Նյութափոխանակությունը նյութերի և էներգիայի փոխակերպման համադրությունն է ինչպես օրգանիզմում, այնպես էլ օրգանիզմի ու շրջակա միջավայրի միջև։ Նյութափոխանակություն կազմում են ասիմիլյացիայի (արտաքին միջավայրից օրգանիզմ թափանցող նյութերի յուրացում և դրանցից ավելի բարդ նյութերի սինթեզ) և դիսմիլյացիայի (կենդանի օրգանիզմի կազմի մեջ մտնող նյութերի ճեղքում) գործընթացները։ Օրգանական նյութերի սինթեզն անվանում են անաբոլիկ, իսկ ճեղքումը՝ կատաբոլիկ գործընթաց։

Անաբոլիկ գործընթացների ժամանակ օրգանիզմը էներգիա է ծախսում, իսկ կատաբոլիկ գործընթացների ժամանակ անջատվում է էներգիա։ Առողջ երեխաների օրգանիզմում, աճով պայմանավորված, գերակայում են անաբոլիկ գործընթացները։ Այդ գերակայման աստիճանը որոշվում է աճի և զարգացման արագությամբ։ Անաբոլիզմի գերակայումը առավելագույն է նորածնային և կրծքի հասակներում, սեռական հասունացման շրջանում։

Սպիտակուցի փոխանակություն

Երեխայի նյութափոխանակությունը տարբերվում է հասուն մարդու նյութափոխանակությունից։ Բարձր են աճող օրգանիզմի սպիտակուցի և էներգիայի պահանջները։ Երեխաների հիմնական փոխանակությունը բարձր է հասուն մարդու հիմնական փոխանակությունից։ Էներգիայի զգալի մասը ծախսվում է ասիմիլյացիայի և աճի վրա։ Պայմանավորված առավելագույն աճով, նոր բջիջների և հյուսվածքների ձևավորումով, երեխաների սպիտակուցի պահանջը զգալիորեն բարձր է։ Առավելագույն են սպիտակուցի յուրացման ցուցանիշները մինչև մեկ տարեկան և հատկապես երեք ամսական հասակում, այսինքն՝ մարմնի զանգվածի ամենաինտենսիվ աճի շրջանում։ Կրծքով սնվող երեխայի սպիտակուցի պահանջը կազմում է 2-2,5 գ/կգ/օրը։ Ի հաշիվ սպիտակուցների՝ լրացվում է օրվա էներգիայի պահանջի 10-15%-ը։

Երեխայի կանոնավոր աճի և զարգացման համար կարևոր նշանակություն ունի սպիտակուցի և՛ քանակը, և՛ որակական կազմը։ Մանկանը անհրաժեշտ են կենսաբանական բարձր արժեքով անփոխարինելի ամինաթթուներ, որոնք չեն սինթեզվում օրգանիզմում և ներմուծվում են անփոփոխ ձևով։ Անփոխարինելի ամինաթթուների գերազանց աղբյուր է մայրական կաթը։

Ազոտային փոխանակության տարիքային առանձնահատկություններից է մեզով արտազատվող վերջնական արգասիքների բարձր մակարդակը։ Մեզում դրանց բարձր պարունակության արդյունքում կյանքի 3-4-րդ օրը երիկամներում զարգանում է միզաթթվային ինֆարկտ՝ (հավաքական խողովակիկների խցանում միզաթթվի աղերով) պղտոր, աղյուսագույն մեզի արտազատումով։ Հետագայում, մեզի քանակի ավելացմանը զուգընթաց, աղերը դուրս են գալիս օրգանիզմից։ Ընդհանուր առմամբ մանկան օրգանիզմում միզանյութի պարունակությունը մեծահասակների համեմատ ցածր է, որը բնորոշում է կառուցողական գործընթացների ինտենսիվությունը և ոչ լիարժեք սպիտակուցային փոխանակությունը (լյարդի ցածր սինթետիկ ֆունկցիա)։

Ճարպային փոխանակություն

Ճարպերը էներգիայի հիմնական աղբյուրներից են և ապահովում են էներգիայի օրական պահանջի 40%-ը։ Կյանքի առաջին տարում ճարպերի պահանջը կազմում է 4-6 գ/կգ/օր, նախադպրոցական և դպրոցական տարիքային խմբերում՝ 2-3 գ/կգ/օր։ Ստամոքսաղիքային համակարգի էնզիմների ցածր ակտիվության արդյունքում մանկական տարիքում բարձր է չյուրացվող ճարպի քանակը։ Մանկան, հատկապես անհաս նորածինների զարգացման համար էական են անփոխարինելի ճարպաթթուները՝ արախիդոնաթթուն, լինոլաթթուն, լինոլենաթթուն։ Նշված ճարպաթթուների գերազանց աղբյուր է կրծքի կաթը։ Լիպոլիզի և լիպոգենեզի գործընթացները սերտորեն կապված են ածխաջրային փոխանակության հետ։ Օրգանիզմում ճարպերի քանակը պայմանավորված է ոչ միայն սննդով ներմուծված ճարպերով, այլև ածխաջրերից ճարպերի սինթեզով։ Ճարպագոյացման այդ ուղին մանկական տարիքում ավելի ինտենսիվ է ընթանում։

Ածխաջրերի անբավարարության պայմաններում էներգիայի պահանջը ապահովող ճարպերի քայքայումն ուղեկցվում է մեծ քանակով կետոնային մարմինների առաջացումով, քանի որ ճարպերն ամբողջությամբ այրվում են միայն ածխաջրերի առկայության պայմաններում։ Երկու տարեկանից մեծ երեխայի նյութափոխանակության առանձնահաւոկություններից է կետոզի հակումը։ Լիպիդային փոխանակության առանձնահատկություններից է նաև հալման բարձր աստիճան ունեցող ճարպերի առկայությունը անհասների օրգանիզմում։

Նշված հանգամանքը նպաստում է մարմնի տարբեր մասերի ենթամաշկային բջջանքի պնդացմանը (սկլերեդերմա)։ Ճարպային փոխանակության առանձնահատկություններից է նաև տարբեր պատճառներից ճարպակալելու կամ հյուծվելու նկատմամբ հակումը (շատակերություն, էնդոկրին գեղձերի դիսֆունկցիա)։ Ճարպային փոխանակության խանգարումների մեծ խումբ են կազմում լիպիդոզները կամ կուտակման հիվանդությունները (ժառանգական ախտաբանական վիճակներ են՝ պայմանավորված լիպիդների նյութափոխանակության ֆերմենտային խանգարումներով)։

Ածխաջրերի փոխանակություն

Օրգանիզմում ածխաջրերը կատարում են բազմաթիվ ֆունկցիաներ, որոնցից հիմնականը էներգաառաջացման ֆունկցիան է։ Կրծքի հասակի երեխաների օրգանիզմում ճարպերի այրումը ապահովում է էներգիայի օրական պահանջի 40%-ը։ Տարիքի հետ այս ցուցանիշն աճում է՝ ավագ դպրոցական տարիքում կազմելով 50%: Մանկական տարիքում ածխաջրերի ասիմիլյացիան հասուն մարդկանց համեմատ ավելի բարձր է։ Կրծքի հասակում յուրացվում է ածխաջրերի 90%-ը՝ անկախ սնուցման տիպից։

Գլյուկոզայի մակարդակը կայուն է նույնիսկ առողջ նորածինների շրջանում։ Երեխաներին բնորոշ է ինտենսիվ ածխաջրային փոխանակությունը։ Կրծքի հասակում ածխաջրերի պահանջը կազմում է 12-14 գ/կգ/օր և 8-15 գ/կգ/օր հետագա տարիներին։ Այսպիսի բարձր պահանջը բացատրվում է մանկան օրգանիզմի աճով և զարգացմամբ։ Մանկական տարիքում բարձր է գլյուկոզայի նկատմամբ տոլերանտականությունը (սննդային գլյուկոզուրիան կրծքի հասակում նկատվում է 8-12 գ/կգ գլյուկոզա միանգամից ներմուծելու դեպքում, իսկ չափահաս տարիքում՝ 3 գ/կգ), որը բացատրվում է առավել դյուրին ընթացող գլիկոգենեզով։

