Պատկերը ոչ հստակ տեսնելը, աչքերի հոգնածությունը միշտ չէ, որ աչքի հիվանդությունների կամ վատ տեսողության  հետևանք են: Հնարավոր է, որ առկա է աստենոպիա: Այս տերմինով ակնաբույժներն անվանում են աչքերի հոգնածությունը, որն առաջանում է երկարատև և անդադար աշխատանքի հետևանքով: Աստենոպիայի նշանները մարդիկ հիմնականում զգում են գիրք կարդալիս, համակարգչի առջև աշխատելիս կամ երկար ժամանակ ղեկին լինելուց հետո:

Աստենոպիայի պատճառներն ու ախտանշանները

Այն տեսողական խնդիրները, որոնք պահանջում են բարձր կենտրոնացում, առաջացնում են աչքերի մկանների (ոչ միայն աչքերի) գերլարում և կծկում: Կոպերի, դեմքի նույնիսկ ծնոտի մկանները նույնպես ներառված են տեսողական գործընթացի մեջ և երբեմն առաջացնում են ցավ և անհարմարություն: Մեծ դեր ունի նաև լուսավորությունը. աչքերը շատ շուտ են հոգնում  թույլ լույսի տակ: Երբ մարդ, իր խնդիրներով տարված, լարված նայում է էկրանին, աչքերը քիչ է թարթում և այս դեպքում աստենոպիան ուղեկցվում է նաև  ակնագնդի չորությամբ:

Ռեֆրեկցիոն տեսողության խանգարումները (կարճատեսություն, հեռատեսություն) ավելի են խորացնում աչքերի հոգնածությունը:

Ընդհանուր առմամբ, աստենոպիայի ախտանշանները կարող են տարբերվել, կախված դրա առաջացման պատճառից, սակայն առավել հաճախ պատահող ախտանշաններն են.

  • հոգնածություն,
  • աչքերում այրոց և ցավի զգացում,
  • չոր կամ արցունքոտ աչքեր, 
  • գլխացավ, որն առաջանում է աչքերի հետ կապված որևէ աշխատանք իրականացնելիս,
  • աչքերը բաց պահելու դժվարություն,
  • պատկերի երկատվածություն,
  • գերզգայնություն լույսի նկատմամբ,
  • շաղված տեսողություն,
  • գլխապտույտ:

Այս ախտանշաններից շատերը կարող են նմանվել հեռատեսության, կարճատեսության կամ աստիգմատիզմի ախտանշաններին և իրական պատճառը հայտնաբերելու համար անհրաժեշտ  է այցելել ակնաբույժի և անցնել աչքերի ընդհանուր հետազոտություն:


Աստենոպիայի բուժումը հիմնականում կախված է դրա պատճառներից և կարող է ներառել.

  • ակնոցի կրում,
  • կոնտակտային ոսպնյակներ,
  • լազերային միջամտության իրականացում,
  • աչքի կաթիլների օգտագործում: 

Կան նաև աստենոպիայի մեղմացման այլ միջոցներ, որոնք կարող եք իրականացնել ինքնուրույն: 

  • Մերսում: Կոպերի և հոնքերի տակ իրականացվող շրջանաձև շարժումները (40 վայրկյան) ակտիվացնում են արյան շրջանառությունը և թուլացնում են մկանները:
  • Տաք ափ: Շփեք ձեռքի ափերը և դրեք դրանք փակ կոպերին (կես րոպե):
  • Սառը ջուրը հանում է աչքերի այտուցվածությունը, լարվածությունն ու հոգնածությունը, լավացնում է արյան շրջանառությունը:
  • Արևային լոգանք: Էներգետիկ լիցքեր հնարավոր է ստանալ՝ դեմքը դեպի արևի ճառագայթը ուղղելով: Այդ ընթացքում աչքերը պետք է փակված լինեն:
  • Վարժանքներ աչքի համար: Դեպի հեռուն հառած հայացքը կամ մոտ դրված առարկային նայելը մարզում է աչքի մկանները:
  • Երիցուկի թեյով, կաթով, վարունգով թրջոցները նույնպես հանգստացնում են աչքերը:
  • Լուսավորություն: Չափից շատ վառ լույսը կամ թույլ լույսը ստիպում են աչքերին ավելի լավ աշխատել:

Աստենոպիան, բարեբախտաբար, լուրջ խնդիր չէ և չի առաջացնում  երկարատև տեսողական խնդիրներ: Պարզապես պետք է ավելի հետևողական լինել և գիտակցաբար շատ չծանրաբեռնել աչքերը, իսկ եթե լարումն անխուսափելի է, ապա դա իրականացնեք ընդմիջումներով:



Աղբյուրը՝ Doctors.am