Մարդիկ հաճախ իրենց վատ տրամադրությունն արտահայտելու համար օգտագործում են "դեպրեսիա", "ընկճվածություն" բառերը, բայց դեպրեսիան ավելին է, քան պարզապես տխրության զգացումը: Դա հիվանդություն է:


Դեպրեսիան հուզական և մտավոր պրոցեսների դանդաղումն է և շարժողական ակտիվության նվազումը:
Պոզիտիվ հուզական խանգարումներից հուզական վիճակների և հակազդումների ախտահարումներից մեկի ` հիպոթիմիայի արտահայտվող ձևերից է:
Դեպրեսիան տրամադրության անկման այն ձևն է, որի ժամանակ տեղի է ունենում խզում հուզական վիճակի և իրականության միջև։


Դեպրեսիայի ժամանակ տրամադրության և ինքնազգացումի անկումից բացի, դիտվում են մտածողության դանդաղում, ուշադրության անկայունություն, շարժումների դանդաղում (արգելակում), ինքնագնահատման անկում, հյուծվածություն, հոռետեսություն։ Հիվանդը կորցնում է հետաքրքրությունը, ինքնավստահությունը, խանգարվում է քունը։ Առաջանում է մեղքի և մեղավորության զգացում, ինչը կարող է անգամ ինքնասպանության հանգեցնել։



Ճնշված մարդը, որպես կանոն, հոգեկան տառապանք է ապրում, ինչը հետևանք է իրական կամ երևակայական կորստի գիտակցման: Անձն իրեն հուզականորեն անվտանգ վիճակում չի զգում, նրան անընդհատ համակում է անօգնականության զգացումը: Ճնշված անձը կորցնում է սեփական անձի արժեքավորության, ինքնահարգանքի զգացումը: Նրա մեջ ձևավորվում է թերարժեքության բարդույթ:


Դեպրեսիան կարող է ի հայտ գալ հոգեկան ամենատարբեր հիվանդությունների ժամանակ՝ նևրոզներ, սեռական խանգարումներ, շիզոֆրենիա, մանիակալ-դեպրեսիվ և ծերունական պսիխոզներ, ալկոհոլամոլություն, թմրամոլություն և այլն:
Որպես հիվանդություն, հիվանդագին վիճակ՝ այն կարող է ծանր կամ թեթև ընթացք ունենալ: Ծանր դեպրեսիայի ժամանակ դրսևորվում են ստորև նշված բոլոր ախտանշանները:

 

Դեպրեսիա կարող են առաջացնել ալկոհոլի, թմրանյութերի չարաշահումը, որոշակի (ծանր, վատ ելք ունեցող) հիվանդությունների հետ կապված երկարատև, հուսահատ վիճակը, որոշ դեղամիջոցների ազդեցությունը և այլն:


Ընկճված վիճակին բնորոշ են տրամադրության վատացումը, օրվա ընթացքում նրա փոփոխությունը (առավոտյան՝ մռայլ, երեկոյան աստիճանաբար մեղմանում է), մտածողության և շարժումների դանդաղումը: Հիվանդները գանգատվում են ախորժակի բացակայությունից, ուտելիքը թվում է անհամ, անհոտ կամ տհաճ: Երբեմն հաշված օրերի ընթացքում արագ նիհարում են, հյուծվում և շուտ հոգնում, նվազում է սեռական ցանկությունը և սիրո զգացումը։ Տղամարդիկ գանգատվում են սեռական պոտենցիայի նվազումից (հիպոէրեկցիա), սեռական ցանկության բացակայությունից, կանայք՝ դաշտանադադարից: Քունը խանգարվում է, մարդիկ դառնում են ալարկոտ, ծույլ, անտրամադիր:
Թախիծը, տխրությունը, "հոգեկան ցավը", անելանելիության ճնշվածությունը կրծքավանդակի, սրտի շրջաններում առաջացնում են ճնշող ցավի զգացողություն: