Հայաստանում առաջին անգամ լյարդի փոխպատվաստում է իրականացվել: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:

«Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ կատարվել է լյարդի փոխպատվաստում՝ կենդանի դոնորից. լյարդի մի բիլթը աղջկանից փոխպատվաստվել է մորը՝ շանս տալով փրկել վերջինիս կյանքը։ Հայկական բժշկագիտության մեջ այս կարևորագույն միջամտությունը հնարավոր է դարձել առողջապահության ոլորտում հայ-ռուսական համագործակցության շրջանակներում։

Փոխպատվաստումը կատարվել է ամբողջությամբ անվճար՝ «Աստղիկ» բժշկական կենտրոնում (արտերկրում նման վիրահատության գինը տատանվում է 100.000$ շրջանակներում):

Առողջապահության նախարարությունը, կարևորելով փոխպատվաստումային բժշկության զարգացումը, այս տարվա հունվարից սկսել էր համագործակցությունը Բելառուսի և Ռուսաստանի մեր գործընկերների հետ։ Նախատեսում ենք նաև 2020թ. բյուջեում ավելացնել փոխպատվաստումների համար հատկացվող միջոցները, որպեսզի կարողանանք ավելի շատ միջամտություններ կատարել՝ փրկելով ավելի շատ կյանքեր։

Առողջություն և արագ ապաքինում եմ մաղթում թե՛ դոնորին, թե՛ ռեցիպիենտին»,- գրել է նախարարը՝ ավելի ուշ հատնելով, որ այցելել է լյարդի փոխպատվաստում ստացած պացիենտին և նրա դստերը՝ դոնորին։  Պացիենտի վիճակը կայուն է։