«ԻՆՏԵԳՐՈԹԵՐԱՊԻԱ» նորագույն, կոնսերվատիվ մոտեցմամբ բժշկական ուղվածությունն իր մեջ ամփոփում է հիմնադիր բժշկության՝ Արևելյան ավանդական և Արևմտաեվրոպական (ակադեմիական) բժշկության բուժական և ախտորոշման լավագույն մեթոդների ու փիլիսոփայությունների զուգակցումն ըստ առաջնային ներգործության ընտրության՝ հիմքում ունենալով բազմամյա տարիների աշխատանքային փորձը, բազմաթիվ հիվանդների լաբորատոր, գործիքային հետազոտությունների տվյալններն ու գրանցված բուժական արդյունքները: 

Ինտեգրոթերապիա բուժական ուղվածությունը հիմնված է մարդու ներքին միջավայրի էներգետիկ, ֆունկցիոնալ, օրգանական մակարդակների նորման և շեղումները բնութագրող բիոռեզոնանսի վերլուծության վրա, ինչն իր հերթին ընկած է ինչպես հնագույն արևելյան ավանդական բժշկության (մոտ 2500 տարի), այնպես էլ գերժամանակակից քվանտային ֆիզիկա, քվանտային կենսաբանություն (ներառյալ բոլոր ճյուղերը) գիտական ուղղությունների հիմքում։ 

Մարդու օրգանիզմն օրվա ցանկացած պահի ենթարկվում է արտաքին (ցուրտ, խոնավություն, ճառագայթում, մագնիսական դաշտ…) և ներքին (էմոցիա, հույզեր, մտքերի «տառապանք», նյութափոխանակային խախտումներ․․․) բազմաթիվ գործոնների ազդեցությանը, ու երբ խախտվում է էներգիայի ներդաշնակ փոխանակությունն արտաքին և մարդու ներքին միջավայրերի միջև՝ առաջանում են ֆունկցիոնալ մակարդակի շեղումներ, որոնք ժամանակի ընթացքում խորանալով հանգեցնում են տարատեսակ հիվանդությունների ձևավորմանը։ 

Դեռևս 1990–ական թվականների սկզբին ցույց է տրվել, իսկ ավելի ուշ  հաստատվել, որ կենդանի օրգանիզմների կենսահամակարգերում տարբեր բջիջների միջև, առանձին բջջի ներբջջային մակարդակում և արտաքին միջավայրի միջև անընդհատ տեղի է ունենում ինֆորմացիայի փոխանակում [Popp F.A., et al., 1994, Roeland Van Wijk, et al․, 2005]։ Նշված փոխհարաբերությունների բացատրությամբ զբաղվում է քվանտային կենսաքիմիա գիտությունը, որը կապ է հաստատում կենսամոլեկուլների կառուցվածքային, ֆունկցիոնալ առանձնահատկությունների և քվանտային ֆիզիկայի ֆունդամենտալ օրենքների միջև՝ բացատրելով այն ֆենոմենը, որ ցանկացած կենսաքիմիական պրոցես դա բջջի էլեկտրամագնիսական ակտիվության դրսևորումն է։ 

Նշյալ կենսական պրոցեսներում կարևոր դեր են կատարում բիոֆոտոնները (առանց զանգվածի լուսային մասնիկներ), որոնց կողմից անընդհատ ճառագայթվող էներգետիկ պտտահողմերից ձևավորված էլեկտրամագնիսական դաշտերի հարմոնիկ տարածումից ձևավորված ռեզոնանսը [Жужа М. М, 2015г] հանդիսանում է տրանսպորտային մեխանիզմ ինչպես բջջի ներսում, այնպես էլ հարևան բջիջների և արտաքին միջավայրի միջև՝ ապահովելով ինֆորմացիայի (ջերմային և լուսային էներգիայի) փոխանակությունը կենսահամակարգերում [Cohen S., Popp F.A., 2003]։ Այս երևույթի ամենաիրական օրինակներից են մարդկանց և կենդանիների տեսողության ֆենոմենը [Камкин А.Г., 2004], մարդու մաշկը [Edwards R., et.al 1990], բուսական աշխարհում ֆոտոսինթեզի երևույթը [http://www2.lbl.gov/Science-Articles/Archive/PBD-quantum-secrets.html] և այլն: 

Իր հերթին Արևելյան ավանդական բժշկությունն ասեղնաբուժությամբ դիտարկում և վերլուծում է մարդուն, որպես մեկ ամբողջականություն, որում գործում են տիեզերքում գործող բոլոր օրենքները. «մարդը միկրոկոսմոս է մակրոկոսմոսում» [Maciocha G., 2015], ընդ որում, ասեղնաբուժությունն իր մերիդիանային համակարգով [Bruno Ch., et al., 2017] և այդ մերիդիանների վրա գտնվող բիոլոգիական ակտիվ կետերից (ԲԱԿ) ստացված բիոֆոտոնային էմիսիայի [Roeland V.W., et.al 2005] արդյունքում ձևավորված բիոռեզոնանսի վերլուծությամբ, այսօր լայնորեն կիրառվում է նաև արևմտյան երկրներում, հատկապես Հյուսիսային Ամերիկայում, Ավստրալիայում և Եվրոպայում, ինչի մասին վկայում են 2018 թվականի հունիս ամսին Pub.Med.gov կայքում հրապարակված ասեղնաբուժության բուժական և կլինիկական պրակտիկ ընթացակարգերի վերաբերյալ ընդհանրական (1991-2017թթ.) գրականական (բիբլիոմետրիկ) անալիզը [Birch S., et al. 2018]։

Ըստ արևելքի․ «պուլսը հանդիսանում է էներգիայի և ինֆորմացիայի ռիթմիկ շարժ», հետևապես պրակտիկ ասեղնաբույժը պուլսից ստացած ռեզոնանսի վերլուծությամբ կողմնորոշվում է խնդրի տեղակայման հարցում ըստ օրգան համակարգի, ընտրում է բուժման սկզբունքն և ներգործության մեթոդը, ինչի արդյունքում հետագա լաբորատոր և գործիքային ախտորոշումները լինում են խիստ ուղղորդված՝ ազատելով այցելուին հավելյալ սթրեսից և ավելորդ ծախսերից:

Ինտեգրոթերապիան, կիրառելով վերը նկարագրված գերժամանակակից և ավանդական գիտությունները, ակադեմիական բժշկության լաբորատոր, գործիքային և ասեղնաբուժության կետային, պուլսային ախտորոշումների համակցությամբ վերլուծում է օրգան-համակարգերի միջև գործող էներգետիկ կապերի տեսակները, կատարում էներգոինֆորմացիոն վիճակի վերլուծություն՝ առավելագույնս մոտենալով խնդրի առաջացման պատճառին, իսկ մեթոդական և ճանաչողական վերլուծությամբ՝ հասնում կենտրոնական նյարդային համակարգի ֆունկցիոնալ գործողության կարգավորմանը: 

Մեթոդը հնարավորություն է տալիս բժշկին գտնել արտաքին միջավայրի կապը հետազոտվողի ներքին օրգանների հետ, այդ թվում նյարդաէնդոկրին համակարգի կապը ռեֆլեկտոր խնդիրների հետ՝ բնութագրելով առանձին օրգան համակարգերին, ամբողջական օրգանիզմը, անհատի ֆիզիկական և հոգեկան կոնստիտուցիաները, իսկ բժշկագիտության առավելագույն փիլիսոփայությունը կիրառելով բուժական պրոցեդուրաներում դարձնում է այն մատերիա, որով էլ մարդը դիտվում է մեկ ամբողջականության մեջ և բացատրվում է կարևոր կանոններից մեկը. «բուժել հիվանդին, ոչ թե հիվանդությունը»։ 

Ինտեգրոթերապևտիկ բուժման կարևոր առանձնահատկություններից է այն, որ հնարավորություն է տալիս ստանալ դրական բուժական արդյունք առանց հավելյալ հորմոնալ, հոգեմետ, այլ տեսակի կախվածություն և կողմնակի բացասական ազդեցություն թողնող բուժամիջոցների, միաժամանակ օգտագործելով տվյալ օրգանիզմի անհատական թեստավորմամբ ընտրված անհրաժեշտ բուժամիջոցը։

Ինտեգրոթերապիա մեթոդի գլխավոր առանձնահատկություններից է նաև այն, որ հնարավորություն է տալիս ախտորոշել օրգան–համակարգերում առաջացած ֆունկցիոնալ մակարդակի շեղումները մինչև պաթոլոգիաների առաջացումը՝ դառնալով նաև յուրօրինակ կանխարգելիչ մեթոդ։

Էական տարբերակիչ հատկանիշն է ոչ միայն ախտորոշման և բուժման բոլորովին այլ մոտեցումը՝ պայմանավորված բուժող բժշկի տեսական իմացություններով, գործնական հմտություններով և ներքին հավասարակշվածությամբ, այլև Ռայմոնդ Ֆոլի և աշակերտների կողմից մարդու օրգանիզմի էներգոինֆորմացիոն համակարգի և դրա ներկայացուցչական կետերի վերաբերյալ տեսական, գործնական գիտելիքները, ինչպես նաև բուլղարացի ժողովրդական բուժարար Իվան Յոտովի կողմից ներկայացված սֆերիկ (մաթեմատիկական) ճոճանակը, որի պարամետրերը համապատասխանում են առողջ մարդու բիոֆիզիկական պարամետրերին։ Մաթեմատիկական ճոճանակը բոլորովին նոր նշանակությամբ բժշկական ախտորոշման մեջ առաջին անգամ Հայաստանում ներդրվել է Էլեոնորա Մինասյանի հեղինակությամբ (ում ուսանել եմ նաև ես)՝ հնարավոր դարձնելով ախտորոշումն իրականացնել ցանկացած (ստացիոնար, ամբուլատոր, տնային...), այդ թվում էքստրեմալ պայմաններում (դաշտային...):

Այսպիսով, առաջարկվող մեթոդը նշյալ համակցությամբ և վերլուծությամբ ստանում է  օրգանիզմի առողջական վիճակի ամբողջական պատկերը, պարզում առողջ օրգանիզմի կենսական շղթայի թույլ օղակներն և օրգանիզմի նախատրամադրվածությունն այս կամ այն հիվանդության հանդեպ՝ գիտականորեն և գործնականորեն ապացուցելով վերոնշյալ երկու բժշկական ուղղությունների փոխլրացումն ու փոխկախվածությունը, ինչն էլ իր հերթին ապահովում է ինտեգրոթերապիա ուղղության ամուր հիմքը։

Հետևապես, ինտեգրոթերապիայի ներդրումն ընդհանուր բժշկագիտության և հատկապես ընտանեկան բժշկության մեջ, հնարավորություն կտա առավել վաղ ժամանակահատվածում և տարիքում հայտնաբերել առկա ֆունկցիոնալ խախտումները, խուսափել հետագա բարդություններից՝ արդյունքում ունենալով առավել կայուն ու հզոր առողջապահական համակարգ, առողջ ընտանիքներ, առողջ հասարակություն և հետևաբար ամուր պետություն։ 


Հոդվածի հեղինակ՝ Օնիկ Սարգսյան