Որակյալ ինտիմ հարաբերությունները ոչ միայն ծով հաճույք են պատճառում, այլև ամենաէժան, բավականին ներգործուն և հաճելի դեղամիջոց առողջության հետ կապված բազմաթիվ խնդիրների դեմ:

Տրվելով սիրախաղերին՝ հազվադեպ ենք մտածում, թե այդ ընթացքում օրգանիզմում քիմիական մակարդակով ստույգ ի°նչ է տեղի ունենում: Մինչդեռ արժե հետաքրքրվել սեքսապաթոլոգներից, քանզի բավական ուշագրավ պատկեր է ստացվում:

- Գրգռված վիճակում տղամարդու և կնոջ օրգանիզմում սկսում է ակտիվորեն արտադրվել կախարդական հատկություններով օժտված մի հորմոն՝ օքսիտոցին, որը մարդկության գեղեցիկ կեսի մոտ փոքր-ինչ ավելի դանդաղ է արտադրվում (հենց այս պառճառով էլ կանայք ավելի երկարատև նախերգանքի կարիք են զգում, քան նրանց զուգընկերները):

- Երբ օքսիտոցինի պարունակությունը հասնում է որոշակի մակարդակի, տեղի է ունենում էնդորֆինի հզոր արտանետում:

- Բարձրանում է նաև իգական սեռական հորմոնների՝ էստրոգենի և պրոգեստերոնի, ինչպես նաև արական տեստոստերոնի մակարդակը:

- Շնչառությունը դառնում է ավելի խոր, քան սովորական վիճակում, ուստի թոքերն ակտիվորեն օդափոխվում են, և արյան մեջ, բնականաբար, թթվածնի ավելի շատ պաշարներ են մտնում:

- Այն 2-15 վայրկյանների ընթացքում, երբ միջինում տևում է օրգազմը, կտրուկ բարձրանում է արյան ճնշումը՝ վերևինը գրեթե 20 մմ սնդ. սյան, ներքևինը՝ մինչև 40 մմ սնդ. սյան, իսկ սրտի կծկումների արագությունը երբեմն աճում է մինչև 160 զարկ մեկ րոպեում:

Ինչպես հայտնի է, սիրահարվածության վիճակը պայմանավորված է հորմոնային մակարդակի փոփոխությամբ: Պարզվել է, որ այս դեպքում գլխավոր դերերից մեկը կատարում է, այսպես կոչված, «PEA» մոլեկուլը: Այն՝ որպես լավ վարժեցված քարտուղար, թողարկում է էնդորֆինների արտադրությունը: Այդ է պատճառը, որ հենց կրքի առարկան հայտնվում է տեսադաշտում, սկսում ենք քնքուշ խոսքեր ասել, հպվել, համբուրել և այլն: Միայն ափսոս, որ ինչպես ցանկացած քիմիական ռեակցիա, սիրահարվածության վիճակն անպայման ավարտվում է:

Բարձրացնել տրամադրությունը, ազատվել սթրեսների հետևանքներից և մոռանալ հոգեկան խռովքների մասին օգնում է օքսիտոցին հորմոնը, որը նույնիսկ ավելի լավ է բարձրացնում հոգու «տոնուսը», քան էնդորֆինները: Իսկ համատեղ ազդեցության դեպքում այս հորմոններն 10 անգամ ավելի արդյունավետ են ներգործում, քան ուժեղ հոգեմետները:

Եթե անքնության հետ կապված խնդիրներ կան, ապա խրախուսելի է քնաբեր հաբերի չափաբաժինը փոխարինել առողջ սեքսով: Շատերդ նկատած կլինեք, որ ակտիվ գգվանքներից հետո քունը տանում է, կամ էլ զուգընկերը քնում է՝ չհասցնելով գրկից բաց թողնել: Սա էլ հենց օրգանիզմի վրա օքսիտոցինի և էնդորֆինների համատեղ ներգործությունն հետևանքն է:

Օքսիտոցինը կարող է նաև կանոնավորել սիրտ-անոթային համակարգի աշխատանքը, կայունացնել արյան ճնշումը: Այն սկսում է գործել օրգազմն սկսվելուց շատ առաջ, որն առաջացնում է ճնշման կարճատև «թռիչք»:

Ապացուցված է, որ ինտենսիվ սեքս-ռեժիմը նպաստում է ինֆարկտով հիվանդանալու ռիսկի, ինչպես նաև մահացության նվազմանը այն մարդկանց շրջանում, ովքեր շաբաթը 2-3 անգամ օրգազմ են ապրում (այն մարդկանց համեմատությամբ, ովքեր ինտիմի մասին հիշում են ամիսը մեկ անգամ): Կանոնավոր սեքսը (շաբաթը մի քանի անգամ) ամբողջ ակտիվ կյանքի ընթացքում կարող է երկարացնել նույն այդ կյանքը… 7-10 տարով:

Որակյալ սեքսից հետո ցավազրկող դեղամիջոցներ ընդունելու անհրաժեշտությունից ազատվելուն օգնում են միանգամից մի քանի հորմոններ՝ էնդորֆինները, էստրոգենը և տեստոստերոնը (ճիշտ է, արական և իգական սեռական հորմոնները գործում են ոչ այնքան ուժեղ, որքան էնդորֆինները): Ուստի ուժեղ ցավերի հետ առնչվող իրենց հիվանդներին «առաջատար» բժիշկները երբեմն խորհուրդ են տալիս հաճախակի հիշել մարդկային հարաբերությունների ամենաինտիմ կողմի մասին:

Իմունային համակարգի աշխատանքի լավացմանը նպաստում է տեստոստերոնը. այն ակտիվորեն օգնում է օրգանիզմից «քշել» զանազան վիրուսներ և բակտերիաներ: Նույն այդ նպատակին հասնելուն է ծառայում մերձեցման պահին արյան շրջանառության ակտիվացումը: Սեքսապաթոլոգները պարզել են, որ սեքսուալ ակտիվ մարդկանց արյունը պարունակում է 30% ավելի շատ հակամարմիններ, որոնք օգնում են հաղթահարել վնասակար միկրոօրգանիզմներին, այդ թվում նաև գրիպի ու մրսածության հարուցիչներին:

Արյունատար և սիրտ-անոթային համակարգի սեքսուալ ցնցումը հանգեցնում է ուղեղի որոշ կենտրոնների ակտիվացման, որոնք հանգիստ պայմաններում «ննջում» են: Այսպես, օրինակ, եթե մարդը բուռն սիրախաղից հետո չի քնել, ցանկալի է, որ նա զբաղվի գործով կամ ստեղծագործական աշխատանքով: Հենց ուղեղի կենտրոնների ակտիվացման շնորհիվ լավանում է ուշադրության կենտրոնացումը, աճում են հիշողության հնարավորությունները, «արթնանում» է ստեղծագործական պոտենցիալը:

Արյան ակտիվ նորացումն ունենում է նաև հրաշալի կոսմետոլոգիական արդյունք: Չէ՞ որ թթվածնով առատորեն հարստացած արյան շրջանառությունը նպաստում է հյուսվածքներում, այդ թվում՝ դեմքի և մարմնի մաշկի, նյութափոխանակային պրոցեսների արագացմանը: Իգական սեռական հորմոնը՝ պրոգեստերոնը, օժտված է հակաբորբոքային ազդեցությամբ: Հենց նրան ենք մենք պարտական մաշկի վրայի բորբոքումների անհետացման համար: Բացի այդ, սեքսուալ սխրանքների պահերին օրգանիզմում հորմոնային փոփոխությունները նպաստում են կոլագենի ավելի ակտիվ արտադրությանը. նյութ, որ մաշկը դարձնում է ավելի երիտասարդ, ձիգ և հմայիչ:

Այսպիսով՝ ելնելով վերոնշյալից՝ օգտագործեք յուրաքանչյուր պահն ու վայրկյանը՝ ինտիմաբուժությամբ զբաղվելու համար, և ձեր կյանքը կլինի հանդարտ ու ներդաշնակ:

Հեղինակ` բժիշկ-սեքսոպաթոլոգ Վրեժ Շահրամանյան


Doctors.am ՍԵՌԱԿԱՆ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՃԱԽԱԿԻ ՏՐՎՈՂ ՀԱՐՑԵՐ