Միևնույն ժամանակ երեխաներին բնորոշ է բարձր գլիկոգենոլիզը և գլիկոլիզը, որի արդյունքում արյան մեջ կարող է գրանցվել կաթնաթթվի բարձր մակարդակ։ Ածխաջրային փոխանակության հաճախ հանդիպող խանգարումներից է հիպոգլիկեմիան։ Այն հաճախ է գրանցվում անհասների և ցածր քաշով նորածինների շրջանում։ Ածխաջրային փոխանակության խանգարումներին են պատկանում նաև ածխաջրատների ճեղքման և աղիքներում ներծծման խանգարումները (էնզիմների անբավարարության արդյունքում), որը հանգեցնում է նեխման գործընթացների ուժեղացմանը, լուծի, էքսիկոզի և տոքսիկոզի։ Հաճախ հանդիպում է լակտազային մալաբսորբցիան՝ պայմանավորված լակտազայի ցածր ակտիվությամբ և կրծքի կաթում լակտոզայի բարձր պարունակությամբ։

Ջրային փոխանակություն

Նյութափոխանակության բոլոր պրոցեսներն ընթանում են ջրային միջավայրում։ Ջուրը կարևոր դեր ունի մարմնի զանգվածը ավելացնելու, ջերմակարգավորման, օրգանիզմի ներքին միջավայրի կայունությունը պահպանելու գործում։ Կապված ինտենսիվ աճի, լարված նյութափոխանակության հետ՝ երեխաների ջրային փոխանակությունը ունի նաև որոշ առանձնահատկություններ։ Երեխայի օրգանիզմում ջրի պարունակությունը մարմնի քաշի համեմատ բարձր է։ Ջրի պարունակությունը կազմում է նորածինների մարմնի զանգվածի 74-80%-ը, մեծ տարիքի երեխաների մարմնի զանգվածի 66%-ը, հասուն մարդու զանգվածի 51-60%-ը: Տարիքին զուգընթաց, ի հաշիվ արտաբջջային հեղուկի, օրգանիզմում նվազում է ջրի ընդհանուր պարունակությունը։

Փոքրիկ երեխաներին բնորոշ է հյուսվածքների բարձր հիդրոլաբիլություն՝ պայմանավորված արտաբջջային հեղուկի մեծ պարունակությամբ և ջրային փոխանակության կարգավորման մեխանիզմների թերիությամբ։ Երեխաները արագորեն կորցնում են հեղուկը և էլեկտրոլիտները տենդի, հևոցի, գերտաքացման դեպքում, որը հանգեցնում է ջրազրկման։ Աճող ջրազրկման հետ նկատվում է նաև հյուսվածքների բարձր հիդրոֆիլություն։ Վաղ հասակում հեղուկի ավելցուկային ներմուծման դեպքում արագ զարգանում է հիպերհիդրատացիա։

Երեխաների ջրային քաղցի շեմը ցածր է, այնուամենայնիվ, կրծքով սնվող երեխաներին խորհուրդ չի տրվում ջուր տալ։ Արհեստական սնվող և հավելյալ սնուցում ստացող երեխաները ջրի լրացուցիչ ներմուծման կարիք ունեն։ Մանկական տարիքում մեծ նշանակություն ունեն հեղուկի արտաերիկամային կորուստները թոքերով և մաշկով (անտեսանելի կորուստներ)։ Երեխաների անտեսանելի կորուստները 2 անգամ բարձր են։ Ջրադային փոխանակության նշված առանձնահատկություններով են բացատրվում մանկական տարիքում ջրի մեծ պահանջարկը, նորածիններ՝ 150 մլ/կգ/օր, նախադպրոցական հասակ՝ 110 մլ/կգ/օր, դպրոցական հասակ՝ 50-85 մլ/կգ/օր (3-5 անգամ ավելին է, քան մեծերի պահանջարկը)։

Հանքային նյութերի փոխանակություն

Նորմալ կենսագործունեության և հոմեոստազը պահպանելու համար մեծ նշանակություն ունի օրգանիզմի հեղուկների ոչ միայն ծավալը, այլև որակական կազմը, այսինքն՝ գրանցում որոշակի հարաբերություններով առկա հանքային նյութերի քանակը։ Մանկական տարիքում մեծ նշանակություն ունի կալցիումը, որը մարդու հյուսվածքների կառուցվածքային բաղադրիչն է և հիմնականում հայտնաբերվում է ոսկրերում։ Բարձր է կալցիումի պահանջը ինտենսիվ աճի և ոսկրերի հանքայնացման շրջաններում։ Կրծքի հասակում այդ պահանջը կազմում է 0,2 գ/օր, դպրոցական հասակում՝ 1գ/օր։ Ոսկրերի հանքայնացման համար մեծ նշանակություն ունի ֆոսֆորը։ Այն մասնակցում է սպիտակուցների սինթեզին և բջիջների կառուցման գործընթացին։ Օրգանիզմում կալցիումի և ֆոսֆորի անբավարարությունը նպաստում է ռախիտի զարգացմանը։

Կալիումը և նատրիումը բջիջների հիմնական բաղադրամասն են, մասնակցում են թթուների և հիմքերի հավասարակշռությանը, անոթային տոնուսի պահպանմանը, նյարդային իմպուլսների հաղորդմանը։ Կալիումը բարձրացնում է նյարդամկանային հաղորդականությունը, իսկ նատրիումը մեծ դեր է կատարում արտաբջջային հեղուկի օսմոտիկ ճնշման կայունությունը պահպանելու գործում։ Հիպերկալիեմիա լինում է ծանր հիպօքսիայի, նորածինների ացիդոզի դեպքում և ավելի մեծ տարիքի երեխաների ուրեմիայի դեպքում։

Հիպերկալիեմիայի վտանգը սրտի կանգն է։ Նատրիումի կորստի դեպքում (փսխում, լուծ) նույնպես զարգանում է ծանր վիճակ։ Երկաթը կարևոր է հեմոգլոբինի սինթեզի համար, հատկապես վաղ մանկական հասակում։ Հաշվի առնելով կրծքի կաթում նրա անբավարար պարունակությունը, անհրաժեշտ է ժամանակին՝ 6 ամսականից, ներմուծել երկաթ պարունակող հավելյալ սնունդ։ Ոչ ռացիոնալ սնուցումը նպաստում է երկաթդեֆիցիտային սակավարյունության զարգացմանը, հատկապես անհասների շրջանում։ Մանկան օրգանիզմի կենսագործունեության համար մեծ դեր ունեն միկրոէլեմենտները՝ պղինձը, կոբալտը, ցինկը, յոդը։ Անհրաժեշտ է նշել, որ նյութափոխանակության գործընթացների նորմալ ընթացքի համար մեծ նշանակություն ունի ոչ միայն էլեկտրոլիտների, հանքային նյութերի, միկրոէլեմենտների բացարձակ քանակը, այլև դրանց ճիշտ հարաբերությունը։

 

"Ուսումնական ձեռնարկ ընդհանուր բժշկության ֆակուլտետի ուսանողների համար"` պրոֆեսոր Ա.Ս. Բաբլոյանի,   դոցենտ Ն.Գ. Բաղդասարյանի խմբագրությամբ, տեքստի հեղինակ` Կ. Պողոսյան

 

Նյութի էլեկտրոնային սկզբնաղբյուր` Doctors.am