Ծխելը հղիության ընթացքում

Ծխելը ամենատարածված վնասակար սովորություններից է, որը երբեմն հանգեցնում է առողջության լուրջ խանգարման: Ծխելը հղի կանանց վրա շատ վնասակար ազդեցություն է ունենում: Օրական 20 գլանակ (1 տուփ) ծխող կինը հղիության ընթացքում ավելի քան 11000 անգամ ներշնչում է ծխախոտի ծուխը:
Ծխելու դեպքում մեծանում է տարբեր բարդությունների հավանականությունը:
Ծխախորի ծուխը պարունակում է տարբեր տեսակի վնասակար նյութեր` նիկոտին, ջրածնի պերօքսիդ, ցիանիդ և այլն: Այս բոլոր նյութերը միասին, ինչպես նաև առանձին-առանձին շատ վտանգավոր են զարգացող պտղի համար:
Արդեն քսան տարուց ավելի դիտարկվում է մի երևույթ` ծխող կանայք ունենում են 2000 գրամից պակաս քաշ ունեցող երեխաներ: Ըստ որում երեխայի քաշը պակասում է մոր` հղիության ընթացքում ծխած գլանակների թվին համեմատ: Այսպիսով` հղի կնոջ ծխելու և պտղի աճի զարգացման խանգարման միջև կա ուղղակի կապ:
Հղիության ընթացքում ծխող կանանց երեխաները շատ դեպքերում մտավոր զարգացման շատ ցածր մակարդակ են ունենում, կարդալու ունակությունից զուրկ են լինում, ինչպես նաև խանգարվում են գլխուղեղի որոշ ֆունկցիաներ:
Հղիության ընթացքում ծխելը մեծացնում է վիժման, ինչպես պտղի, այնպես էլ արդեն ծնված երեխայի մահացության վտանգը: Ընդ որում այդ վտանգն ուղղակի կապ ունի կնոջ ծխած գլանակների թվի հետ: Փաստորեն, օրական մեկ տուփ ծխող կանանց համար այդ վտանգը մեծանում է 35 տոկոսով:
Բացի այդ, ծխելը մեծացնում է նաև հղիի համար հետագա բարդությունների մեծացման հավանականությունը, ինչպես նաև մահացության դեպքերը: Օրինակ` ընկերքի անջատման վտանգը չափավոր ծխող կանանց համար մեծանում է 25 տոկոսով, իսկ ավելի շատ ծխողների համար` 65 տոկոսով:
Ծխող կանայք ավելի հաճախ են ենթարկվում ընկերքի ախտաբանական տեղակայման վտանգի: Ռիսկը մեծանում է չափավոր ծխող կանանց (25 տոկոս), առավել ևս` շատ ծխող կանանց համար (90 տոկոս):
Ծխելու հայտնի և հավանական վտանգավոր հետևանքները մարդու ընդհանուր առողջական վիճակի վրա հանրահայտ են: Առաջին հերթին դա թոքային հիվանդությունների մեծ հավանականությունն է, ինչպիսին են քրոնիկական թոքաբորբը (բրոնխիտ), էմֆիզեմա և թոքերի քաղցկեղ, ինչպես նաև սիրտ-անոթային համակարգի խանգարումներ և խցանումներ (արտերիոսկլերոզ): Ծխող կանայք ենթակա են նաև միզապարկի քաղցկեղի և մարսողական համակարգի խոցերի մեծ վտանգի: Հղիության շրջանում ծխող կանանց մահացության դեպքերը 30-80 տոկոսով ավելի մեծ է, քան չծխողների շրջանում:
Ինչ անել: Պատասխանը շատ պարզ է` հարկավոր է հղիությունից շատ առաջ հրաժարվել ծխելուց:
Ծխախոտի նիկոտինի վտանգավոր ազդեցությանը ենթակա են նաև չծխող այն կանայք, որոնք ապրում են ծխողների հետ: Դա կոչվում է պասսիվ կամ երկրորդական ծխել: Կնոջ հղիությունը շատ կարևոր փաստարկ է, որպեսզի տան մյուս անդամները թողնեն ծխելը:

Ալկոհոլ օգտագործելը (խմելը)

