Գեղեցկության, կանացիության, մայրության վիզուալ արտահայտիչ խորհրդանիշներից մեկը կուրծքն է: Գեղեցիկ կուրծքը ոչ միայն ցանկացած կնոջ երազանքն է այլ նաև նրա հպարտությունը: Բայց ոչ բոլորին է բախտ վիճակվում ստանալ այն բնությունից: Պետք է նշել, որ ոչ միշտ է դժգոհությունը վերաբերվում կրծքի փոքր չափին: Խնդիրը  շատ հաճախ լինում է մեծ չափի  կամ  ձևի մեջ: Այստեղ արդեն օգնության է հասնում պլաստիկ վիրաբուժությունը: Doctors.am-ը «Պլաստիկ վիրաբուժության շաբաթ» հանրային իրազեկման ծրագրի շրջանակում ներկայացնում է«Արթմեդ» բժշկական կենտրոնի Պլաստիկ վիրաբուժության և միկրովիրաբուժության ծառայության ղեկավար Կարեն Մանվելյանի պարզաբանումներն ու շատերին հուզող հարցերի պատասխանները՝ պլաստիկ վիրաբուժությանը վերաբերող միֆերի և իրականաության մասին:

Կրծքի վիրահատություն ասելով շատերը պատկերացնում են միայն կրծքի մեծացում, բայց իրականում գոյություն ունի կրծքի էսթետիկ վիրահատության երեք տեսակ.

1. Կրծքագեղձերի փոքրացում՝ ռեդուկցիոն մամոպլաստիկա,
2. կրծքագեղձի մեծացում իմպլանտների կիրառմամբ՝ աուգմենտացիոն մամոպլաստիկա,
3. կրծքագեղձի ձգում՝ մաստոպեքսիա:

Անհրաժեշտության դեպքում ձգումը կարելի է համադրել մեծացման կամ փոքրացման հետ:

Աուգմենտացիոն մամոպլաստիկա՝ կրծքագեղձի մեծացման վիրահատություն, կատարվում է այն դեպքում, երբ կա գանգատ  կրծքի չափերի հետ կապված, որը կարող է լինել բնածին կամ ձեռքբերովի, օրինակ՝ կրծքով երկար կերակրելու հետևանքով:

Միֆ և իրականություն

ՄԻՖ. Իմպլանտների կիրառմամբ կրծքագեղձի վիրահատությունից հետո կուրծքն անբնական կլոր տեսք է ունենում:

ԻՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ. Ըստ ձևի գոյություն ունեն երկու տեսակի իմպլանտներ՝ կլոր ու կաթիլաձև (անատոմիական): Պլաստիկ վիրաբույժն ու պացիենտը քննարկելով բոլոր հարցերը՝  որոշում են, որ տարբերակը կիրառել: Կլոր իմպլանտներն ունեն իրենց հարաբերական ցուցումները: Դրանք նախընտրելի են այն դեպքերում, երբ կուծքը շատ փոքր չէ, արդեն իսկ որոշակի ծավալ կա, և մաշկն ու ենթամաշկային ճարպը  բավարար հաստության է:
Կաթիլաձև իմպլանտը շատ ավելի նման է  բնական կրծքի ձևին, այսինքն ունի ջրի կաթիլի պես կախված ձև: Երբ կրծքի նախնական չափերը փոքր են, պացիենտը  գեր չէ  և մաշկն ու ենթամաշկային ճարպը բարակ է, կարծում եմ ճիշտ է կիրառել  կաթիլաձև իմպլանտ, որի շնորհիվ  կուծքը մոդելավորվում է՝ ձևավորվում և ընդգծվում: Սա սուբյեկտիվ կարծիք է՝ իմ պատկերացմամբ գեղեցիկի և բնականի մասին, և վերջնական որոշման հարցում պացիենտի կարծիքը նույնպես շատ կարևոր է: 
Գոյություն ունի իմպլանտների տեղադրման մի քանի եղանակ: Ամենահաճախ կիրառվողը՝ կրծքի ստորին ծալքի միջով: Այդ հատվածում մի քանի ամիս հետո սպին գրեթե աննկատ է: Կան այլ տարբերակներ, որոնք ավելի քիչ կիրառելի են և ունեն իրենց ցուցումները: Վիրաբույժը առաջարկում է հնարավոր տարբերակները կախված իմպլանտի չափից և ձևից, կրծքի ձևից, առկա կամ երբևէ եղած խնդիրներից, իսկ պացիենտը ընտրում:

ՄԻՖ. Սիլիկոնե իմպլանտների տեղադրումը կարող է կրծքագեղձի քաղցկեղի առաջացման պատճառ դառնալ:

ԻՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ. Չկա որևէ գիտական ապացույց, փոխարենը գոյություն ունեն բազմաթիվ ապացուցված հետազոտություններ, որոնք փաստում են իմպլանտների և կրծքագեղձի հիվանդությունների միջև կապի բացակայությունը: Կրծքագեղձի իմպլանտը տեղադրվում է կա՛մ գեղձի տակ, կա՛մ ավելի խորը՝ կրծքամկանի տակ: Երկու դեպքում էլ տեղադրվող իմպլանտը գեղձային հյուսվածքի հետ որևէ շփում ՉԻ ՈՒՆԵՆՈՒՄ, գեղձը չի վնասում: Հատուկ ծածկույթը կանխում է կպումներն ու ցանկացած այլ ռեակցիա օրգանիզմի հետ: Ասեմ ավելին՝ շատ դեպքերում ի շնորհիվ իմպլանտների մենք կարողանում ենք վերականգնել քաղցկեղի հետևանքով հեռացված կուրցքը, անհամեմատելի մեծացնելով երիտասարդ կնոջ կյանքի որակը:

ՄԻՖ. Իմպլատնը կարող է խանգարել հետագայում երեխա ունենալուն և կրծքով կերակրելուն:

ԻՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ. Դա նույնպես տարածված մոլորություն է: Կրծքային իմպլանտը տեղադրվում է կա՛մ կրծքագեղձի տակ, կա՛մ կրծքամկանի տակ (ավելի խորը շերտերում) կախված պացիենտի կառուցվածքից, կրծքի նախնական չափից,  իմպլանտի չափերից և իհարկե ցանկությունից: Երկու դեպքում էլ այն ոչ մի կերպ չի առնչվում գեղձի հետ, գեղձի կաթնարտադրության ֆունկցիայի հետ, չի արգելափակում դրա աշխատանքն ու չի խանգարում կրծքով կերակրելուն: Սակայն պետք է իմանալ, որ իմպլանտների առկայությամբ կրծքով կերակրելուց հետո չի բացառվում, որ նկատվի գեղձի որոշակի պտոզ՝ կախվածություն, որը հեշտությամբ կարելի է կորեկցիայի ենթարկել շատ կարճ վերականգնողական ժամանակով:

-Բժիշկ Մանվելյան, ամենահաճախ շոշափվող հարցերից է կրծքի սիլիկոնե իմպլանտների երկարակյացության և անվտանգության հարցը: Փորձե՛ք տալ հնարավորինս ընդգրկուն պատասխան:

-Այսօր իմպլանտների արտադրությամբ զբաղվում են շատ լուրջ և լիցենզավորված ընկերություններ, որոնք ունեն տասնամյակների փորձ և որակի շատ խիստ հսկողություն: Ժամանակակից իմպլանտներն անժամկետ են, այն փոխելու հարկ չկա, եթե հետագայում պացիենտը չի ցանկանում նորից փոխել կրծքի չափը կամ ձևը: Հակառակ պարագայում այն կարող է ընդմիշտ մնալ իր տեղում: Սիլիկոնե իմպլանտն իր մեջ պարունակում է հատուկ նյութ, որը ստերիլ է և անվտանգ անգամ այն դեպքում, եթե որևէ դժբախտ պատահարի, ծակող-կտրող վնասվածքի արդյունքում իմպլանտը վնասվի:

- Աուգմենտացիոն՝ մեծացնող, մամոպլաստիկայից հետո օտար մարմնի զգացողություն առաջանու՞ մ է:

-Վիրահատությունից հետո՝ առաջին օրերին, պացիենտները նման զգացողություն նշում են, որը  հետո անցնում է: Մեկ-երկու շաբաթ հետո պացիենտի միակ արտասովոր զգացողությունը ինքնագնահատականի և վստահության բարձրացումն է: Աուգմենտացիոն մամոպլաստիկայով կարելի է նաև կրծքի բնածին  ասիմետրիաները կամ անոմալիաները  շտկել, ասենք միկրոմաստիան՝ բնածին շատ փոքր կուրծք, որը հասունացման շրջանում չի զարգանում:

-Աուգմենտացիոն մամոպլաստիկայի դեպքուն ինչպիսի՞ն է հետվիրահատական շրջանը:

-Վիրահատությունից հետո պացիենտը կլինիկայում հսկողության տակ մնում է մեկից երկու օր: Առաջին շաբաթների ընթացքում պարտադիր են այցելությունները բժշկին: Պացիենտը կրում է հատուկ ձգող կորսետ: Հսկողությունն ակտիվ է, քանի որ հազվադեպ, բայց կարող են առաջանալ մարդկային գործոնից անկախ բարդություններ՝ հեմատոմաներ՝ արյան կուտակումներ, իմլանտի շուրջ, վերքի լավացման բարդություններ, մի քիչ ավելի ուշ՝ սերոմա՝ ազատ հեղուկի կուտակում, իմպլանտի տեղաշարժ և այլն: Բարդություններից խուսափելու համար պետք է խիստ հետևել վիրաբույժի ցուցումներին, սահմանափակել ակտիվությունը:  Մեկ տարվա ընթացքում այցելուն շարունակում է գտնվել վիրաբույժի պարբերական հսկողության տակ, քանի որ վերջնական արդյունքը նկատելի է միայն ամիսներ անց, երբ ամբողջությամբ անցնում են հետվիրահատական այտուցն ու սպիները:

-Ինչպիսի՞ չափի կամ ձևի կուրծքը կարելի է համարել իդեալական:

-Դա չափազանց սուբյեկտիվ է և չի կարելի հստակ ու միանշանակ սահմանել իդեալական կրծքի ձևը  կամ չափը: Սակայն կան մեր մասնագիտաության մեջ որոշակի չափումներ և չափման տարբեր  մեխանիզմներ, որոնց միջոցով մենք կարողանում ենք որոշել առանձին դեպքերում կնոջ արտաքին կառուցվածքային տվյալներին համապատասխան որ ձևի և չափի կուրծքը կհամապատասխանի, և դա պետք է կատարել յուրաքանչյուր դեպքում առանձին: Չմոռանանք նաև, որ գեղեցիկ ձևի ու չափի պատկերացումները մարդկանց մոտ շատ տարբեր են: Պլաստիկ վիրաբուժության մեջ շատ կարևոր է անհատական մոտեցումը յուրաքանչյուր պացիենտին: Մենք հոգ ենք տանում այցելուների ոչ միայն առողջության և գեղեցկության այլև հարմարավետության մասին: Այդ առումով «Արթմեդ» բժշկական կենտրոնում բոլոր անհրաժեշտ պայմաններն ապահովված են:

Մի կարևոր բան չպետք է մոռանալ՝ պատրաստվելով պլաստիկ վիրահատության՝ հիշեք, որ ամեն ինչ չափի մեջ է գեղեցիկ:


Հեղինակ՝ Մարգարիտա Մխիթարյան
Աղբյուր՝ Doctors.am
13Դեկտեմբերի, 2017