Կպչուն-սևեռուն խանգարումը (ԿՍԽ) սովորաբար ի հայտ է գալիս դեռահաս կամ պատանեկան շրջանում և հանդիպում է յուրաքանչյուր 200 երեխայից մեկի մոտ: ԿՍԽ-ն բնութագրվում է կրկնվող կպչուն և/կամ սևեռուն մտքերով կամ վարքերով, որոնք բավականաչափ սուր են լինում ուժեղ անհանգստություն առաջացնելու համար: Երեխային հետապնդում են կպչում մտքեր, մղումներ կամ պատկերներ, որոնք անցանկալի են և առաջացնում են ուժեղ անհանգստություն կամ վիշտ: Հաճախ այդ անհանգստությունները անիրական և անմիտ են լինում: Դրանք պարզապես չափազանց անհանգստություններ կամ մտահոգություններ չեն իրական կյանքի խնդիրների շուրջ: Նկատվում են նաև կրկնվող սևեռուն վարքեր (օրինակ՝ ձեռքերի լվանալը, ինչ-որ բան անվերջ պաշարելը, ամեն ինչ կարգին պահելը, ինչ-որ բան անվերջ փնտրելը) կամ մտավոր գործողություններ (օրինակ՝ հաշվելը, ցածր ձայնով բառեր կրկնելը, մարդկանցից խուսափելը): ԿՍԽ-ի դեպքում կպչունությունն ու սևեռությունը պատճառ են դառնում մեծ անհանգստության կամ վշտի, որոնք ազդում են երեխայի նորմալ կյանքի, սովորելու, հասարակության լիիրավ անդամ լինելու և մարդկանց հետ հարաբերվելու վրա:

Կպչուն մտքերը կարող են տարբեր լինել՝ կախված երեխայի տարիքից, և կարող են փոփոխվել: Ավելի փոքր տարիքի ԿՍԽ-ով երեխան կարող է վախենալ, թե իր կամ իր ընտանիքի անդամների հետ կարող է դժվախտություն պատահել, օրինակ՝ տուն կարող է գող ներխուժել և վնասել նրանց: Դրա հետևանքով երեխան ծնողների քնելուց հետո կարող է անվերջ ստուգել՝ փա՞կ են, արդյոք, տան բոլոր դռները և պատուհանները, որպեսզի թեթևացնի իր վախերը: Երեխան կարող է նաև կարծել, թե ինքը պատահաբար բաց է թողել որևէ դուռ կամ պատուհան իր վերջին ստուգումը կատարելիս և ապա պետք է անպայման նորից բոլորը ստուգի:

Ավելի մեծ տարիքի ԿՍԽ-ով երեխան կամ դեռահասը կարող է վախենալ, թե կհիվանդանա, ասենք, ՁԻԱՀ-ով կամ կթունավորվի սննդից: Իր վախերը և անհանգստությունները հաղթահարելու համար երեխան կարող է զարգացնել անվերջ կրկնվող գործողություններ: Երբեմն կպչունությունները ու սևեռությունները կապակցված են. □Ես վախենում եմ, որ եթե դադարեցնեմ դռները ստուգելը կամ ձեռքերս լվանալը, ինչ-որ վատ բան կպատահի, այնպես որ ես չեմ կարող դադարեցնել դա անել, եթե անգամ իմ արածը զուրկ է իմաստից□:

Հետազոտությունները ցույց են տալիս, որ ԿՍԽ-ն ուղեղի խանգարում է և փոխանցվում է գեներով, թեև սա չի նշանակում, որ երեխան պարտադիր կունենա ԿՍԽ-ի ախտանիշներ հիվանդ ծնող ունենալու դեպքում: Վերջերս կատարված հետազոտությունները նաև ցույց են տվել, որ ԿՍԽ-ն կարող է ի հայտ գալ կամ վատթարանալ վարակումից հետո: Երեխան կարող է նաև ունենալ ԿՍԽ՝ առանց իր ընտանիքում գրանցված նման դեպքերի:

Երեխաները և դեռահասները հաճախ ամաչում են իրենց ԿՍԽ-ից: Շատերը կարծում են, թե դա նշանակում է, որ իրենք խելագար են: Երեխայի և ծնողների միջև լավ հարաբերությունները կարող են երեխային ավելի մեծ իմացություն տալ խնդրի մասին և օգնել ծնողներին ճիշտ վարվել և աջակցել իրենց երեխային:

ԿՍԽ-ով երեխաները կարող են ճիշտ բուժում ստանալ հոգեթերապիայի (հատկապես իմացական և վարքային) և որոշակի դեղամիջոցների (օրինակ՝ սերոտոնինի, reuptake inhibitors (SSRI) համակցության պայմաններում: Բուժման համար կենսական նշանակություն ունեն նաև ընտանիքի անդամների աջակցությունը և համապատասխան կրթությունը: Անտիբիոտիկ թերապիան կարող է օգնել ԿՍԽ-ով երեխաներին, երբ նրանց հիվանդությունը կապված է ստրեպտոկոկային վարակի հետ:

Շատ կարևոր է դիմել մանկապատանեկան հոգեբույժի՝ ԿՍԽ-ի բարդությունները ավելի լավ հասկանալու, ինչպես նաև օգնություն ստանալու համար:

 

hogebnimot.com