Կառլ Ռոջերսը` Ուոլտեր Ռոջերսի և Ջուլիա Կաշինգի որդին, ծնվել է հունվարի 8-ին 1902թ.-ին Չիկագոյի արվարձաններից մեկում` Իլինոիսում: Նա ընտանքում վեց երեխաներից չորրորդն էր: Ռոջերս շատ ամոթխած ու զգայուն երեխա էր, որը շատ ծանր էր տանում իր մեծ քույրերի ու եղբայրների ծաղրանքները: Քանի որ հայրը հաճախ տանը չէր լինում, մեկնում էր գործուղումների, նա հոգեպես ավելի նվիրվել էր մորը: Ռոջերսը շատ էր սիրում ընթերցանությունը, սակայն ընտանիքի անդամները միայն խթանում էին աստվածաշնչի ընթերցումը, քանի որ կրոնապաշտ մարդիկ էին, իսկ մնացած գրքերը Ռոջերսին արգելում էին կարդալ` համարելով դա անիմաստ ժամանակի վատնում:

Դառնալով յոթ տարեկան` Ռոջերսը սկսում է դպրոց հաճախել, բայց երբ այնտեղ նկատում են, թե ինչպիսի վարժ կարդալու հմտության է տիրապետում Ռոջերսը, տեղափոխում են միանգամից երկրորդ դասարան: Ռոջերսը այնտեղ ծանոթանում է իր ապագա կնոջ` Հելեն Էլիոտի հետ, որը տասնհինգ տարի հետո դառնում է նրա կինը: Ռոջերսը ասում է, որ Հելենը առաջին աղջիկն էր, ում նա ժամադրել է, և դա բավականին հեշտ ստացվեց, քանի որ արդեն ճանաչում էր նրան, բացի այդ Ռոջերսն այնքան ամաչկոտ էր, որ ուրիշ ոչ ոքի հետ չէր համարձակվում ծանոթանալ:

Որոշ փաստեր նշում են, որ Ռոջերսը իր մանկության տարիներն անց է կացրել ֆերմայում, և նա էլ հետո հաստատում է այն փաստը, որ իրենց ֆերմայում կատարված աշխատանքները իրեն շատ են օգնել հետագայում գիտական հաջողությունների ձեռք բերման մեջ (որքան էլ զարմանալի թվա): Դրա համար նա նպատակադրվել էր ընդունվել գյուղատնտեսության քոլեջ, բայց հետո Ռոջերսը փոխում է իր որոշումը: Այդ քայլին նա դիմում է այն պատճառով, որ նրա մեծ եղբայրը` Ռոսը, հանդիսանում էր քրիստոնեական ասոցիացիայի ակտիվիստներից մեկը, և Ռոջերսը միանալով  նրանց` 1922թ.-ին  մեկնում է Չինաստան Քրիստոնեության միջազգային համագումարին մասնակցելու համար:
Չնայած որ ինքնին ճանապարհորդությունը շատ կարճ է տևում` Ռոջերսը այդ ընթացքում շատ բան է հասկանում և զգում: Նա առաջին անգամ տեսնում և գնահատում է տարբեր ազգերի և մշակույթների մարդկանց, և գնալով նրա աշխարհայացքներն ու նպատակները սկսվում են փոխվել:
Ռոջերսը դառնում է ավելի ինքնավստահ ու վերջապես ձեռք է բերում անկախություն իր ծնողներից: Նա գրում է, որ իր նպատակները, իր արժեքները, իր աշխարհայացքը վերջապես դարձավ հենց իրենը, այլ ոչ թե ծնողներինը: Նա հասկացավ, որ իր կյանքի հիմնական նպատակը դա մարդկանց օգնելն է,  և այդ հոգևոր օգնությունը կարելի է նաև ցուցաբերել եկեղեցուց դուրս: Նա համոզվեց, որ հոգեբանի աշխատանքը դա բավականին պատվավոր գործ է, որը նաև թույլ կտա գումար վաստակել:

Ռոջերսը Վինսկոնսիսկի համալսարանի հոգեբանության հեռակա դասընթացներին մասնակցեց, որը հիմնված էր Ուիլյամ Ջեյմսի աշխատությունների վրա, և որը Ռոջերսի համար բավականին ձանձրալի էր: Սակայն այդ ամենը չհանգցրեց նրա հետաքրքրությունը հոգեբանության հանդեպ, և նա իր կրթությունը շարունակեց Կոլումբիայի համալսարանի Մանկավարժական քոլեջում: Համալսարանն ավարտելուց հետո նա տասներկու տարի աշխատեց Նյու Յորքի Ռոչեստր քաղաքի "Օգնություն երեխաներին" կենտրոնում` որպես կլինիկական հոգեբան: Ռոջերսը այդ ժամանակ ոչ մի հոգեբանական դպրոցի նախապատվություն չէր տալիս, հետո միայն այցելելով Օտտո Ռանկի սեմինարներին` նրան հետաքրքրեց թերապևտիկ տակտիկաները, բայց ոչ նրա տեսությունը: Նա ձևակերպեց իր սեփական տեսությունը և մեթոդները իր տարիների աշխատանքի և փորձի շնորհիվ, որը անվանեց "այցելուակենտրոն թերապիա":  Նա առաջինն էր, ով օգտագործեց "այցելու" տերմինը հոգեբանության մեջ:
Աշխատելով այդ հիվանդանոցում` Ռոջերսը գրեց "Կլինիկական աշխատանք դժվար երեխաների հետ" գիրքը (1939), որը ընդունվեց բավականին լավ: Նրան հրավիրեցին Օգայո նահանգի համալսարանում պրոֆեսորի պաշտոն զբաղացնելու: Ոգեշնչվելով ուսանողների դրական արձագանքներով և իր ակադեմիկական փորձով` նա 1942թ.-ին  հրատարակեց "Հոգեթերապիա և խորհրդատվություն" գիրքը:

1945թ.-ին Չիկագոյի համալսարանը նրան հնարավորություն տվեց բացել սեփական խորհրդատվության կենտրոնը: Այդ կենտրոնը նա ղեկավարեց մինչև 1957թ.-ը:

1951թ. թողարկեց "Թերապիա` կենտրոնացված այցելուի վրա", որը ուժեղ քննադատության է արժանանում մի շարք թերապևտների կողմից, տարբեր հոգեբանական դպրոցների կողմից:

1961թ. լույս տեսավ "Անձի կայացում" գիրքը:

Դեռևս Չիկագոյի համալսարանում աշխատելու տարիներին Ռոջերսը ունեցավ որոշ հոգեկան դժվարություններ. նա այդ ժամանակ բուժում էր մի կնոջ և ապրելով շատ խորը էմպաթիա` ընկնում է նույնանման պաթոլոգիկ վիճակի մեջ: Նրան օգնում է երեկարատև արձակուրդը և իր աշխատակիցներից մեկի մոտ անցած հոգեթերապիան:

1957թ. Վինսկոնսինսկի համալսարանում սկսում է դասավանդել հոգեբանություն և հոգեթերապիա: Սակայն Ռոջերսը խնդիրներ է ունենում ղեկավարության հետ կապված, որոնք սահմանափակում էին և՛ դասավանդողի, և՛ ուսանողների ազատ ընտրության իրավունքները. նա հրաժարական է տալիս: Հետո նորից է վերադառնում, բայց խնդիրները չեն հարթվում, և նա նորից թողնում է իր պաշտոնը:

1963 թվականից նրա աշխատանքը կապված էր "Անձի ուսումնասիրության" կենտրոնի հետ, որտեղ նա վերջապես կարողանում է հանգիստ աշխատել առանց ադմինիստրացիայի ճնշումների և վեճերի:
Ռոջերսը գրում է 16 գիրք և 200 հոդված, նրա աշխատանքները թարգմանվում են 60 օտար լեզուներով:

1966թ.ին տեղի ունեցած հարցազրույցի ժամանակ Ռոջերսը հետևյալ կերպ է մեկնաբանում իր ստատուսը.
"Ես այդքան էլ մեծ հեղինակություն չունեմ հոգեբանության մեջ, որպես այդպիսին, բայց դա ինձ ամենաքիչն է անհանգստացնում, քանի որ կազմակերպչական, սոցիալական, խմբային դինամիկայի, արդյունաբերական աշխատանքներում, փիլիսոփայության, գիտության, տեսական հոգեբանության մեջ և մի շարք այլ բնագավառներում իմ գաղափարները տարածվել և մեծ ազդեցություն են թողել, որը ես երբեք նույնիսկ չէի էլ կարող պատկերացնել":

1986 թ.-ի գարնանը նա տեղափոխվում է Մոսկվա, որտեղ ելույթ է ունենում մի շարք հոգեթերապևտների առջև: Չնայած իր տարիքին` նա բավականին աշխույժ, էներգիայով լի և եռանդնուն մարդ էր: Դրա համար ոչ ոք չէր հավատում նրա մահվան լուրին, որը տարածվեց մեկ տարի հետո:

Ռոջերսը մահացավ 1987թ.ին ութսունհինգ տարեկան հասակում:

Հումանիստական տեսությունների մեջ շատ մեծ դեր ունի Ռոջերսի տեսությունը: Եթե հոգեվերլուծության մեջ հոգեբանի կոնսուլտացիան դիրեկտիվ է, այսինքն՝ հոգեբանը գտնվում է ղեկավար դերերում, հոգեբանն է տանում այցելուին իր ետեւից, նա է գտնում ելքերը խնդիրներից, ապա հումանիստական կոնսուլտացիան ոչ դիրեկտիվ է, երբ հոգեբանը հասցնում է այցելուին (եւ ոչ թե հիվանդին, հումանիստական տեսության հետեւորդները փոխեցին այս տերմինը) այն վիճակի, որ նա ինքնուրույն կատարի խնդրի լուծման ճանապարհի ընտրությունը:
Հոգեբանը օգնում է, որ այցելուն ինքնուրույն հասկանա իր անգիտակցական ոլորտը և հետո ինքնուրույն ելքեր գտնի: Այստեղ հոգեբանի դերը չնչին է թվում, և չկա այցելուի կախվածությունը հոգեբանից, ինչը խնդիր է հոգեվերլուծության համար: Նման մոտեցումը թեև կարող է երկար ժամանակ պահանջել, բայց այս ճանապարհն է բերում այսպես կոչված հոգեկան հասունության:

Ռոջերսի տված առաջին հասկացությունը կոչվում է ֆենոմենալ դաշտ: Նա իր տեսությունը կոչում է client-centered therapy՝ այցելուի վրա կենտրոնացված թերապիա:
Ֆենոմենալ դաշտ նշանակում է մեր բոլոր ապրումների ամբողջականությունը, ապրումներ և' ֆիզիոլոգիական, և' հոգեկան տեսանկյունից: Ամեն ինչ, որ կատարվում է մեր մարմնի, կաղապարի մեջ, դա էլ հենց կազմում է ֆենոմենալ դաշտի բովանդակությունը: Ֆենոմենալ դաշտը հավասար չէ գիտակցությանը, այլ այստեղ կարող են լինել ինչպես գիտակցված, այնպես էլ չգիտակցված ապրումներ:

Տարբերակվում են նաև խորհրդանշված (սիմվոլիզացված) և ոչ խորհրդանշված ապրումներ:
Սիմվոլիզացված ապրումը ճանապարհն է դեպի գիտակցված ապրում (օր.՝ եթե ապրումը կարողանում ենք վերարտադրել պատկերների տեսքով կամ բառերով, կատարվում է սիմվոլիզացիա):
Ոչ սիմվոլիզացված ապրումները չգիտակցված են, սակայն սա չի նշանակում, որ դրանք չեն կարող գիտակցվել: Դրանք պոտենցյալ հնարավորություն ունեն սիմվոլիզացվելու:

Մեր սիմվոլիզացիան կարող է կատարվել ոչ ճիշտ, ոչ ադեկվատ, և մենք կարող ենք շփոթվել մեր ապրումների մեջ, այսնիքն՝ ապրումը շարունակի մեզ անհանգստացնել:

Այս սիմվոլիզացիայի գաղափարից Ռոջերսը գալիս է այն եզրակացության, որ օբյեկտիվ իրականություն գոյություն ունի, բայց յուրաքանչյուրս ունենք նաև մեր սուբյեկտիվ իրականությունը, որտեղ ապրում ենք: Բայց սա չի նշանակում, որ մարդը կարող է ապրել փակված իր սուբյեկտիվ իրականության մեջ, այլ օբյեկտիվը նույնպես առկա է մեր կյանքում:

Ռոջերսի տված երկրորդ հասկացությունը իրական "ես"-ի և իդեալական "ես"-ի գաղափարներն են, որտեղ "ես"-ը ընդհանրապես կազմում է ֆենոմենալ դաշտի կենտրոնը: Ֆենոմենալ դաշտի այն ապրումները, որոնք վերաբերում են մեր անձին, դրանք են կազմում մեր "ես"-ը: Եթե մենք ճիշտ, ադեկվատ ենք սիմվոլիզացիա կատարում, մենք լրացնում ենք մեր իրական "ես"-ը, եթե ոչ ադեկվատ՝ իդեալական "ես"-ը: Ռոջերսը նշում է, որ մեր "ես" համակարգը, որը կազմված է և իրական, և իդեալական "ես"-երից, քարացած համակարգ չէ, այլ շատ դինամիկ է: Կոնկրետ պահին համակարգը կարող է կայուն լինել, սակայն այս համակարգը անընդհատ գտնվում է զարգացման մեջ:

Երրորդ հասկացությունը կոնգրուենտության և ոչ կոնգրուենտության գաղափարն է, այսինքն՝ ադեկվատություն ընդհանրապես: Մեր ֆենոմենալ դաշտի մեջ մեր կոնգրուենտությունը դրսևորվում է մեր գիտակցված և չգիտակցված ապրումների միջև: Եթե մենք ունենք որոշակի չգիտակցված ապրում և փորձում ենք այն գիտակցել, և թե որքանով ենք ճիշտ այն գիտակցում, այդքանով մենք կոնգրուենտ ենք տվյալ պահին: Այսինքն՝ կոնգրուենտությունը լինում է գիտակցվածի և ոչ գիտակցվածի միջև:

Կոնգրուենտություն կարող է լինել նաև գիտակցվածի և վարքի միջև: Այսինքն՝ եթե մեր վարքը չի համապատասխանում մեր ապրումներին, որոնք մենք գիտակցում ենք, ուրեմն մենք ոչ կոնգրուենտ ենք:

Կոնգրուենտությունը կարող է դրսեւորվել նաև իրական "ես"-ի և իդեալական "ես"-ի միջև: Որքանով մեր իրական "ես"-ը համապատասխանում է մեր իդեալական "ես"-ին, այդքանով մենք կոնգրուենտ ենք:

Չորրորդ հասկացությունը լիարժեք գործող անձի  գաղափարն է: Այսինքն՝ մարդն ունի առողջ ինքնիրականացման պահանջմունք, ուրեմն մեծամասնությամբ գործում է կոնգրուենտ (ինչը թույլ է տալիս միշտ ճիշտ որոշումներ կայացնել), մարդու մոտ չկա ոչ մի ներքին և արտաքին խոչընդոտ, կոնֆլիկտ, երբ մարդը կարող է լիարժեք գործել: Լիարժեք գործող անձի համար անհրաժեշտ պայման է նրա կոնցեպցիան, այսինքն` այսօրվա օրով ապրելը: