Մարդն ունի մաշկի գերզգայուն մասեր` էրոգեն գոտիներ, որոնց գրգռումը հաճույք է պատճառում: Տղամարդկանց մոտ էրոգեն գոտիները ավելի հաճախ շրթունքներն են, առնանդամի գլխիկը, թլիփը, ամորձապարկը, ցայլքը, ազդրերի ներիքն մասերը: Կանանց էրոգեն գոտիներից են շուրթերը, ականջաբլթակները, կաթնագեղձերը, հատկապես պտուկները և հարպտուկային շրջանը, որովայնի ներքևի մասի մաշկը, ցայլքը, ազդրերի ներսային մասը, հետույքը: Սակայն կանանց սեռական օրգանների ամենազգայուն մասերն են ծլիկը, ամոթույքի մեծ ու փոքր շուրթերը, ինչպես նաև հեշտոցի մուտքը:

Սեռական հարաբերության սկզբում տղամարդը պետք է նրբանկատորեն գտնի կնոջ էրոգեն գոտիները և անցնի առավել զգայուն հատվածները գրգռելուն: Պետք է հիշել, որ էրոգեն գոտիների գրգռումը սեռական գրգռվածություն է առաջացնում էրոտիկ և հոգեբանական տրամադրվածության ժամանակ: Նկրագրված էրոգեն գոտիները մարդկանց մեծ մասի համար հաճախ նույնն են: Սակայն լինում են նաև անհատական, առանձնահատուկ էրոգեն գոտիներ, օրինակ` արմնկածալը կամ ծունկը, մատների մաշկը և մաշկի այլ հատվածներ:

Սեռական հարաբերության ընթացքն ընդունված է բաժանել մի քանի հատվածների (փուլերի), որոնք ունեն իրենց անվանումները և գիտական բացատրությունը: Սակայն, չխորանալով այդ մանրամասների մեջ, հարկ է նշել, որ սեռական հարաբերության տևողությունը տատանվում է շատ մեծ սահմաններում: Շատ բան ուղղակիորեն առնչվում է զուգընկերների ֆիզիկական, հոգեզգացմունքային վիճակին, սեռական փորձին, մի խոսքով` կախված է նրանց անհատական առանձնահատկություններից: Ցավոք, շատերը չգիտեն, որ գգվանքների փուլը պետք է զգալիորեն գերազանցի հաջորդ` շփման փուլի տևողությանը, քանի որ տղամարդիկ շուտ են գրգռվում, իսկ կանայք ավելի դանդաղ` 3-10 րոպեի ընթացքում: Էրեկցիան հաճախ ուղեկցվում է միզուկից լորձի աննշան քանակի արտահոսքով: Կանանց գրգռվածության և սեռական հարաբերությանը պատրաստ լինելու առաջին նշաններից է հաճախացած շնչառությունը, կաթնագեղձերի մեծացումը, պտուկների երկարումը, և ամենակարևորը, ծլիկի լարումը, ինչպես նաև ամոթույքի մեծ ու փոքր շուրթերի մեծանալն ու խոնավանալը:

Եթե առաջին սեռական հարաբերության ժամանակ աղջիկը մեջքին պառկած վիճակում ծալի ոտքերը և ծնկները կողք տանի ու մոտեցնի որովայնին, ապա առնանդամի ներթափանցումը նվազ ցավ կպատճառի: Ուժեղ ճնշումից հետո առաջանում է կուսաթաղանթի պատռվածք և արյան չնչին հոսք: Վերջինն անվտանգ է և կարելի է դադարեցնել բամբակի վիրախծուծով: Հաջորդ 3-4 օրը, քանի դեռ կուսաթաղանթի պատռվածքը չի առողջացել, խորհուրդ չի տրվում կրկնակի սեռական հարաբերություն ունենալ, քանի որ դեռ պահպանվում է թարախակալման վտանգը: Երբեմն կուսթաղանթը լինում է հոծ և պիրկ, որը խոչընդոտում է պատռվածքի առաջացմանը: Այդ դեպքում տղամարդը պետք է զգուշորեն կրկնի իր փորձը: Երիտասարդները պետք է իմանան, որ կուսաթաղանթը երբեմն այնքան ճկուն է լինում, որ անգամ չի պատռվում մի քանի սեռական հարաբերություններից հետո: Կուսաթաղանթի բացակայությունը կարող է պայմանավորված լինել վնասվածքներով, որը աղջիկը ստացել է մանուկ հասակում:

Սեռական սխալ դաստիարակության դեպքում վախեցնելու և սպառնալիքների հետևանքով պատանու գլխուղեղում առաջանում են բացասական հետևանքների սպասումային օջախ: Հենց այդ վախն է դառնում չհաջողված սեռական հարաբերությունների պատճառը, հատկապես սեռական կյանքի սկզբում:

Սկզբում սեռական հարաբերությունը հեշտացնելու համար կինը կարող է ինքն ուղղել առնանդամը դեպի հեշտոց: Դրանից հետո տղամարդն սկսում է շարժումները, որոնց հաճախականությունը զուգընկերները կանոնավորում են համատեղ: Շարժումները հետզհետե ավելի արագանում են, իսկ գգվանքները և գուրգուրանքները դրան զուգահեռ նպաստում են գրգռման պրոցեսի զարգացմանը: Շարժումների թիվը մի քանի տասնյակից կարող է հասնել մինչև մի քանի հարյուրի և ուղղակիորեն պայմանավորված է տղամարդու անհատական առանձնահատկություններով: Ընդունված է, որ սեռական հարաբերության այս փուլի միջին տևողությունը 1-3 րոպե է: Սակայն շատ տղամարդկանց մոտ այդ փուլը տատանվում է լայն սահմաններում և կարող է հաշվվել տասնյակ րոպեներով: Եթե կնոջ գրգռվածությունը չի աճում տղամարդու գրգռվածությանը զուգահեռ, պետք է շարժումները կանոնավորել` ներդաշնակության հասնելու համար: Հակառակ դեպքում տղամարդու մոտ սկսվում է սերմնաժայթքումը և օրգազմը, իսկ կինը մնում է չբավարարված` օրգազմի չհասնելու պատճառով: Տղամարդու օրգազմը տևում է մի քանի վարկյան և արտահայտվում է հաճույքի զգացման արագ զարգացմամբ և կտրուկ անկումով:

Ի տարբերություն տղամարդկանց` կանանց մոտ օրգազմը կայուն չէ, սովորաբար ունի ալիքաձև բնույթ, հաճախ լինում է երկարատև և թուլանում է մի քանի րոպեի ընթացքում: Հնարավոր են 1-2 րոպե ընդմիջումով իրար հաջորդող մի քանի օրգազմներ: Օրգազմից հետո զուգընկերների մոտ սկսվում է մկանային լարվածության թուլացում, սեռական օրգանների արյան հոսքը պակասում է, որի հետևանքով թուլանում են առնանդամը, ծլիկը, և անհետանում է հեշտոցի արտաքին հատվածի կծկվածությունը (օրգաստիկ մանժետ): Եթե կինը չի բավարարվել, այսինքն` "լիցքաթափում" տեղի չի ունեցել, արգանդը, հեշտոցը և արտաքին սեռական օրգանները մնում են այտուցված: Կնոջ հաճախակի անբավարարվածությունը կարող է հանգեցնել անցանկալի հետևանքների` սեռական օրգանների բորբոքում, դաշտանի խանգարում, նևրոզներ: Դրանից խուսափելու համար տղամարդը պետք է սեռական հարաբերությունը ավարտի շատ նրբանկատորեն` հնարավորին չափով հասնելով զուգընկերոջը օրգազմի:
Կանանց օրգազմի բացակայությունը բավականին տարածված երևույթ է: Սեքսոլոգները գտնում են, որ սեռական կյանքով ապրող աղջիկների միայն 20 տոկոսն է ամուսնության առաջին երեք ամսում օրգազմ զգում, առաջին տարվա ավարտին` 40 տոկոսը, իսկ ամուսնության 5-րդ տարում` 70 տոկոսը: Նրանց կարծիքով, օրգազմ ճանաչելու հաճախականությունը կախված է ամուսինների համատեղ կյանքի փորձից, կանոնավորելու ունակությունից, նրանց խառնվածքից և այլն:

Մասնագետների կարծիքով առնանադամի մեծությունը սեռական ներդաշնակության հասնելու գործում էական նշանակություն չունի: Կնոջ սեռական լիցքավորման համար ավելի կարևոր են զուգընեկրների համաձայնեցված գործողությունները: Երիտասարդները պետք է իմանան, որ ամուսնական կյանքի սկզբում առաջացած խանգարումներից շատերի պատճառը սեռական հարաբերությունների վերաբերյալ փոխադարձ իմացության բացակայությունն է:

Զուգընկերը (տղամարդը) շատ թե քիչ ժամանակ հատկացնելով սիրախաղին, հասնելով գրգռվածության որոշակի աստիճանի, սկսում է սեռական հարաբերությունը: Այս իրավիճակում կասկածելի է, որ զույգը միաժամանակ կհասնի օրգազմի, ավելին` քիչ հավանական է, որ կինն առհասարակ օրգազմ զգա:

Այլ է իրավիճակն, երբ կինը հայտնում է զուգընկերոջը, թե ինչն է իրեն դուր գալիս, հաճույք պատճառում: Նա ուղղորդում է իր զուգընկերոջը շոյանքների գգվանքների ընթացքում, ինչը նպաստում է նրա գրգռվածության վիճակի ուժեղացմանը: Այս դեպքում զուգընկերը հնարավորություն է ունենում մտապահել իր զուգընկերոջ էրոգեն գոտիների տեղերը և գուրգուրանքների տևողությունը: Բավական հաճախ է հանդիպում անօրգազմիայի մյուս` հոգեբանական տեսակը, որն առաջանում է սուբյեկտիվ պատճառներից` զուգընկերոջ նկատմամբ անբարեհաճությունից, հղիանալու, սեռավարակներով վարակվելու, ինչպես նաև սենյակում ծնողների, երեխաների կամ այլ անձանց հայտնվելու վտանգից:

Կնոջ` օրգազմ զգալու անկարողությունը կարող է պայմանավորված լինել նաև նրա սեռական սառնությամբ: Մի շարք դեպքերում այն առաջանում է օրգանիզմի ընդհանուր հիվանդությունների դեպքում` թունավորում, հորմոնային խանգարումներ, ներզատիչ գեղձերի հիվանդություններ և այլն: Հաճախ այդ վիճակն առաջանում է նաև կանանց սեռական օրգանների քրոնիկական հիվանդություններից, ինչպես նաև արհեստական վիժումներից հետո:

Անցանկալի սեռական հարաբերությունները, որոնք ուղեկցվում են զուգընկերոջ կոպտությամբ, անհաշվենկատ վերաբերմունքով, երբեմն պատճառ են դառնում կանանց մի այլ սեռական խանգարման, որը կոչվում է վագինիզմ: Այս հիվանդությունն արտահայտվում է հեշտոցի մուտքի մկանների կծկումով, որը խորչընդոտում է առնանդամի մուտքը հեշտոց: Վագինիզմը կարող է նաև սեռական սառնության այս կամ այն ձևի արդյունք լինի, օրինակ` սեռական կյանքի նկատմամբ նողկանքի դրսևորում: Ի դեպ, այդպիսի վերաբերմունք ունենում են այն աղջիկները, որոնց մանկուց ներշնչվում է կեղծ պատկերացում սեռական հարաբերությունների վերաբերյալ: Երբեմն վագինիզմի պատճառը վախն է, որն առաջացել է կնոջ նկատմամբ կիրառված բռնությունից, բռնաբարության սարսափից, ինչպես նաև հոգեկան առողջության խնդիրներից:

Վան դե Վելդեն իր "Ամուսնության ֆիզիոլոգիան" գրքում այդ մասին գրել է.
"Սեռական հարաբերություններից հետո տղամարդու վերաբերմունքը շատ կարևոր և առավել էական հանգամանք է, որը հաճախ անտեսում են ամուսինները: Անգամ սիրող ամուսինները սեռական ակտից հետո անմիջապես քնում են: Նրանք մեջքով շրջվում են դեպի կինը այն ժամանակ, երբ նա, դեռ նվաղկոտ, ներքուստ զգում է սեռական գրգռվածության դանդաղ անհետանալը: Նման վերաբերմունքի հետևանքով տղամարդն իրեն զրկում է հոգեկան և զգացմունքային սուր ապրումներից, բայց ավելի վատն այն է, որ դրանով նա սիրած կնոջը զրկում է պատրանքներից` ի հայտ բերելով նրա զգայուն էության, սիրո գեղագիտական նրբանկատության, վերստին քնքշանքի և գուրգուրանքի անհրաժեշտության իր բացարձակ չիմացությունը":

Նյութի էլեկտրոնային սկզբնաղբյուր` Doctors.am 
Doctors.am ՍԵՌԱԿԱՆ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՃԱԽԱԿԻ ՏՐՎՈՂ ՀԱՐՑԵՐ