Թվում է` բավական է փոքրիկին մոտեցնել կերակրող մորը, և ամեն ինչ կընթանա բնական հունով: Այնինչ հարկավոր է շատ բան իմանալ երեխայի և մոր ճիշտ կեցվածքի մասին, որպեսզի կրծքով կերակրելը հաճելի լինի մոր և փոքրիկի համար:
Ծննդաբերությունից հետո, եթե ամեն ինչ բարեհաջող է ընթացել, նորածնին մոր մոտ կբերեն, կպառկեցնեն նրա փորի վրա, որ նրանք զգան մեկը մյուսի մարմնի ջերմությունը: Տաք ծածկոցի տակ փոքրիկը հանգստանում է` երջանիկ պահեր պարգևելով մայրիկին: Նա դեռ պատրաստ չէ պտուկ բռնել. երեխաներից շատերը պարզապես լիզում են կուրծքը, ծծելու փորձ անում, նորից լիզում: Այսպես կարող է շարունակվել առաջին մի քանի ժամվա ընթացքում: Նորածիններից շատերը ծնվելուց հետո հանգիստ են, բայց գտնվում են զգուշավորության շրջանում. Դա միջավայրին փոխազդելու ամենահարմար վիճակն է: Փոքրիկի աչքերը լայն բացված են, նա մոր աչքերն ու կուրծքն է փնտրում: Նորածիններից շատերը մոր փորին պառկած վիճակումշարժվում են դեպի կուրծքը և մոր օգնությամբ բռնում պտուկը:
Շատ կարևոր է, որ երեխան ծծի մոր առաջին կաթը` խեժը: Ծծելու գործողությունը կօգնի փոքրիկին հաղթահարել ծնցվելու պահին ապրած ցնցումը և ընտելանալ նոր միջավայրին:Բացի կերակրելուց, պակաս կարևոր չէ նաև փոքրիկի գտնվելը մոր կողքին, որպեսզի մայրը տեսնի ու ընկալի նրա վարքագիծը: Երբ փոքրիկը չորս կողմը նայի, փորձի բռունցքը բերանը խցկել, նրան կերակրելու ժամանակն է: Հաճախակի կերակրելը նպաստում է հատուկ հորմոնների արտադրությանը, և մայր-երեխա կապը սկսում է աշխատել:

Մոր և երեխայի դիրքը կերակրելիս

Պետք է գերագնահատել կերակրելու ժամանակ մոր ճիշտ դիրքի նշանակությունը: Հայտնի է, որ հետագայում առաջացող բարդություններից շատերը` ցավող պտուկներ, կաթի պակասություն, մոր օտարացումը երեխայից նրան կերակրելիս, առաջանում են ճիշտ կերակրելու կանոնները խախտելուց:

Կերակրելու ճիշտ դիրքը

Կերակրելուց առաջ հարմար դիրք ընդունեք, թուլացեք, հանգստացեք, որպեսզի կաթն ազատ հոսի: Ավելի լավ է տեղավորվեք մահճակալի, ճոճաթոռի կամ բազկաթոռի վրա: Կարելի է նաև բարձեր օգտագործել, մեկը` մոր թիկունքում , երկրորդը` ծնկին, երբեմն նաև երրորդը` այն ձեռքի արմունկի տակ, որով նա բռնելու է փոքրիկին: Կերակրող մոր ոտքերի տակ պետք է փոքրիկ աթոռ դնել, որպեսզի ծնկները բարձրանան և երեխային գրկելիս մոր մեջքի ու ձեռքերի մկանները շատ չլարվեն: Երեխային կերակրելիս մայրը պետք է տրամադրվի, մտածի փոքրիկի, կաթի ու մայրության հրաշքի մասին:

Երեխայի դիրքը կրծքի մոտ

Երեխային պետք է թեթև հագուստ հագցնել կամ մերկացնել, որպեսզի մոր և փոքրիկի մաշկերը շփվեն: Կրծքով կերակրելիս պետք է երեխային ճիշտ դիրքում պահել, դրա համար անհրաժեշտ է հիշել`

- Երեխային կրծքին մոտ պահեք այնպես, որ երեխան ողջ մարմնով շրջված լինի դեպի Ձեզ, սերտորեն հպված Ձեր մարմնին, և բերանը` ճիշտ Ձեր պտուկի դիմաց:

- Պտուկով կամ մատով մեղմորեն հպվելով երեխայի շուրթերին` նրա մոտ առաջացրեք որոնման ռեֆլեքս (երեխան բերանը լայն բացում է և որոնում կուրծքը):

- Սպասեք, որպեսզի երեխան որոնման ռեֆլեքսի արդյունքում լայն բացի բերանը:

- Երեխային արագ մոտեցրեք կրծքին այնպես, որ նա բռնի ոչ միայն պտուկը, այլ նաև հարպտկային դաշտը, և ավելի խորը` ներքևից, քան վերևից:

Մայրը պետք է կիրառի հետևյալ խորհուրդները`

1. Կերակրելիս պահեք երեխային ծոծրակից այնպես, որ նա հնարավորություն ունենա գլուխն ազատորեն շարժել, ճնշում մի՛ գործադրեք երեխայի գլխի վրա:

2. Մի՛ փորձեք ամբողջ հարպտկային դաշտը մտցնել երեխայի բերանը: Բավական է, որ երեխայի ստորին շուրթը և լեզուն ծածկեն հարպտկային դաշտի ներքևի մասը:

3. Երեխային մոտեցրեք կրծքին և ոչ թե կուրծքը` երեխային: Կուրծքը բռնելն ու շարժելը կարող են խիստ դժվարացնել երեխայի համար ճիշտ դիրք ընդունելը:

4. Կուրծքը պահեք միայն ներքևից` ամբողջ ափով:

5. Կուրծքը երեխայի քթից մի հեռացրեք: Կրծքին ճիշտ մոտեցված երեխան կարող է հանգիստ շնչել քթանցքերի եզրերով:
 

Նյութի էլեկտրոնային սկզբնաղբյուր` Doctors.am