Ամերիկացի և իտալացի գիտնականների խմբի փորձերը ցույց են տվել, որ գինու, հատապտուղների և շոկոլադի մեջ պարունակվող ռեսվերտրոլ հակաօքսիդանտը չի ազդում մարդու կյանքի տևողության վրա և չի նվազեցնում սիրտ-անոթային հիվանդությունների և ուռուցքների առաջացման ռիսկը: Հետազոտության արդյունքները հրատարակվել են JAMA Internal Medicine ամսագրում:

Ռեսվերատրոլ կա շոկոլադի, գետնանուշի, խաղողի և որոշ մրգերի մեջ: Լայն տարածում է գտել այն կարծիքը, որ այդ հակաօքսիդանտը կարող է դանդաղեցնել ծերացման գործընթացը, և նվազեցնել սիրտ-անոթային և ուռուցքաբանական հիվանդությունների ռիսկը: Համաձայն անցած տարի տպագրված Հարվարդի համալսարանի և ԱՄՆ-ի Ազգային առողջապահության ինստիտուտի գիտնականների կողմից կատարված հետազոտությանը՝ ռեսվերատրոլը դանդաղեցնում է ծերացումը մկների մոտ: Սակայն նոր հետազոտությունը չի հայտնաբերել նման կապ ռեսվերտրոլ  պարունակող սննդամթերքի օգտագործման և մարդու առողջության միջև:

1998-2009 թվականներին գիտնականները հետևել են Տոսկանիայի երկու քաղաքների 65 տարեկանից բարձր 783 տղամարդկանց և կանանց առողջական վիճակին: Հետազոտության մասնակիցները պատմել են իրենց սննդակարգի մասին, նրանք կանոնավոր հանձնում էին մեզի անալիզ՝ ռեսվերատրոլի մետաբոլիտ հայտնաբերելու նպատակով: Հետազոտության կատարման իննը տարիների ընթացքում 268 մասնակիցներ մահացել են (34.3%), 174-ի (27.2%) մոտ հայտնաբերվել է սիրտ-անոթային հիվանդություն, իսկ 34-ի մոտ (4.6%)՝ ուռուցքային հիվանդություն:
 

Ելնելով այնպիսի գործոններից, ինչպիսիք են՝ տարիքը և սեռը, պարզվել է, որ բարձր քանակությամբ ռեսվերատրոլ պարունակող սննդամթերք օգտագործողները ենթակա են տարբեր հիվանդությունների այնքանով, որքանով այն մարդիկ, ում սննդակարգում ռեսվերատրոլի քանակը շատ չէր:

«Ռեսվերատրոլի պատմությունն այն դեպքերից է, երբ խոսքը գնում է վերջինիս՝ առողջության համար օգտակարության բազմաթիվ ապացույցների մասին, որոնք չեն հաղթահարել ժամանակի փորձությունը, - ասել է փորձաքննության գլխավոր հեղինակ Ռիչարդ Սեմբան- Ենթադրվում է, որ մի շարք մթերքներ և ըմպելիքներ օգտակար են, քանի որ պարունակում են ռեսվերատրոլ: Մենք չենք հայտնաբերել նման կապ»:

Գիտնականներն կարծում են, որ այդ հարցին վերջնական պատասխան տալու համար պետք է կատարել մի շարք լրացուցիչ հետազոտություններ: Բրիտանիայի սրտաբանության հիմնադրամի անդամ Մորին Տալբոտը նշել է. - «Չնայած այդ հետազոտության արդյունքները մեզ համար հետաքրքրական են, սակայն մենք չենք փոխի այդ մասով մեր առաջարկությունները: Ամեն դեպքում մրգերի և բանջարեղենի օգտագործումը օգտակար է մարդկանց համար: Մենք ընդունում ենք մարդու առողջության վրա ռեսվերատրոլի ազդեցության վերաբերյալ հետագա հետազոտությունների անհրաժեշտությունը»:

Թարգմանված նյութի սկզբնաղբյուրը՝ doctors.am
Նյութը՝ jamanetwork.com