենում, հնդկաձավար, լոբազգիներում:

Վիտամին K

Այս վիտամինը մասնակցում է արյան մակարդման գործընթացին, ինչը շատ կարևոր է ծննդաբերության ժամանակ:

Վիտամին K-ի հիմնական աղբյուրներն են սպանախի, եղինջի, հազարի կանաչ տերևենրը, մասուրը, գազարը, պոմիդորները:

impokrik.am