Երեխաների մոտ  բարեկիրթ վարք ձևավորելու լավագույն  տարբերակը նրանց համար օրինակ ծառայելն է:  Եթե դաստիարակված մարդ եք, Ձեզ մնում է միայն բնականոն վարքագիծ դրսևորել:  Ընդօրինակելով երեխան հեշտությամբ կսովորի քաղաքավարության կանոններն ու  կդաստիարակվի ճիշտ այնպես, ինչպես Դուք եք ցանկանում:

Դժբախտությունն այն է,որ ծնողները  սովորաբար ցանկանում են անմիջապես տեսնել արդյունքը:  Երեխան մանկական ձևով է խոսում, իսկ մեծահասակները ցանկանում են, որ նա միանգամից աշխարհիկ զրույց վարի:  Որոշ ծնողներ համոզված են՝ եթե հնարավորինս  շուտ չսկսեն երեխաների մոտ բարեկիրթ շարժուձևեր ներմուծել, ապա հետագայում դա անհամեմատ ավելի դժվար կլինի:  Բայց փորձը ցույց է տալիս, որ երեխային ինչ-որ բան սովորեցնելն ավելի հեշտ է այն ժամանակ, երբ նա դրան արդեն պատրաստ է:  Կյանքի առաջին 2-3 տարիներին երեխայի անմիջականությունը դեռևս շատ մեծ է, իսկ հասարակական հետաքրքրությունները՝ չափազանց թույլ, որպեսզի նա քաղաքավարության կանոնները յուրացնելու թեկուզ աննշան խթաններ ունենա:

ճիշտ է՝  համբերատար և բարեխիղճ ծնողները կարող են մի փոքր կրճատել այն ժամանակը, որն անհրաժեշտ է երեխային բացարձակ քաղաքավարի դարձնելու համար:  Բայց նման դեպքում վտանգ կա, որ բարեկիրթ շարժուձևերը նրա մեջ կձևավորվեն՝ ի հաշիվ մանկական անմիջականության և անաղարտ զգացմունքների:  Այդպիսի երեխան, անկասկած, շատ քաղաքավարի կլինի, բայց միաժամանակ ճնշված, կամազուրկ և ենթարկվող:

Մյուս վտանգը ծնողների մեջ է թաքնված:  Բանն այն է, որ մեծահասկներից շատ քչերն են իրականում այնպես դաստիարակված, որ համապատասխանեն բարեկրթության մասին իրենց պատկերացումներին:  Դժվար թե հանդիպենք այնպիսի մարդու, ով իրեն անդաստիարակ համարի:  Օրինակ, որևէ պաշտոնական ընդունելության կամ ճաշկերույթի ժամանակ  մեծերն իրենց անթերի են պահում, բայց տանը հողաթափերը հագնելուց հետո թուլանում են և հաճախ  բոլոր մշակված շարժուձևերը մի կողմ թողնում:  Մինչդեռ հենց տանն է  պետք է օրինակելի լինել  երեխաների համար:  Չէ՞ որ հենց տանը, որտեղ փոքրիկներն իրենց անկաշկանդ ու ազատ են զգում, ծնողները նրանցից  քաղաքավարություն են պահանջում:  Իսկ երեխաները չեն հասկանում, թե ինչու պետք է տանը ինչ-որ բան փոխվի միայն նրա համար, որ հյուրեր են սպասվում:  Այլ կերպ ասած՝ անիմաստ է կարծել, թե երեխաները կընդօրինակեն  դաստիարակության լավագույն դրսևորումները, եթե տեսնեն, որ տան մեծերի իրական վարքի նորմերն այլ են:  Ծնողներն, իրենց  կամքից անկախ, երեխաներին միաժամանակ և՛ դաստիարակություն, և՛ անդաստիարակություն են  սովորեցնում:

 Կա ևս մի փաստ.շատ հաճախ ծնողներն իրենք են  միանգամայն անքաղաքավարի վարվում երեխաների հետ:  Արդյոք մի՞շտ են 3 տարեկան փոքրիկին «շնորհակալություն» և «խնդրեմ» ասում,արդյոք չե՞ն ընդհատում, երբ նա խոսում է, և մի՞շտ են  նրա ընկերներին այնպես դիմավորում ու ողջունում, ինչպես կցանկանային, որ նրանք  դիմավորեին ու ողջունեին:  Նրանց հետ նույն տոնո՞վ են խոսում, ինչպես իրենց  հյուրերի հետ:

Անկեղծորեն, մեծահասկներից շատերը դժվարությամբ են իրենց երեխայի հետ քաղաքավարի լինում:  Չէ՞ որ նա այնքա՜ն փոքրիկ է, այնքա՜ն անքաղաքավարի, որ հաճախ ծնողներն են իջնում նրա աստիճանին և չեն կարողանում նրան բարձրացնել իրենց մակարդակին... Դժբախտաբար, դա երեխային անշնորհք վարքագիծ սովորեցնելու լավագույն միջոցն է:/

 Ստորև ներկայացված են որոշ խորհուրդներ, որոնք կօգնեն  ծնողներին երեխաների մոտ բարեկիրթ շարժուձևեր ներմուծելու բարդ գործին:

1. Բարեկիրթ շարժուձևեր սովորեցրեք տանը, ոչ թե փողոցում:  Դա նրա համար բարդ չի լինի, Դուք էլ Ձեզ ավելի հանգիստ կզգաք:

2. Նման ուսուցողական գործընթացները խաղերի վերածեք:  0րինակ, եթե Ձեր տղային հյուր են կանչել ընկերոջ տարեդարձի առթիվ, ապա նրա հետ այսպես խոսեք. «Հավանորեն Արթուրն ինքը կբացի դուռն ու կբարևի:  Այդ դեպքում դու իրեն ասա. «Բարև, Արթուր, ծնունդդ շնորհավոր, ահա քո նվերը»:  Արթուրը շատ կուրախանա և կցանկանա անմիջապես բացել փաթեթը, ինչպես դու արեցիր, երբ տոնում էինք քո ծննդյան օրը:  Բայց այդ պահին նա իսկույն կհիշի քո մասին և կասի.«Շնորհակալություն լավ նվերի համար»: Դու կպատասխանես. «Խնդրեմ»: Միգուցե Արթուրն արդեն չլսի քեզ, քանի որ զբաղված կլինի քո տարած խաղալիքով:  Հիշո՞ւմ ես, թե խանութում ինչպես ընտրեցինք այն»:  Կամ ենթադրենք՝ Դուք Ձեր որդու հետ  վաճառող-գնորդ եք խաղում:  Այս դեպքում կարելի է նրան անքաղաքավարի լինելու համար նկատողություն անել, քանի որ խաղի ընթացքում Դուք քննադատում եք ոչ թե նրան, այլ այն վաճառողին, որին նա ներկայացնում է:

3. Երեխային բարեկիրթ շարժուձևեր սովորեցրեք անուղղակիորեն, աննկատելիորեն, առանց շտապելու և գոռգոռալու, համբերատարությամբ.այլ կերպ ասած՝ դաստիարակությունը երեխայի համար լուրջ դասի  մի՛ վերածեք:

4. Երբ հյուրեր ունեք, նրան Ձեզ մոտ մի՛ կանչեք՝  իր դաստիարակությունը ցուցադրելու:  Թու՛յլ տվեք, որ  նա  գա  սենյակ, երբ ցանկանում է:  Մի՛ մոռացեք երեխային ներկայացնել Ձեր հյուրերին և հիշե՛ք, որ լավ տանտերն  իր հյուրերին միմյանց ներկայացնելիս  ոչ միայն նշում է նրանց անուններն, այլև յուրաքանչյուրի մասին անպայման ինչ-որ հետաքրքիր բան է ասում: 

5. Այնպես արեք, որ երեխան Ձեր ընկերների ու բարեկամների հետ իրեն ազատ ու անկաշկանդ զգա:  Այս դեպքում նա, ամենայն հավանականությամբ, հաճույքով կհանդիպի և կշփվի նրանց  հետ:  Պատմե՛ք երեխային այն բարեկամների մասին, որոնք հյուր են գալու, նրանց բնավորությունների և մասնագիտությունների մասին:  Ասացեք նաև, որ երբ բոլորը հավաքվեն,նա կարող է օգտակար լինել՝ օրինակ, բերել անձեռոցիկները, բլիթներ մատուցել, կարող է ընթրել բոլորի հետ միասին և նույնիսկ ցույց տալ իր խաղալիքները:

6. Եթե Ձեր երեխան մոռանում է շնորհակալություն հայտնել կամ բարևել, դա արեք իր փոխարեն և մի՛ պնդեք, որ նա անպայման կրկնի:  Չէ՞ որ Դուք ձգտում եք միայն ցույց տալ, թե նման դեպքում ինչպես պետք է  վարվել:

7. Թող երեխան տեսնի, որ Դուք սիրում եք հանդիպել մարդկանց:  Ցանկալի է,որ  Ձեր բարեկամներին հանդիպելիս ուրախ լինեք:

8. Բոլոր երեխաների հետ քաղաքավարի եղեք:

9. Այն ամենն, ինչ անելու եք  Ձեր երեխաների հետ լավագույն փոխհարաբերություններ հաստատելու համար, կօգնի նրանց բարեկիրթ շարժուձև  ձեռք բերել:  Չէ՞ որ երեխան ձգտում է դուր գալ Ձեզ և, ամենակարևորը, նա ջանալու է իրեն պահել Ձեզ նման:

10. Եվ վերջապես, մի՛ հուսահատվեք. Ձեր երեխան կարող է սարսափելի անշնորհք ու կոպիտ լինել 3 տարեկանում, չափազանց քաղաքավարի՝ 5 տարեկանում, և կրկին շատ անդաստիարակ՝ 6 տարեկանում:  Նրա կարծիքով, ինքն անթիվ պատճառներ ունի՝  ժամանակ առ ժամանակ բարեկիրթ վարվելաձևի կանոններն անտեսելու համար:  Բայց երեխայի վարքը գրեթե միշտ կլինի այնպիսին, ինչպիսին եղել է նրա զարգացման լավագույն, ոչ թե վատագույն շրջանում:



Նյութը՝ Ալան Ֆրոմի ''Այբուբեն ծնողների համար'' գրքից

Նյութի էլեկտրոնային սկզբնաղբյուր` Doctors.am