Հղի կնոջ համար ալկոհոլային խմիչքներ օգտագործելը շատ մեծ վտանգ է ներկայացնում: Հղիության ընթացքում ոգելից խմիչքների անգամ սակավ օգտագործումը մեծացնում է վիժման վտանգը, իսկ ոգելից խմիչքների չարաշահումը հաճախ պտղի զարգացման ընթացքի խանգարումներ է առաջացնում: Հղիության ընթացքում տևական հարբեցողությունից պտղի զարգացման խանգարում է առաջանում, որը կոչվում է պտղի ալկոհոլային սինդրոմ:
Պտղի ալկոհոլային սինդրոմը պտղի ձևավորման շրջանում բնորոշվում է նրա զարգացման դանդաղ ընթացքով, իսկ լույս աշխարհ գալուց հետո` վերջույթների խախտումներով: Հարբեցող կանանց երեխաներն ունենում են դիմային բնորոշ խանգարումներ` կարճ, չափից ավելի կճատ քիթ, հարթ վերին ծնոտ ու << տարբեր կողմեր նայող աչքեր >>:
Պտղի ալկոհոլային սինդրոմի դեպքում կարող են նաև վարքագծի խանգարումներ առաջանալ: Այդպիսի երեխաները հաճախ են ունենում խոսքի խանգարումներ, ինչպես նաև շարժական ռեակցիաների անհամապատասխանություն: Հղիության շրջանում (28-րդ շաբաթվանից սկսած մինչև 7 օր) այս դեպքում երեխաների մահացությունը կազմում է 15-20 տոկոս: Կան տվյալներ այն մասին, որ պտղի ալկոհոլային սինդրոմի դեպքում մինչև 7 տարեկան երեխաների 45 տոկոսը մտավոր զարգացումով 80 տոկոսով հետ է մնում հասակակիցներից: Նորմալ երեխաների միայն 9 տոկոսն ունի թերզարգացման նման մակարդակ:
Ուսումնասիրությունները պարզել են, որ պտղի ալկոհոլային սինդրոմի առաջացման համար բավական է ալկոհոլի օրական 4-5 չափաբաժին: Բայց ավելի թեթև խանգարումներ առաջանում են նաև օրական 2 չափաբաժնի (28 գրամ ալկոհոլ) դեպքում: Այդ հետազոտություններից գիտնականները անում են միակ ճիշտ եզրակացությունը` հղի կանանց համար ալկոհոլի անվտանգ չափաբաժին գոյություն չունի: Այդ պատժառով էլ ԱՄՆ-ում ալկոհոլային խմիչքներն ու ծխախոտը հղի կանանց համար հատուկ նախազգուշացումով պիտակ ունեն, որ հակացուցված են:
Եթե հղի կինն ալկոհոլի հետ օգտագործում է նաև թմրանյութեր, պտղին սպառնացող վտանգը մի քանի անգամ մեծանում է: Առանձնապես վտանգավոր են ցավազրկող և նյարդային համակարգը գրգռող թմրանյութերը, ինչպես նաև ջղաձգության դեմ կիրառվող միջոցները:
Որոշ հետազոտողներ գտնում են, որ երեխայի հոր հարբեցողությունը նույնպես կարող է պտղի ալկոհոլային սինդրոմի առաջացման պատճառ դառնալ: Հաստատված է հոր հարբեցողության ուղղակի կապը պտղի ներարգանդային զարգացման ընթացքի խանգարումների միջև:
Հարկավոր է զգուշանալ առանց դեղատոմսի վաճառվող այն դեղամիջոցներից, որոնք կիրառվում են հազի և մրսածության դեմ: Դրանցից շատերի մեջ կա ալկոհոլ, մի մասի 25 տոկոսը ալկոհոլ է:
Կանայք երբեմն հարցնում են, թե դեպքից դեպք (ասենք հավաքույթներում, տոնական առիթներով) կարելի է ոգելից խմիչք խմել: Անհրաժեշտ է հիշեցնել, որ հղի կանանց համար ոգելից խմիչքի անվտանգ չափաբաժին գոյություն չունի: Ուրեմն ինչ կարիք կա ռիսկի դիմելու: Հանուն Ձեր ապագա երեխայի առողջության` հրաժարվեք հղիության ժամանակ ոգելից խմիչք օգտագործելուց: Այլապես պտղի ալկոհոլային սինդրոմի առաջացման պատասխանատվությունն ընկնում է Ձեզ վրա: