Բեն-Գուրիոնի համալսարանում կատարված հետազոտությունները պարզել են, որ այն երեխաները, ում լույս աշխարհ են բերում անտառներին և այգիներին մոտ ապրող կանայք, ունեն զգալիորեն ավելի մեծ քաշ՝ մյուսների համեմատ, պատմում է Science World Report պարբերականը: Գիտնականները այսպիսի տվյալներ են ստացել Թել-Ավիվի նորածինների ռեեստրից: Նրանք գնահատել են 40000 երեխաների քաշը: 
 
«Մենք հայտնաբերել ենք, որ կանաչապատ տարածքներում ապրող կանանց մոտ պակաս քաշով երեխա ծնելու ռիսկը փոքր է»,- ասում է պրոֆեսոր Մայկլ Ֆրիջերը: Նվազ քաշով ծնված երեխա է համարվում մինչև 2.5 կիլոգրամ քաշ ունեցողները: Տնտեսապես անբարենպաստ՝ կանաչապատումից զուրկ շրջաններում նվազ քաշով երեխա ծնելու հավանականությունը առավել մեծ է: 
 
Շատ հետազոտողներ նշել են առողջության վրա կանաչապատ տարածքների ազդեցության մասին: Քաղաքի կանաչապատ հատվածները լավ են անդրադառնում հոգեկան առողջության վրա: Երբ մարդը տեղափոխվում է մի վայր, որտեղ կանաչը շատ է, ապա դեպրեսիան նահանջում է: Ավելի վաղ բացահայտվել է, որ կանաչապատ տարածության յուրաքանչյուր 10%-ի ավելացումը մարդու կյանքի տևողությունը երկարացնում է հինգ տարով: 
 
Կանաչապատ տարածք ասելով ենթադրվում է այնպիսի մի տարածք, որն ամբողջությամբ կամ մասնակիորեն ծածկված է խոտով, ծառերով, թփերով կամ այլ տեսակի բուսականությամբ: Դրանց թվում են զբոսայգիները, այգիները և նույնիսկ գերեզմանատները: «Մենք դիտարկել ենք ոչ միայն քարտեզներում նշված կանաչապատված խոշոր տարածքները, այլ նաև ոչ մեծ կանաչ գոտիները, օրինակ՝ փողոցի կանաչապատումը»,- նշում է Մայկլ Ֆրիջերը:
 
Թարգմանված նյութի սկզբնաղբյուրը՝ Doctors.am
Նյութը՝ medicalxpress.ru