Առաջին անգամ կանանց կոնսուլտացիա պետք է գնալ 8-12-րդ շաբաթներում. այս ժամանակ է հնարավոր որոշել հղիության թույլտվության հարցը: Մինչև հղիության 28-րդ շաբաթը հարկ կլինի ամիսը մեկ անգամ այցելել կանանց կոնսուլտացիան: Հետո այցերը ավելի հաճախակի են դառնալու` մինչև հղիության 36-րդ շաբաթը ամիսը երկու անգամ, այնուհետև` մինչև ծննդաբերությունը` ամեն շաբաթ: Ամեն մի այցելության ժամանակ կատարվում են հղիության այդ շրջանի համար անհրաժեշտ ստուգումներ, որոնք թույլ կտան հսկել հղիության նորմալ ընթացքը:
Առաջին և հետագա այցելությունների ժամանակ կատարվող հետազոտությունները:

Կատարվում է մեզի ընդհանուր անալիզ.

- ստուգվում է նաև շաքարի առկայությունը (հնարավոր են շաքարախտի ախտանշաններ)

- սպիտակուցների քանակության ստուգում (հնարավոր են երիկամների գործունեության խանգարման ախտանշաններ). հղիության երկրորդ կեսում դա կվկայի գեստոզի վտանգի մասին:

Մեզի անալիզն առաջին ստուգման ժամանակ կատարում են այսպես` Ձեզ տալիս են մաքուր (ստերիլ) սրվակ և բամբակի մի կտոր` Ձեզ մաքրելու համար: Առավոտյան մեզի առաջին չափաբաժինը պետք է բաց թողնել (թափել), իսկ ստերիլ սրվակի մեջ հավաքել մեզի մնացած մասը:

Հասակի և կոնքի չափելն առաջին այցելության ժամանակ

Հասակը և կոնքը չափելու միջոցով գաղափար են կազմում կոնքի ներքին չափերի մասին: Եթե կնոջ հասակը152 սմ-ից ավելի է, իսկ պտուղը միջին չափերի է, ուրեմն բարդությունների առաջացումը քիչ հավանական է:

Քաշի ստուգումն ամեն մի այցելության ժամանակ

Որպեսզի պարզեն, թե դուք նորմալ եք << գիրանում >>, հարկավոր է պարբերաբար կշռվել: Արդյունքները պետք է ստույգ լինեն: Մի՛ անհանգսատցեք, եթե առավոտյան սրտխառնոցների պատճառով միւ քիչ նիհարել եք. դա շատ բնական է: Հղիության վերջին շրջանում քաշի կտրուկ աճը կարող է գեստոզի վտանգի ախտանշան լինել:

Արյան ընդհանուր անալիզ

Արյուն կվերցնեն երակից, որպեսզի պարզեն`

- արյան խումբն ու ռեզուս-ֆակտորը,
- Կարմրուկի նկատմամբ իմունիտետ ունենալու հանգամանքը,
- վեներական հիվանդությունների առկայությունը, օրինակ` սիֆիլիս կամ ՄԻԱՎ,
- ախտորոշեն արյան ուրիշ հիվանդություններ:

Ընդհանուր զննում

Բժիշկը կամ բուժքույրը կզննի Ձեզ, կլսի սրտի աշխատանքը, կստուգի թոքերը, կուրծքը` արդյոք կոշտուկներ չկան, կրծքի պտուկները ներքաշված չեն: Կստուգեն նաև ատամների վիճակը, և հարկ եղած դեպքում հարկ կլինի ատամնաբույժի մոտ գնալ:

Արյան ճնշման չափում

Հղիության առաջին եռամսյակում արյան ճնշումը սովորաբար մի քիչ ցածրանում է: Նորմալ է մինչև 120 / 80 ճնշումը: Անհանգստանալու առիթ կառաջանա այն դեպքում, երբ արյան ճնշումը հասնի 140 / 90-ի: Սակայն հնարավոր է, որ պատճառը պարզապես հուզմունքն է, որ սովորաբար ունենում են հղի կանայք բժշկի սենյակում: Այդ իսկ պատճառով անհրաժեշտ է կրկնակի չափումներ: Բուժքույրը պետք է Ձեզ հայտնի չափումների արդյունքները: Դրանք պետք է գրանցվեն Ձեր քարտի մեջ:

Ինչի մասին պետք է հարցնել

Ամեն մի հղի կին ունենում է հարցեր, որոնք նրան հուզում են, անհանգստացնում կամ պարզապես բացատրության կարիք ունեն:
Կանանց կոնսուլտացիայում դրանց մասնագիտական պատասխաններ կտան: Վատ չի լինի այդ հարցերի ցուցակը նախապես կազմել` մինչև բժշկի մոտ գնալը: Միշտ չէ, որ բժիշկը կարող է բարդ բժշկական հասկացությունները պարզ և մատչելի ձևով բացատրել, ուրեմն այս դեպքում հարկ կլինի դիմել բուժքրոջ օգնությանը:

Հսկողություն այտուցների նկատմամբ

Բժիշկը կամ բուժքույրը օստուգի Ձեր ոտքերն ու ձեռքերը: Նրանք կստուգեն, թե Ձեր սրունքները, ոտքերի կոճերն ու ձեռքերի դաստակները այտուցված չեն արդյոք: Հղիության վերջին շրջանում, հատկապես օրվա վերջում, աննշան այտուցվածությունը բնական երևույթ է: Ոտքերի զննումները պետք է նաև հայտնաբերի երակների լայնացումները, ինչպես նաև երակների բորբոքումները:

Ներքին զննում

Բժիշկը առաջին այցելության ժամանակ ներքին զննում կկատարի, որպեսզի ստուգի, թե կոնքի կառուցվածքի խախտումներ չկան արդյոք, համոզվի, որ արգանդի վզիկը փակ է: Միաժամանակ անհրաժեշտության դեմքում արգանդի վզիկից քսուք կարող է վերցնի վզիկի վիճակը ստուգելու համար (չմոռանաք անպայման իմանալ արդյունքները): Մոր և պտղի համար այդ հետազոտությունը բավական անվտանգ է, եթե դուք հանգիստ լինեք, ուրեմն նաև տհաճ զգացողություններ չեն լինի: Դուք կպառկեք մեջքի վրա և կծալեք ոտքերը ծնկային հոդերում: Բժիշկը ձեռքի 2 մատները կմցնի հեշտոց, իսկ մյուս ձեռքով թեթև կսեղմի որովայնը: Կվերցնեն նաև քսուք հեշտոցի և վզիկի միկրոֆլորան որոշելու, հատկապես գոնորեայի, տրիխոմոնիազի և այլնի հայտնաբերման համար:

Երեխայի սրտի աշխատանքը կլսեն ամեն մի այցելության ժամանակ: Առաջին եռամսյակում դա անհնարին է կատարել սովորական մանկաբարձական ստետոսկոպով (լսափողով):
Այս հետազոտությունը կարելի է կատարել հղիության առաջին շրջանում էլեկտրական ֆոնենդոսկոպի միջոցով, որը պտղի սրտի զարկերը մի քանի անգամ ուժեղացնում է: Հղիության երկրորդ կեսում արդեն սրտի զարկերը լսելի են սովորական մանկաբարձական ստետոսկոպի միջոցով:

Որովայնի շոշափում ամեն մի ստուգման ժամանակ

Բժիշկը զգուշորեն շոշափում է որովայնը` արգանդի հատակը, որպեսզի հետևի պտղի աճին: Հղիության վերջին շրջանում շոշափման միջոցով կարելի է պարզել պտղի դիրքը (գլուխը դեպի ներքև), իսկ վերջին շաբաթներում` գլուխը իջել է արդյոք դեպի կոնք:

Լրացուցիչ հետազոտություններ

Ներկայումս գերձայնային հետազոտությունը դարձել է սովորական նախածննդյան շրջանում:
Կան անալիզի տարբեր տեսակներ, որոնք կատարվում են հատուկ դեպքերում, երբ պտղի զարգացման ընթացքի խանգարման վտանգ կա: Եթե պտղի զարգացման արատների ախտորոշումը կատարվել է հղիության սկզբնական շրջանում, ուրեմն անհրաժեշտ է հղիությունն ընդհատել:

Գերձայնային հետազոտություն

Գերձայնը պտղին տեսնելու և նրա զարգացման մասին անհրաժեշտ տվյալներ իմանալու եզակի հնարավորություն է տալիս: Խնդերեք, որ Ձեր ամուսինն էլ ներկա գտնվի այդ հետազոտությանը: Երբ փոքրիկին տեսնեք էկրանի վրա, նա երկուսիդ համար էլ կդառնա իրական: Ճիշտ է, հղիության սկզբնական շրջանում դեռևս հնարավոր չէ գերձայնային հետազոտության միջոցով իմանալ երեխայի սեռը, բայց դրա միջոցով կարելի է`

- տեսնել ընկերքի և պտղի դիրքը,
- ստուգել պտղի նորմալ զարգացման ընթացքը,
- ճշտել հղիության ժամկետը և ծննդաբերության օրը,
- հայտնաբերել գլխուղեղի, ողնաշարի և մյուս օրգանների զարգացման խախտումները,
- պարզել երկվորյակների առկայությունը:

Եթե գերձայնային հետազոտությունը կատարում են հղիության առաջին ամիսներին, հարկ կլինի շատ ջուր խմել, որպեսզի միզապարկը լիքը լինի, այդ դեպքում արգանդն ավելի լավ կերևա: Այս հետազոտությունը բացարձակ անվնաս է և տևում է 5-10 րոպե: Որովայնին յուղ են քսում և ձեռքի հաղորդիչը զգուշորեն շարժում: Այն արձակում և որսում է գերձայնային ալիքներ, որոնք ձևափոխվում և արտապատկերվում են էկրանի վրա:

Հատուկ հետազոտություններ

Ալֆա-ֆետոպրոտեինային թեստ հղիության 15-18-րդ շաբաթներում:

Այս հետազոտության միջոցով պարզում են ալֆա-ֆետոպրոտեինի` պտղի արտադրած նյութերի քանակությունը Ձեր արյան մեջ: Դրա մեծ քանակությունը կարող է նշանակել, որ

- երկվորյակ եք ծննդաբերելու,
- ճիշտ չեք հաշվարկել ծննդաբերության օրը,
- երեխայի զարգացման խանգարումներ կան:

Ալֆա-ֆետոպրոտեինի մեծ քանակության դեպքում ավելի հաճախակի են ողնաշարի և ողնուղեղի արատները, այսպես կոչված << բիֆիդի մեջքը >>: Այս դեպքում բազմաթիվ ուրիշ հետազոտությունների կարիք կզգացվի: Եթե հիվանդանոցը հագեցած է գերձայնային տարբեր սարքավորումներով, հնարավոր է, որ ալֆա-ֆետոպրոտեինի կարիք չառաջանա:

Խորիոնի բիոպսիա (թավկենու թելիկների) անալիզը հղիության 8-11-րդ շաբաթների ընթացքում:

Այս հետազոտությունը կատարում են գենետիկ կամ քրոմոսոմային հիվանդություններ, օրինակ` Դաունի համախտանիշը, հայտնաբերելու համար: Շատ նեղ խողովակը (զոնդը) հեշտոցով մտցնում են արգանդ և սաղմնային թաղանթի հյուսվածքից` խորիոնից փոքրիկ նմուշ վերցնում: Արդյունքները հայտնի կլինեն 1-2 շաբաթ անց: Այս հետազոտության առավելությունն այն է, որ պտղի ոչ նորմալ զարգացման դեպքում հղիությունը կարելի է բավական վաղ շրջանում ընդհատել: Բայց այս դեպքում վիժման վտանգն ավելի մեծ է, քան ամնոցենտեզի դեպքում:
Ուսումնասիրելով հյուսվածքների շատ փոքրիկ կտորները, որոնցից կազմված է ընկերքը, կարելի է հղիության սկզբնական շրջանում պարզել ժառանգական հիվանդությունների հնարավորությունը: Հյուսվածքը սովորաբար վերցնում են արգանդի խոռոչ մտցրած հատուկ ասեղով: Այս անալիզի առավելությունն այն է, որ հղիության ընթացքի խանգարման հայտնաբերման դեպքում այն կարելի սկզբնական շրջանում ընդհատել: :

Ամնիոցենտեզ հղիության 14-18-րդ շաբաթների ընթացքում:

Այս հետազոտությունը կատարվում է այն դեպքում, երբ հղի կնոջ արյունակից բարեկամներից մեկնումեկը գենետիկ հիվանդություն է ունեցել, օրինակ, Դաունի համախտանիշ, նյարդային խողովակի զարգացման արատ, կամ կինը ունեցել է զարգացման արատով երեխա, կամ հղի կնոջ արյան մեջ բարձր է կամ հակառակը` շատ ցածր է ալֆա-ֆրետոպրոտեինի մակարդակը: Այդ հետազոտությունը նշանակում են նաև 35-ից բարձր տարիք ունեցող բոլոր հղի կանանց` Դաունի ախտանիշով երեխա ունենալու մեծ հավանականության կապակցությամբ: Այդ հետազոտությունը կատարվում է հղիության 16-18-րդ շաբաթների ընթացքում: Դրա համար ծակում են որովայնի և արգանդի պատը և մի քիչ սաղմնային հեղուկ վերցնում: Ամբողջ հետազոտությունը տեղի է ունենում ուլտրաձայնային հսկողության տակ: Պատասխսնը կլինի 1-2 շաբաթ անց: Այս հետազոտության դեպքում վիժման հավանականությունը շատ քիչ է:
Սկզբում գերձայնային հետազոտություն է կատարվում` պարզելու համար ընկերքի և պտղի դիրքը: Հետո բժիշկը որովայնի պատից արգանդ է մտցնում երկար ասեղ և ներարկիչով քաշում հարպտղային հեղուկից, որի մեջ պտղի բջիջներ կան: Դրանք ուսումնասիրում են այս կամ այն շեղումը հայտնաբերելու համար:

 

Նյութի էլեկտրոնային սկզբնաղբյուր` Doctors.am