Կրծքով կերակրելը լավ է ոչ միայն երեխայի, այլ նաև մոր համար: Կրծքով կերակրելու առավելություններից մեկն այն է, որ այն երկկողմանի գործընթաց է, որի ժամանակ երկու կողմն էլ փոխադարձաբար ստանում և տալիս են օգուտ: Երբ երեխան կուրծք է ծծում, մայրը նրան կաթ է տալիս, իսկ երեխան օժանդակում է օքսիտոցինի արտադրությանը, որն օգնում է արգանդի կրճատմանը և վերադարձին նախկին տեսքին: Մայրը մեծացնում և «ձևավորում» է երեխային, իսկ երեխան նրան է վերադարձնում նախկին կառուցվածքը: Հարկ է նշել, որ կրծքով կերակրելը չի փոխում կրծքի ձևը, այն ձևափոխվում է միայն հղիության ժամանակ:

Հանգստացե՛ք, նորից հանգստացե՛ք

Կրծքով կերակրելը հանգստացնում է մորը և երեխային: Կրծքի կաթը պարունակում է սպիտակուց, որը հագենալու զգացմանը զուգընթաց երեխային քուն է պարգևում: Փոքրիկի ծծելու հետևանքով գոյացած հորմոնները կերակրող մոր վրա նույնպես հանգստացուցիչ ազդեցություն են ունենում: Դա հատկապես օգտակար է վատ քնող կանանց համար: Սա փոխադարձ օգտավետության փայլուն օրինակ է, երբ հետևում ենք բնության ձայնին:

Կրծքով կերակրելը նպաստում է մոր առողջությանը: Կրծքով կերակրող մայրերը հազվադեպ են հիվանդանում կրծքագեղձերի և ձվարանների քաղցկեղով, կուրծք ծծող փոքրիկներն ավելի առողջ են: Մոր կրծքի կաթը նորածնի լավագույն սնունդն է:

 

Նյութը ՝ «Մինչև մեկ տարեկան երեխայի խնամքը»