Կորոնավիրուսի ճիշտ բուժումն, անշուշտ ամենակարևորն է, բայց ոչ պակաս կարևոր է հետկորոնավիրուսային ընթացքը: Հիվանդությունից հետո մեր օրգանիզմը դեռևս թույլ է և ավելի քան կարիք ունի խնամքի, վատ հետևանքների չեզոքացման: 

Wigmore Clinic  բժշկական կենտրոնի թոքաբան Հասմիկ Յողուրջյանը ներկայացնում է հետկորոնավիրուսային խնամքի կարևոր կետերը:

Կորոնավիրուսային բուժումը շատ կարևոր է վարակված հիվանդների համար, սակայն ոչ պակաս կարևոր է հետևել հիվանդներին ապաքիումից հետո։ Շատ հիվանդներ շարունակում են օգտագործել որոշ դեղորայք տնային պայմաններում, առանց լաբորատոր ցուցանիշների հսկողության, որը մեծ սխալ է: Ցանկացած դեղամիջոց նշանակելիս պետք է ունենալ խիստ ցուցում, ուստի խորհուրդ է տրվում բուժումը ավարտելուց 10 օր հետո կատարել բոլոր անհրաժեշտ հետազոտությունները՝ հատկապես հետևել մակարդելիության ցուցանիշներին, քանի որ հիվանդների մեծ մասը շարունակում է ստանալ հակակոագուլյանտներ։ Որոշ դեղախմբեր առաջացնում են սրտի ռիթմի խանգարումներ, ուստի պետք է նաև գտնվել սրտաբանի հսկողության տակ։ Այն հիվանդները, ովքեր ի սկզբանե ունեցել են մարսողական համակարգի խանգարումներ կամ ձեռք են բերել հիվանդության ընթացքում՝ պետք է շարունակեն ստանալ համապատասխան բուժում։ Ուշադրության են արժանանում նաև քրոնիկական թոքային հիվանդները, ում մոտ վիրուսը էլ ավելի է բարդացնում հիվանդության ընթացքը։ 

Վերականգնումը թոքաբորբից հետո 

Այն հիվանդները, ովքեր ունեցել են կովիդով պայմանավորված թեթև աստիճանի թոքաբորբ՝ 1-15%, ապաքինվում են առանց հետագա բարդությունների։ Չնայած՝ կան դեպքեր, երբ լինում են բարդություններ։ Միջին և ծանր աստիճանի թոքաբորբով հիվանդների մոտ՝ 20%-ից բարձր, ապաքինումը ընթանում է քիչ դժվար։ Հիվանդների մոտ նկատվում է շնչարգելություն, շնչահեղձություն՝ սատուրացիայի իջեցում. ինչքան սատուրացիան ցածր է, այնքան թոքային հյուսվածքի ախտահարման ծավալը մեծ է, և պացիենտի վիճակը ծանր է: Այս փուլում խորհուրդ է տրվում ստերոիդների կիրառումը՝ շնչառական անբավարարությունը կանխելու համար: Հիվանդի մոտ սկսվում է տագնապ, որն էլ ավելի է ծանրացնում հիվանդության ընթացքը։ Կան հիվանդներ, ում պետք է ցուցաբերել հոգեբանական աջակցություն։

Ապաքինվելուց հետո, ծանր թոքաբորբով հիվանդներից շատերի մոտ առաջանում են ֆիբրոզ փոփոխություններ, որի ժամանակ շարունակվում է պահպանվել շնչարգելությունը, ցածր սատուրացիայի ցուցանիշը։ Երբ նկատվում են այս ախտանշանները, պետք է սկսել կատարել ակտիվ շնչառական վարժություններ մինչև սատուրացիայի ցուցանիշների վերականգնումը։ Բացի շնչառական վարժություններից, հիվանդների մեծամասնությունն, անգամ վերականգնվելու փուլում ,կարիք ունի օգտագործել խոնավեցրած թթվածին: Որպես բարդություն ՝ ծանր թոքաբորբերը առաջացնում են թոքային հյուսվածքի ֆիբրոզային փոփոխություններ։ 

Կա վարկած, որ գլյկոկորտիկոիդները վերականգնում են թոքային հյուսվածքը՝ վերացնելով ֆիբրոզ փոփոխությունները։ Քանի որ չենք կարող խոսել հեռավոր արդյունքների մասին, հաստատ ասել օգնում են դրանք, թե ոչ, չեմ կարող։ Սակայն կան դեպքեր, երբ ֆիբրոզ փոփոխությունները լրիվ վերացել են պրեդնիզոլոնի օգտագործումից հետո (նշանակվել է 20 մգ՝ աստիճանաբար նվազեցնելով դեղաչափը)։ Այն վարկածով առաջնորդվում ենք՝ նշանակելով վիտամին D։ Գրականության մեջ կան նյութեր, որտեղ գրված է նրա հակաբորբոքային հատկության մասին։ Կա նաև վարկած, որ այն հիվանդները, ովքեր ունեն վիտամինի պակաս, նրանց մոտ հիվանդությունը ընթանում է ծանր։ Այնուամենայնիվ, վիտամինը նշանակվում է նախապես որոշելով հիվանդի արյան մեջ դրա քանակությունը:

Ամփոփելով վերը նշվածը՝ լավացման շրջանում պետք է՝

  • Կատարել շնչառական վարժություններ՝ սատուրացիայի ցուցանիշի հսկողությամբ ,
  • Օգտագործել առատ հեղուկներ և վիտամիններով հարուստ սնունդ,
  • Օգտագործել դեղորայքը բժշկի խիստ ցուցմով (հատկապես հակաբիոտիկներ, հակամակարդիչներ, ստերոիդներ),
  • Կրկնել այն լաբորատոր հետազոտությունները, որոնք եղել են նորմայից շեղված,
  • Կրկնել թոքերի ԿՏ հետազոտությունը ըստ բժշկի ցուցման,
  • Գտնվել բժշկի հսկողության տակ 1-3 ամսվա ընդացքում՝ բարդությունները կանխելու նպատակով։ 

Առանց առողջության երջանկթյունն անհնարին է։ (Բելինցկի)

Ուստի՝ ԵՂԵՔ ԵՐՋԱՆԻԿ․


Պատրաստեց Արմինե Սարգսյանը