Վերջերս Երևանում մեկնարկեց «ԲԻԼ» միջազգային կոնֆերանսը: Կոնֆերանսի հիմնական թեման է առօրյայում առողջությանը հասցվող վնասի նվազեցումը: Վնասի նվազեցումը բավականին տարածված թեմա է հանրային առողջապահության ոլորտում: Այն, ցավոք սրտի, շատ ակտիվ չի գործում Հայաստանում, և կոնֆերանսի կազմակերպիչները փորձում են այս իրադարձության միջոցով բարձրացնել հանրային իրազեկվածության մակարդակը:
«ԲԻԼ»-ը անկախ համաշխարհային կոնֆերանս է, որը նախատեսված է այն մարդկանց  համար, ովքեր ուզում են փոխել աշխարհը: Կոնֆերանս շրջանակում ավելի քան 400 փարձագետներ, բժիշկներ և ուսանողներ Հայաստանից և արտերկրից քննարկեցին իրենց ոլորտներում վնասի նվազեցման գաղափարը և ներկայացրեցին իրենց փորձը: 
Ինչպես նշեց կոնֆերանսի բանախոս Բախիտ Տումենովան՝ «Մարդկության համար մեծագույն չարիքն են ալկոհոլը, թմրանյութերն ու ծխախոտը: Ժամանակին դրանք արգլեված էին, բայց արգելելն արդյունավետ լուծում չդարձավ. նրանք, ովքեր կախվածություն ունեն, միևնույնն է շարունակելու են օգատգործել, և ուրեմն հարկավոր է գտնել լուծումներ այդ մարդկանց համար վնասակարության մակարդակը նվազեցնելու համար»: 
Հայաստանը ներկայացնող բանախոս Հայկ Միրզոյանի պնդմամբ` նմանատիպ միջոցառումների կարիք մեր երկրում շատ կա, և կոնֆերանսի կազմակերպումը մեծ ձեռքբերում է Հայաստանի համար: Կազմակերպիչները նշում են, որ նմանատիպ ֆորմատով կոնֆերանս տարածաշրջանում անցկացվում է առաջին անգամ: 
Կոնֆերանսի անցկացման փաստը ողջունեց նաև Պետական Բժշկական Համալսարանի ռեկտոր Արմեն Մուրադյանը, ով նշեց, որ նման հարթակների ձևավորումը շատ կարևոր է, մանավանդ որ դրանք ստեղծվում են բժշկակական համալսարանի ուսանողների կողմից: Հարցին՝ թե բացի հարցի հանրայնացումից ինչ ակնկալիքներ ունի ռեկտորը համաժողովից, նա վստահությամբ պատասխանեց. «Ավագ սերնդի ակադեմիական մտածողությունն ու երիտասարդների նորարարությունն անսպասելի արդյունքներ կարող է տալ: Լավագույն հայտնագործությունները հենց երիտասարդ տարիքում են արվում»:
Կազմակերպիչների խոսքով՝ միջոցառումը մեծապես կնպաստի հանրային իրազեկման բարձրացմանը, այդ պատճառով նախատեսվում է այն շարունակական դարձնել: Մյուս տարի հավանաբար կկազմակերպվեն մի քանի քննարկումներ՝ տարբեր բժշկական թեմաներով: