Հերթական նորամուծություն Ս.Վ. Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնում:

Այստեղ առաջին անգամ Հայաստանում իսպանական Ֆերարա Ռինգ (Ferrara Ring, Spain) ընկերության հետ համատեղ իրականացվեց կերատոկոնուսի ժամանակ եղջրաթաղանթի օղակների պատվաստում կոչվող վիրահատությունը: Եթե մինչ այժմ կերատակոնուս հիվանդության դեպքում հնարավոր էր կանգնեցնել տեսողության վատացման ընթացքը, ապա այժմ արդեն տեսողությունը կարելի է նաև վերականգնել: Վիրահատական այս մեթոդի մասին վիրահատությունից առաջ զրուցեցինք Ս.Վ.Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնի Ախտորոշման և լազերային վիրաբուժության բաժանմունքի վարիչ Ելենա Մալայանի և Ֆերարա Ռինգ ընկերության կերատոկոնուսի բժիշկ-կոնսուլտանտ Դոկտոր Պերե Դել Կամպոյի հետ:

Կերատոկոնուսը եղջերաթաղանթի դեգեներատիվ պրոգրեսիվող հիվանդություն է, որի դեպքում եղջերաթաղանթը շատ դանդաղ, հիվանդի համար աննկատ բարակում է: Արդյունքում տեղի է ունենում տեսողության վատացում, ակնոցն այլևս չի բավարարում: «Կերատակոնուսը չունի առաջացման հիմնական պատճառ, այն բնածին խնդիր է: Մարդը կարող է ծնվել բարակող եղջերաթաղանթով, այն է՝ թաղանթի կարծրությունը ապահովող կոլագենը քիչ է լինում, չի բավարարում: Այն հիմնականում գլուխ է բարձրացնում պատանեկան տարիքում, ունի զարգացման շատ անհատական ընթացք. մեկի մոտ կարող է շատ արագ զարգանալ, մեկ ուրիշի մոտ՝ դանդաղ», - բացատրում է Ելենա Մալայանը: Որքան վաղ շրջանում հայտնաբերվի կերատակոնուսը, այնքան ավելի հեշտ կլինի վերականգնել տեսողությունը:

9 տարի առաջ Հայաստանում սկսեցին կատարել Քրոսլինքինգ կոչվող բարձր արդյունավետությամբ միջամտությունը, որը կանխում է հիվանդության զարգացումը և ունի պահպանողական նպատակ: Իսկ այսօր արդեն Ս.Վ.Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնն իրականացնում է եղջրաթաղանթի օղակների պատվաստում, որի առաջնային նպատակը հիվանդության կանխումն է, ինչպես նաև հիվանդի տեսողության լավացումը:

Ս.Վ.Մալայանի անվան կենտրոնում եղջրաթաղանթի օղակների պատվաստումը կատարվելու է Ֆերարա Ռինգ (FerraraRing )առաջատար ընկերության օղակներով, որոնք կիրառվում են աշխարհի գրեթե բոլոր զարգացած երկրներում: Աշխարհում տարածված ռինգերի, այն է՝ օղակների 70 տոկոսը արտադրում է այս ընկերությունը: «Մեր ընկերությունը, ի դեմս դոկտոր Ֆերարայի, նախընտրում է աշխատել աշխարհի լավագույն կլինիկաների հետ, Հայաստանում ընտրությունը կանգ առավ Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնի վրա: Կերատոկոնուսի պարագայում ամենակարևոր խնդիրներից է դիագնոստիկան՝ հիվանդության վաղ շրջանում բացահայտումը, իսկ դա լիարժեք արվում է այս կենտրոնում: Կենտրոնը չի աշխատում միայն մեկ մեթոդով, մեզ դուր է գալիս, որ կիրառվում են աշխարհին հայտնի բոլոր մեթոդները: Դա հնարավորություն է տալիս, կախված հիվանդության բարդության աստիճանից, ընտրություն կատարել բուժման եղանակների միջև: Այս վիրահատութունը հեշտերից չէ, պահանջում է հմուտ վիրաբույժ, այդ իսկ պատճառով մենք նախընտրում ենք աշխատել լավագույնների հետ»:

«Մեր համագործակցությունը Ֆերարա Ռինգ ընկերության հետ շարունակական բնույթ է կրելու, քանի որ կերարինգը անհատական մոտեցում պահանջող վիրահատություն է, - ասում է Ախտորոշման և լազերային վիրաբուժության բաժանմունքի վարիչ Ելենա Մալայանը, - վիրահատության պատրաստվող հիվանդի անհատական տվյալների հիման վրա նրանք մեզ են տրամադրելու անհատական օղակներ»:

Այս վիրահատությունը հիվանդներին առաջարկվում է հետազոտությունից հետո, երբ բացահայտվում է, թե կերատակոնուս հիվանդությունը զարգացման որ փուլում է գտնվում:

Վիրահատությունը տևում է 15-20 րոպե, այնուհետև մոտ երկու ժամ բժիշկների հսկողության տակ լինելուց հետո, վիրահատված հիվանդը վերադառնում է տուն: Կերատոկոնուս ունեցող մարդիկ մշտապես հսկողության տակ են: Օղակները կարող են պատվաստվել սկսած 18 տարեկանից՝ ելնելով հիվանդության բացահայտման տարիքից և թե որ աստիճանում է այն գտնվում: 35-40 տարեկանից հետո կերատակոնուսն այլևս շատ ակտիվ չէ, այդ տարիքում հետազոտությունից հետո միայն պարզ է դառնում՝ արդյո՞ք կարելի է որևէ կերպ միջամտել:

«Այս համագործակցության շնորհիվ աչքի խնդիրներ ունեցող հիվանդները, շնորհիվ Ս.Վ.Մալայանի անվան կլինիկայի գերժամանակակից սարքավորումների, հնարավորություն ունեն ստանալու բոլոր այն ծառայությունները, որոնք նրանց կմատուցեին, օրինակ Բարսելոնայի առաջադեմ կլինիկաներում», - վստահ է դոկտոր Պերե Դել Կամպոն:

Այս՝ հերթական նոր վիրահատության իրականացումը Ս.Վ.Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնում հերթական հնարավորություն է հիվանդների համար՝ վերագտնել սեփական տեսողությունը սեփական երկրում:

Մանրամասների համար զանգահարել` 012 354981, 010 359285 
http://www.emalayan.com/ 


Աղբյուրը՝ http://eyecenter.am/topic.php?id=143