Լայնականջությունից կամ ականջակոնքերի անհամաչափությունից ազատվել կարելի է միայն պլաստիկ վիրահատական միջամտությամբ: Պլաստիկ վիրաբուժությունը՝ կախված լայնականջության ձևից ու չափից, առաջարկում է վիրահատության տեսակն ու ծավալը: Doctors.am-ը «Պլաստիկ վիրաբուժության շաբաթ» հանրային իրազեկման ծրագրի շրջանակում օտոպլաստիկայի մասին զրուցեց Էլիտ-մեդ բժշկական կենտրոնի Պլաստիկ և ռեկոնստրուկտիվ վիրաբուժության ծառայության ղեկավար Արսեն Մանասերյանի հետ:

-Բժիշկ Մանասերյան, ի՞նչ է լայնականջությունը: Ո՞ր տարիքում կարելի է կատարել վիրահատություն: Ովքե՞ր են հիմնականում դիմում այս խնդրով:

- Լայնականջությունը կամ լոշտակությունը, ականջախեցու  աճառի լայնակի ձևախաղտումն է: Վիրահատություն կարելի է կատարել 13 տարեկանից սկսած: Որոշ դեպքերում, երբ գոյություն ունի բնածին արատ՝ ականջախեցին  բացակայում է կիսով չափ կամ ընդհանրապես՝ վիրահատությունը կատարվում է վաղ հասակում, մեկ տարեկանից սկսած: Լոշտակությունը շտկելու համար դիմում են, հավասարապես, և կանայք, և տղամարդիկ:

-Ինչպե՞ս է կատարվում վիրահատությունը: Օտոպլաստիկայից հետո հիվանդը, ե՞րբ է կարողանում վերջնական տեսքը տեսնել:

- Վիրահատությունը կատարվում է տեղային կամ ընդհանուր անզգայացման միջոցով: Վիրահատությունն իրականացվում է «Միլլարդ»-ի եղանակով, մեր կողմից որոշակի փոփոխություններով, այսինքն` աճառի շտկում՝ առանց հատված հեռացնելու:  Վիրահատությունից հետո, այտուցները նստում են 3 շաբաթ անց, և նախնական տեսքը հիվանդը կարող է տեսնել այդ ժամանակ, իսկ վերջնական տեսքը ձևավորվում է 3-ից 6 ամիս հետո:

-Որքա՞ն է տևում վիրահատությունը, հետվիրահատական շրջանը: Ի՞նչ ցուցումներ եք տալիս հիվանդին:

- Վիրահատությունն ըստ ծավալի կարող է տևել 1ժամից մինչև 3, 3.5 ժամ: Հետվիրահատական շրջանը  տևում է 3 շաբաթ, որի ընթացքում հիվանդը կրում է սեղմող վիրակապ` էլաստիկ բինտով: Հիվանդներին խորհուրդ է տրվում զերծ մնալ ֆիզիկական ծանրաբեռնվածությունից, ինչպես նաև կատարել վիրակապություններ 3-ից 4 օրը մեկ:

- Գոյություն ունե՞ն որոշակի չափանիշներ՝ գերազանց արդյունք ստանալու համար: Օտոպլաստիկա կատարելու համար գոյություն ունե՞ն հակացուցումներ:

- Գոյություն ունեն որոշակի ստանդարտներ, որոնք հաշվարկվում են՝ համաձայն անձի անատոմիական առանձնահատկության: Ականջի ձևը հիմնականում ընտրվում է ըստ ականջախեցու ձևի:
Որպես հակացուցում կարող ենք նշել դեղորայքային  ալերգիաները, ժառանգական որոշակի հիվանդությունները:

-Վիրահատություններից հետո հոգեբանական ի՞նչ փոփոխություններ եք նկատում Ձեր հիվանդների մոտ:

- Յուրաքանչյուր հիվանդի մոտ դա առանձնահատուկ է: Հիմնականում ` ուրախություն, ինքնավստահություն, ինքնագնահատականի բարձրացում: Այդ բոլոր փոփոխություները հաճելի են նաև ինձ համար, քանի որ ես` որպես բժիշկ, հասկանում եմ, որ դրանց մի մասն իմ շնորհիվ է:


Հեղինակ՝ Մարգարիտա Մխիթարյան
Աղբյուր՝ Doctors.am
15Դեկտեմբերի, 2017