Վախը մարդու հոգեկանի անբաժան բաղադրիչներից է, այն մարդու բնածին ինքնապաշտպանական բնազդ է: Սակայն հաճախ այն հիվանդագին է դառնում և քայքայում մարդու անհատականությունը, վնասում՝ վերածվելով հիվանդության կամ էլ լուրջ խանգարման: Վախը կարող է առաջանալ միջատների, սողունների, մթության, բարձրության հանդեպ:


Հաճախ կարելի է հանդիպել փակ տարածություններից վախի, այսինքն՝ կլաուստրոֆոբիայի դեպքերի:
Կլաուստրոֆոբիան նոպայաձև բնույթ ունի և առաջանում է փակ տարածքներում և մեծաքանակ մարդկային կուտակումների դեպքում (ամբոխի, հերթի մեջ): Այն հանկարծակի է սկսվում, և մարդը  կորցնում է ինքնակառավարումը. առաջանում է խուճապի, շնչահեղձության զգացում: Այդ մարդիկ սկսում են խուսափել նեղ, փակ տարածքներից, վագոններից, մետրոյից, վերելակից, նրանց հետապնդում է կլաուստրոֆոբիայի  վախը:


Նոպաներն ուղեկցվում են վեգետատիվ նյարդային համակարգի վառ դրսևորումներով, ինչպիսիք են առատ քրտնարտադրությունը, բերանում չորությունը, դողը, սրտխփոցը, շնչարգելությունը: Մակերիկամներում արտադրվող ադրենալինը  կտրուկ նեղացնում է անոթները` առաջացնելով գլխապտույտ և ուշագնացության վիճակ:


Կլաուստրոֆոբիան  մյուս ֆոբիաների (վախերի) նման մանկուց է գալիս: Դեռևս լիովին պարզ չեն դրա առաջացման պատճառները, սակայն ակնհայտ է, որ այն ուժեղ սթրես է, որն անկառավարելի  վախի նոպա է առաջացնում:
Եվ քանի որ այն հիմնականում վաղ մանկության տարիներին ապրած վախի հետևանք է,  այդ ինֆորմացիան ենթագիտակցական մակարդակ է տեղափոխվում, և մարդուն մնում է միայն սովորել  պայքարել դրա ախտանշանների դեմ: