Ամենահին հակաբեղմնավորիչները եկել են Հին Հռոմից, որտեղ կենդանիների միզապարկը օգտագործում էին որպես պահպանակ սեռավարակների կանխարգելման համար: 1564 թվականին իտալացի անատոմ Գ. Ֆալաոպը խորհուրդ էր տալիս առնանդամի վրա պատյանի պես հագցնել վուշե տոպրակ` որպես վեներական հիվանդություններից պաշտպանվելու միջոց: Միայն 17-րդ դարում հղիության կանխարգելման նպատակով սկսեցին օգտագործել կենդանիների աղիներից և նուրբ կաշվից պատրաստված պահպանակներ :

Կաթոլիկ եկեղեցին հղիության կանխարգելման միայն մի միջոց էր թույլատրում` ժուժկալությունը (աբստինենցիա), այսինքն` սեռական հարաբերություններից պարբերաբար հրաժարում` դաշտանային փուլի հաշվարկով: Հին Պարսկաստանում հուսալի հակաբեղմնավորիչ միջոց էին համարում այն, երբ կինը սեռական հարաբերությունից հետո թռչում էր սանդուղքի 7 աստիճանից:

Անցանկալի հղիությունից խուսափելու համար ավելի ուշ կիրառում էին սեռական հարաբերությունից հետո հեշտոցի ցնցուղումը գոլ ջրով: Այսպես` 18-րդ դարում Ֆրանսիայի հյուրանոցներում կային դրա համար անհրաժեշտ բոլոր պարագաները: Այդ ժամանակ դեռ չէին ենթադրում, որ ցնցուղից շուտ սպերմատոզոիդները կնոջ հեշտոցում այնքան են խորացել, որ լուծույթի համար դարձել են անհասանելի:

Չափազանցություն չի լինի, եթե ասենք, որ ընդհատված սեռական հարաբերությունը և աբորտը մեզանում ծնելիության կարգավորման ամենատարածված ձևերից են: Դրա էությունը պարզ է` անմիջապես սերմնաժայթքումից առաջ առնանդամիը հանվում է հեշտոցից, և սերմը թափվում է կնոջ սեռական օրգաններից դուրս:

Այս մեթոդը չնայած պարզ է ու բոլորին հասանելի, ունի շատ թերություններ: Նախ` այս դեպքում, այնուամենայնիվ, հղիանալու հնարավորությունը 20-40 տոկոս է: Երկրորդ` ընդհատված սեռական հարաբերությունը բացասաբար է անդրադառնում և տղամարդու, և կնոջ օրգանիզմի վրա: Այսպես` տղամարդը, ձգտելով բաց չթողել սերմնաժայթքման պահը, միաժամանակ աշխատում է օրգազմ ստանալ: Դրա արդյունքում զգացումները բթանում են, և հաճույքն այնքան ուժեղ չի լինում, ինչպես լիարժեք սեռական հարաբերության ժամանակ: Ավելիլն` ոչ լրիվ սերմնաժայթքման դեպքում սերմի մի մասը մնում է տղամարդու միզուղիներում, և կրկնակի սեռական հարաբերության ժամանակ մեծանում է բեղմնավորման վտանգը, եթե դրանից առաջ սեռական օրգանները չեն լվացվել: Կինն իր հերթին է դրանից տուժում, քանի որ սեռական հարաբերության ողջ ընթացքում, չստանալով օրգազմ, ուշադիր հետևում է զուգընկերոջ վարքագծին: Նրա ներքին սեռական օրգաններում զարգանում են կանգային երևույթներ, որոնք նպաստում են բորբոքային երևույթների ի հայտ գալուն, սեռական զգացման բթացմանը, և, ի վերջո, անօրգազմիայի առաջացմանը:

Հղիության կանխարգելման համար բավական հուսալի միջոցներից է ֆիզիոլոգիականը կամ, այսպես կոչված, օրացույցայինը: Վերջինս հիմնված է այն հանգամանքի վրա, որ բեղմնավորում կարող է առաջանալ միայն այն սեռական հարաբվերությունների ժամանակ, որոնք տեղի են ունեցել ձվազատումից անմիջապես առաջ կամ անմիջապես հետո, այսինքն` այն դեպքում, երբ սպերմատոզիդը հանդիպում է ձվաբջջին, որը հասունացել է և արդեն դուրս է եկել ձվարանից: Ձվազատումը տեղի է ունենում դաշտանային փուլի մոտավորապես կեսին: Ենթադրվում է, որ հղիանալու համար ամենահարմար օրերը ամսվա ընթացքում միջին հաշվով, վեցն են` երեք օր ձվազատումից առաջ և երեք օր ձվազատումից հետո: Հուսալիության համար կարելի է ավելացնել մեկական օր ձվազատումից առաջ և հետո: Ամուսինները, փաստորեն, այդ օրերին հրաժարվելով սեռական հարաբերություններից կամ ինչ-ինչ ձևով պաշտպանվելով, կարող են ապահովված լինել անցանկալի հղիությունից: Եվ ընդհակառակը, հղիանալու ցանկության դեպքում կարող են օգտագործել հենց ձվազատման օրերը, որոնք չափազանց բարենպաստ են բեղմանվորման համար:

Իսկ ձվազատման օրը որոշել դժվար չէ: Դրան օժանդակում է ջերմաստիճանային փորձը (թեստ), որը կատարվում է այսպես. կինն առավոտյան, դեռ անկողնում, չափում է ուղիղ աղու ջերմությունը` 8-10 րոպեի ընթացքում: Այս գործողությունը (ավելի լավ է` նույն ջերմաչափով) նա կատարում է մի քանի ամիս շարունակ` ամեն օր, որպեսզի խուսափի հնարավոր սխալներից և պատահականություններից: Արդյունքները գրանցվում են հատուկ թերթիկի վրա: Առողջ կնոջ մոտ ուղիղ աղու ջերմությունը սովորաբար 37 աստիճանից բարձր չի լինում, իսկ ձվազատման օրը` վտանգավոր շրջանում, այն բարձրանում է և մնում այդպես մինչև դաշտանի առաջին օրը: Մեթոդի արդյունավետությունը զգալիորեն բարձրանում է, եթե կինը տարվա ընթացքում ամեն ամիս կանոնավոր լրացնում է դաշտանային օրացույցը: Այս մեթոդը խորհուրդ չի տրվում կիրառել, երբ անվտանգ օրերը քիչ են կամ բոլորովին չկան (դաշտանային փուլերի մեծ տարբերությունների պատճառով կամ երբ կինը փոխել է ապրելակերպը), քանի որ այս ամենը հաճախ հանգեցնում է ձվազատման փոփոխությունների: Համենայն դեպս, ավելի վստահ լինելու համար հարկավոր է նախապես խորհրդակցել կանաց կոնսուլտացիայի բժշկի հետ` այս մեթոդի կիրառման բոլոր նրբություններն իմանալու համար:

Հղիության կանխարգելման մյուս միջոցը մեխանիկական հակաբեղմնավորիչներն են: Պաշտպանության այս տարբերակն իրագործվում է պահպանակների, կանացի խփիկների, ինչպես նաև ներարագանադային պարույրների կիրառությամբ: Պահպանակները տարբերվում են չափերով, ձևով և անգամ գույնով: Դրանք պատրաստվում են բարձրորակ ռետինից, որը մեխանիկական ամրություն ունի, սակայն այնքան բարակ է, որ առնանդամի զգայունակությունը շատ քիչ է նվազեցնում:

Ի դեպ, շատ տղամարդիկ, հենց այս վերջին հանգամանքը նկատի ունենալով, հրաժարվում են դրանք օգտագործել: Սակայն պահպանակների օգտագործման դրական կողմերից է այն, որ պահպանակը պաշտպանում է ոչ միայն անցանկալի հղիությունից, այլ նաև սեռավարակներից, այդ թվում նաև ՄԻԱՎ-ից: Այն ապահովում է պաշտպանվածության բարձր ասիճան, դրա օգտագործումը հեշտ և մատչելի է: Չնայած պահպանակի գործածության հեշտությանը, սակայն շատ մարդիկ չգիտեն դրա օգտագործման ձևը: Պահպանակը պետք է հագցնել էրեկցիայի վիճակում գտնվող առնանդամի վրա` մինչև սեռական հարաքբերությունը: Շատ պահպանակների ծայրում փոքրիկ պարկ կա, որտեղ սերմնաժայթքման ժամանակ հավաքվում է սերմը: Պահպանակը հագցնելուց առաջ այդ փոքրիկ պարկը պետք է սեղմել այնպես, որ հագցնելուց հետո նրա մեջ օդ չմնա: Հակառակ դեպքում` սեռական հարաբերության ժամանակ պահպանակը կարող է պատռվել:

Պահպանակ պետք է օգտագործել առաջին հերթին սեռավարակներով վարակվելուց զերծ մնալու համար, երբ հակաբեղմնավորիչ մյուս միջոցներն օգտագործելն անհնար է կամ անցանկալի: Օգտագործելուց առաջ անհրաժեշ է փաթեթի վրա ստուգել պիտանելիության ժամկետը: Նույն պահպանակը չի կարելի երկրորդ անգամ օգտագործել: Որակյալ պհապանակները պատված են հատուկ քսուքով, իսկ եթե հատուկ քսուքը քիչ է, հարկավոր է օգտագործել ջրային հիմքով լուբրիգել:

Վերջին տարիներին մի շարք երկրներում կիրառվում են կանանց պահպանակներ , որոնք հարմար են նրանով, որ տղամարդու` պահպանակ օգտագործելուց այս կամ այն պատճառով հրաժարվելու դեպքում, կինն ինքն է պաշտպանվում այդ միջոցով:

Կանացի խփիկները, որոնք կիրառությամբ մոտ են պահպանակներին, լինում են երկու տեսակի` վզիկային և հեշտոցային:

Վզիկային խփիկները բժիշկն ընտրում է արգանդի վզիկի չափով: Նրանք պատրաստվում են ռետինից, պլաստմասից, բայց ավելի հաճախ ալյումինից: Այն հագցնում է կանանց կոնսուլտացիայի բժիշկը` դաշտանի ավրտից 2-3 օր անց և հանում է նոր դաշտանի սկսվելուց 2-3 օր առաջ: Հեշտոցային խփիկները (դիաֆրագմա) պատրաստվում են ամուր ռետինից, չափերն ընտրում է բժիշկը և սովորեցնում կնոջը` ճիշտ օգտագործել դրանք: Դիաֆրագման շատ խորը մտցվում է հեշտոցի մեջ և պատնեշ հանդիսանում դեպի հեշտոցի վերին հատված սերմի մուտք գործելուն: Դիաֆրագման հագցնում է կինը սեռական հարաբերությունից անմիձջապես առաջ` նախապես պատելով այն սպերմիցիդ քսուքով, որն ունի սերմատոզոիդները ոչնչացնելու հատկություն: Այն հեշտոցում մնում է մինչև 10 ժամ: Այս միջոցն արգելվում է հեշտոցի և արգանդի բորբոքային հիվանդությունների դեպքում: Ուստի դրա նպատակահարմարությունը որոշում է բժիշկը: Վերջին տարիներին արգանդի վզիկային և հեշտոցային խփիկները մի շարք թերությունների պատճառով համարյա չն օգտագործվում: Դրանց փոխարինում են ներարգանդային պարույրները:

Ներարգանդային պարույրներ օգտագործելու գաղափարը վաղուց է հայտնի: Սկզբում դրանք պատրաստվում էին մետաղներից, ոսկորներից, ռետինից և այլն: Հիմա պարույնրեը պատրաստվում են նորագույն սինթետիկ նյութերից: Տարբեր ձևերի (պարույր, ձուղակ, գալար) ներարգանդային պարույները տեղադրում է գինեկոլոգը` կնոջը մանրամասն զննելուց հետո: Դրանց օգտագործումը հակացուցված է սեռական օրգանների բորբոքային հիվանդությունների դեպքում: Սակայն դրանց առավելությունը հակաբեղմնավորիչ մյուս միջոցների համեմատությամբ անվիճելի է` դա բարձր արդյունավետությունն է (96-98%), տեղադրման հարմաությունը, ազդեցության երկարատևությունը, երբեմն մի քանի տարի (անցանկալի հետևանքների գրեթե բացակայությունը):
Ներարգանդային պարույրի հակաբեղմնավորիչ ազդեցությունը բացատրվում է նրանով, որ այն 5-7 անգամ արագացնում է ձվաբջջի անցումը արգանդափողերով: Ձվաբջիջը արգանդի խոռոչ է հասնում ոչ թե սովորականի պես` 5-7 օր անց, այլ ձվազատումից մեկ կամ երկու օր հետո: Այդ կարճ ժամանակահատվածում, եթե անգամ բեղմանվորում կատարվի, ձվաբիջը չի հասցնում այն աստիճան զարգանալ, որ կարողանա թափանցել արգանդի լորձաթաղանթի մեջ: Ծննդաբերած կնոջ արգանդի մեջ պարույրներ ներածելը ցավոտ չէ: Մասնագետները միաժամանակ նշում են, որ երիտասարդ և չծննդաբերած կանաց նպատակահարմար չէ պարույրներ կիրառել:

Նյութի էլեկտրոնային սկզբնաղբյուր` Doctors.am
Doctors.am ՍԵՌԱԿԱՆ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՃԱԽԱԿԻ ՏՐՎՈՂ ՀԱՐՑԵՐ