Կրծքագեղծերի չափերը և ձևը որոշվում են գենետիկորեն և հիմնականում պայմանավորված են ճարպային և շարակցական հյուսվածքներով: Գեղձային հյուսվածքի քանակը գրեթե նույնն է տարբեր մեծության կրծքերում, այդ պատճառով կրծքագեղձի չափն էական նշանակություն չունի կաթնարտադրության համար:

Կաթն արտադրվում է ալվեոլներում, որոնք բաղկացած են կաթ արտադրող բջիջներից: Ալվեոլը շրջապատված է մկանային թելիկներով, որոնք կծկվում և արտամղում են կաթը:

Կաթն ալվեոլից դուրս է հոսում ծորաններով, որոնք պտուկին հասնելուց առաջ լայնանում են առաջացնելով կաթնածոցեր, որտեղ կուտակվում է կաթը: Պտուկին հասնելիս ծորանները նորից նեղանում են: Պտուկի շուրջը գտնվող մաշկի մուգ շրջանակը կոչվում է արեոլ: Արեոլի շրջանում առկա փոքր ուռուցիկությունները Մոնթհոմերյան գեղձերն են, որոնք արտադրում են պտուկն օծող, բակտերիցիդ ճարպոտ հեղուկ:

 

"Ուսումնական ձեռնարկ ընդհանուր բժշկության ֆակուլտետի ուսանողների համար"` պրոֆեսոր Ա.Ս. Բաբլոյանի,   դոցենտ Ն.Գ. Բաղդասարյանի խմբագրությամբ, տեքստի հեղինակ Ս.Ա. Հարությունյան

Նյութի էլեկտրոնային սկզբնաղբյուր` Doctors.am